Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու նրանց հույսն ես․․․» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք այն ճշմարտությանը, որ մյուսներին Տիրոջից ստացած խաղաղությունը փոխանցելու համար կարևոր է, որ մենք ինքներս ազատված լինենք հոգևոր կուրության կապանքից։ Հաղթանակը, որը խաղաղություն է բերում մարդու կյանքի մեջ, խավարի և հոգևոր կուրության կապանքից ազատագրվելու հաղթանակն է։ Նաև քննեցինք, որ եթե մարդն իր ողջ էությամբ հավատում է Տեր Հիսուսի ուսուցումներին, որոնք տեղ են գտել Աստվածաշնչի մեջ, և եթե մեծագույն փափագով ձգտում է հնազանդվել դրանց, ապա նրա կյանքում առկա է ստության կապանքից ազատագրման հոգևոր հաղթանակը։
Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս մեկ հոգևոր հաղթանակի ենք անդրադառնալու, որը մեծ կարևորություն ունի մարդու կյանքում Տեր Հիսուսի պարգևած խաղաղությունն ընդունելու համար։ Դա վախի կապանքից ազատագրվելու հոգևոր հաղթանակն է։
Բազմաթիվ մարդիկ կան մեր շրջապատում, որոնք ապրում են վախի ու տագնապների մեջ։ Այո՛, նրանք իրապես մեր կարիքն ունեն։ Աստված չի՛ կամենում, որ Իր թանկ ու սիրելի զավակներից որևէ մեկն ապրի առանց Իր պարգևած խաղաղության, առավել ևս՝ վախի ու տագնապների մեջ։ Տերը սիրում է բոլորին և կամենում է Իր խաղաղությամբ լցնել յուրաքանչյուր մարդու սիրտ։
«Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք» (Մատթեոս 10․28-31):
Հավատքը վախի հականիշն է։ Որտեղ կա հավատք Աստծու Խոսքի և խոստումների հանդեպ, այնտեղ չեն կարող գործել անառողջ վախն ու տագնապային դրսևորումները։ Եթե մենք հավատում ենք Տեր Հիսուսի խոսքերին և վստահ ենք, որ մեր ապրած կյանքը հաստատում է մեր՝ Նրա աշակերտը լինելու փաստը, ապա չենք կարող կասկածի տակ դնել Նրա վստահեցումը, որ ամեն բան մեր կյանքերում կատարվում և կատարվելու է ըստ մեր երկնային Հոր գիտության։
«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ Արքայությունը» (Ղուկաս 12․32):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, հավատքը վախի հականիշն է։ Այն բացում է մեր հոգևոր աչքերը, և մենք տեսնում ենք մեր հանդեպ Տեր Աստծու պաշտպանությունը, հոգատարությունն ու սերը։ Հավատքն է մեր հոգևոր հաղթանակների գրավականը։
«Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է» (Ա Հովհաննես 5․3-5):
Վախի կապանքից ազատագրման հաղթանակը վայելելու համար կարևոր է հասկանալ մեղքի դեմ պատերազմի էությունը։ Մեղքն արդարացնելը, այն թաքցնելը կամ, որ ամենավատն է՝ սիրելը, գողանում են մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Չկա հավա՞տք՝ չկա՛ հաղթանակ։ Չկա հաղթանա՞կ՝ չկա՛ խաղաղություն։ Վախն ու տագնապը թագավորում են այն մարդկանց կյանքում, որոնք Տեր Աստծու պատվիրանները ծանր ու անհնարին են որակում։
Իսկ որտեղ կա մեղքի դեմ պատերազմ, այնտեղ կա հավատքի հաղթանակ։ Որտեղ կա Տեր Աստծու պատվիրանների հանդեպ ակնածանք և Նրա կամքի հանդեպ հնազանդություն, այնտեղ կա սեր Աստծու հանդեպ և հոգևոր հաղթանակների ցնծություն։
«Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել» (Բ Պետրոս 2․9):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը