Աստված խոստացել է, որ հոգ է տանելու մեր մասին՝ ամբողջական ու կատարյալ կերպով։ Սա Նրա բաժինն է։ Սակայն, որպեսզի այս խոստումն իրականություն դառնա մեր կյանքերում, մենք էլ մեր հերթին պետք է հավատարիմ լինենք մեր բաժնի մեջ՝ իրապես ու անկեղծորեն բավարարենք Նրա անխախտ խոստման պայմանին՝ սիրենք Աստծուն։
Սիրելի՛ բարեկամ, անշուշտ, Իր անսահման մեծ սիրո մեջ Աստված չի դադարում լինել բարի նաև այն մարդկանց հանդեպ, որոնք Իրեն չեն սիրում։ Սակայն, երբ մարդիկ սիրում են Աստծուն, նրանք մուտք են գործում Աստծու խոստումների վրա հիմնված առանձնահատուկ հարաբերության մեջ, որտեղ Աստված Հայր է՝ սիրող և Իր հավատարիմ ու հնազանդ զավակներին հատուկ վերաբերմունքի արժանացնող։
Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։
«Ովքեր սիրում են Աստծուն․․․»
Աստծուն իրական ու անկեղծ սիրով սիրելը (այլ ոչ թե կիսատ, ըստ տրամադրության կամ երբ Նրա օգնության կարիքն ես զգում) մեծագույն պատվիրանն է, որի մասին ուսուցանում էր Տեր Հիսուսը։ Բայց արդյոք մեր սերն Աստծու հանդեպ մնո՞ւմ է նույնը, երբ մեր կյանք են այցելում անբարենպաստ քամիներն ու տառապանքի փոթորիկները։ Արդյոք նման ժամանակներում Աստծուն սիրելը դժվարին ու երբեմն նաև անհնարին չի՞ թվում ոմանց։
Ե՛կ միասին հասկանանք, թե իրականում ի՛նչ է նշանակում սիրել Աստծուն մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ողջ զորությամբ։
- Աստծուն սիրել ամբողջ սրտով նշանակում է Նրան սիրել ազնվությամբ, ինչպես սիրում ես քո ամենասիրելի մարդկանց։ Անգամ երբ մենք չենք հասկանում մեր սիրելիների արարքներն ու որոշումները, մենք չենք դադարում նրանց սիրելուց։ Երբեմն մենք նաև չենք հասկանում Աստծու ուղիները և թե ինչո՞ւ է Նա թույլ տալիս որոշ բաներ մեր կյանքում։ Սակայն իրական սերն ասում է՝ այո՛, ես կհետևեմ Քեզ և կվստահեմ Քեզ իմ կյանքի ցանկացած իրավիճակում։ Անգամ երբ մենք հուսահատ ենք, կործանման եզրին ենք, կամ մեզ թվում է, թե մոտեցել ենք մեր երկրային այս կյանքի եզրագծին, մենք կարող ենք շարունակել Նրան սիրել մեր ամբողջ սրտով այնպես, ինչպես նկարագրված է Երգ Երգոց գրքի 6․3 խոսքում․ «Ես իմ սիրեկանինն եմ, և իմն է իմ սիրեկանը, որ սնվում է շուշանների մեջ»։
- Աստծուն ամբողջ հոգով սիրել նշանակում է սիրել Նրան՝ փափագելով լինել Նրա ներկայության մեջ, լինել Նրան շատ մոտ և հնարավորինս մտերիմ հարաբերության մեջ։ Աստված միակն է, Ով կարող է ամբողջությամբ բավարարել մեր հոգու ծարավը․ «Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ Նրա առջև» (Սաղմոս 42․2)։
- Սիրել Աստծուն քո ամբողջ մտքով նշանակում է սիրել Նրան՝ ուղղելով դեպի Նա և Նրա վրա կենտրոնացնելով մեր մտքերը։ Երբ մեր երևակայությունը լցված է ամեն տեսակի մեղավոր և բացասական մտքերով, Աստված մեզ հատուկ զորություն է տալիս, որպեսզի մեր մտքերն ուղղենք դեպի Իրեն և Իր բարությունը․ «․․․իմ անկողնում հիշում եմ Քեզ, գիշերվա պահերին մտածում եմ Քո մասին» (Սաղմոս 63․6):
- Աստծուն սիրել քո ողջ զորությամբ նշանակում է սիրել Նրան անկոտրում և աննահանջ կերպով։ Երբ հոգնածությունը ներխուժում է մեր առօրյա կյանք, երբ կյանքի իրավիճակները փորձում են մեզ հիասթափեցնել կամ գայթակղել և հեռացնել մեզ Աստծու սիրուց, այդ ժամանակ Աստված գալիս է և հիշեցնում մեզ, որ միայն Ինքն է այս տիեզերքում, որ մեզ սիրում է անսահման մեծ ու զոհաբեր սիրով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված հոգ կտանի քո կյանքի ամեն մի ոլորտի համար, եթե միայն սիրես Նրան ամբողջությամբ և գործերով հաստատված անկեղծ սիրով։ «Այդ դեպքում դու չես ծուլանա, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին կնմանվես» (Եբրայեցիս 6․12)։
Աստված գիտի քո բոլոր տկարությունները, թույլ կողմերն ու անկումները։ Նա գիտի քո գաղտնի կյանքը, որը քեզնից բացի ոչ ոք չգիտի։ Եվ այդ ամենով հանդերձ, Նրան միայն մեկ բան է հետաքրքրում՝ արդյոք սիրո՞ւմ ես Նրան և արդյոք փափագ ունե՞ս դառնալու․․․ հենց Նրա՛ օգնությամբ դառնալու այն մարդը, որը Նա՛ է ուզում տեսնել քո մեջ։ Արդյոք փափագո՞ւմ ես Նրան մոտ լինել։ Արդյոք սիրո՞ւմ ես Աստծուն․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը