Պատրաստվիր դե՛ն նետելու քո հնամաշ հանդերձները
Սիրելի՛ Ընկեր, երբևէ փոխե՞լ ես բնակության վայրդ։ Միայն տեղափոխման ժամանակ ես պատկերացում կազմում, թե որքա՜ն շատ ու անօգուտ իրեր ես կուտակել… և թե որքա՜ն շատ տեղ են դրանք զբաղեցնում։ Նման դեպքերում մարդը որոշում է աչքի անցկացնել իրերը և ազատվել ոչ կարևոր կամ հնամաշ առարկաներից։ Դրանք մենք նվիրում ենք մյուսներին կամ դեն նետում, ինչպես օրինակ փոքրացած կամ հնաոճ դարձած հագուստները։
Իսկ եթե նույն իրավիճակը ճշմարիտ է նաև քո հոգևոր կյանքում․․․ Ի՞նչ ես կարծում՝ ինչ կլինի, եթե դեն նետես քո հին հանդերձները և նորերը ստանաս քո երկնային Հորից։ Ահա մի հրաշալի հատված Աստվածաշնչից․
«Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է Իր փառավորության համար» (Եսայիա 61.3):
Աստված կամենում է Իր ցնծության յուղով օծել քեզ և հագցնել քեզ գովաբանության պատմուճանը։ Բայց Նա երբե՛ք այդ նոր հանդերձը չի հագցնի քեզ, եթե նախ քո վրայից չհանես հինը։ Իսկ որո՞նք են դրանք։ Քո «հին հանադերձները» կարող են լինել…
-
Վատ սովորությունները,
-
Տրտունջն ու դժգոհությունը,
-
Հպարտությունն ու մարդկանց կառավարելու կամ իշխելու ցանկությունը,
-
Վախը կամ ինքնադատապարտությունը,
-
Մեղքը, որը սիրում ես, թաքցնում կամ արդարացնում։
-
Եվ այլն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր ճիշտ օրն է, որ քո վրայից հանես այդ բոլոր հին հանդերձները, որոնք աղտոտված են և միայն անհարմարություն ու անհանգստություն են բերում քո կյանք։ Առաջարկում եմ թողնել դրանք Տեր Հիսուսի խաչի մոտ և այլևս երբեք չհագնել ու չաղտոտվել դրանցով։
Քո անցյալը չի կարող որոշել քո ներկան և ապագան՝ ո՛չ քո սոցիալական դիրքն ու հասարակության մեջ ունեցածդ կարգավիճակը, ո՛չ քո ընտանեկան դրությունն ու մարդկանց հետ հարաբերություններում ստացած վերքերդ, ո՛չ էլ քո վախերն ու սեփական անձիդ հանդեպ անվստահությունը․․․ Աստված է որոշում քո իրական արժեքը։ Նա հավատարիմ է։ Նա սիրում է քեզ։ Նա քեզ նոր հանդերձներ կտա և կօգնի քեզ Իր հետ նորոգված կյանք ապրելու հարցում։
Սակայն կա մի կարևոր պայման՝ մե՛նք պետք է որոշում կայացնենք մեր վրայից հին հանդերձները հանելու և նորը հագնելու առումով։ Աստված առաջարկում է, բայց որոշողը մենք ենք։ «․․․հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր Արարչի պատկերի» (Կողոսացիս 3․9-10):
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տե՛ր, ես իմ հին հանդերձները բերում եմ և թողնում Քո ոտքերի տակ։ Իմ վատ սովորությունները, որոնք չեմ կարողանում հաղթահարել, իմ մեղքերը, որի ծառան եմ եղել այսքա՜ն երկար ժամանակ, իմ վախերն ու սխալ պատկերացումները Քո մասին և Քո Խոսքի վերաբերյալ… Ես ամեն բան Քեզ եմ հանձնում։ Շնորհակալ եմ Տեր Հիսուսի խաչի զոհաբերության համար, որի շնորհիվ ես նոր կյանք ունեմ։ Շնորհակալ եմ, Քո ներողամտության համար, Քո տված խաղաղության և Քո շնորհքի համար, որը հենց այս պահին ընդունում եմ հավատքով։ Օգնի՛ր ինձ, Տեր, գտնելու Քո ճշմարիտ Խոսքը ուսուցանող եկեղեցի և աստվածավախ հոգևոր առաջնորդ, որպեսզի կարողանամ աճել իմ հավատքի կյանքում և մաքուր պահել այն նոր ու սքանչելի արդարության հանդերձները, որ այսօր հագցնում ես ինձ։ Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմած Տե՛ր։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
