August-17

Գլխավոր | Հրաշքներ | Պատրա՞ստ ես արդյոք «հավատքի մրցավազքին»

Պատրա՞ստ ես արդյոք «հավատքի մրցավազքին»

Սիրելի՛ բարեկամ, այսօր խոսելու ենք սպորտի մասին… և սպորտի հետ համեմատության մեջ նաև այն փորձությունների մասին, որոնց բախվում ենք մեր հավատքի մրցավազքի ընթացքում:

Հաճախ, նախքան մենք կարող ենք ասել.«Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքը պահեցի» (Բ Տիմոթեոս 4.7) խոսքերը, մենք պետք է ամենայն անկեղծությամբ կարողանանք ասել․ «Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի։ Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլիպպեցիս 3.12-14

Շատ դեպքերում, նախքան հաղթողի պարգևատրմանը արժանանալը, նախ պետք է արյուն թափելու չափ պայքարել այդ հաղթանակի համար։ Այստեղ շատ տեղին է սպորտի և մեր հավատքի ընթացքի միջև զուգահեռներ անցկացնելը։ Պողոս առաքյալը նույնիսկ օգտագործում է սպորտի հետ համեմատության նկարագրությունները, որպեսզի ցույց տա քրիստոնեական կյանքի ամբողջական ընթացքը։

Երբ որոշում ես քո հավատքին գործնական կիրառություն տալ, այսինքն հնազանդվել այն խոսքին, որին հավատում ես, հակազդեցությունն անխուսափելի է և սկսվում է մի իրական պայքար անտեսանելի թշնամու դեմ։ Այդ թշնամին, թեև անտեսանելի է, սակայն, միևնույն ժամանակ, նաև շատ իրական է։ Նա գործում է անհավատության, գայթակղությունների, հիվանդությունների, սրտի և մտքի տարբեր վիճակների միջոցով։ Դրանց հաղթահարելը իրական դպրոց է Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտի համար։ 

Ոմանք հավատքի կյանքը ներկայացնում են որպես առանց փորձությունների բարգավաճ մի ընթացք։ Իսկ Տեր Հիսուսի ներկայացրած հավատքի կյանքը նեղ ճանապարհն էր, որը լի է պայքարներով, հակամարտություններով և Տիրոջ շնորհիվ գրանցած բազում հաղթանակներով։ 

Չեմպիոնը չեմպիոն չի դառնում (թե՛ հավատքի և թե՛ սպորտի մեջ)՝ բազմոցին թիկն տված հեռուստացույցի ալիքները փոխելով կամ հեռախոսի միջոցով սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելով: Չեմպիոնն ամեն օր մարզվում է, տանջում իրեն՝ ջանքի մեջ չթուլանալով, որպեսզի գերազանցի իր իսկ նախորդ նվաճումները և առաջ ընթանա իր հաղթանակների մեջ…, որպեսզի ավարտի իր մրցավազքը և նվաճի հաղթողի համար նախատեսված մրցանակը: 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ վախեցիր փորձություններից։ Մի՛ վախեցիր հավատքի բարի պատերազմը պատերազմելուց։ Մի՛ վախեցիր դժվարություններից, փորձություններից և անգամ պարտություններից։ Տեր Հիսուսը քեզ հետ է և Նրա Հոգին քո մեջ է բնակվում։ Նա ուսուցանում է քեզ։ Նա կրթում է քեզ։ Նա մարզում է քեզ և պատրաստում նորանոր հաղթանակների։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տեր Հիսո՛ւս, ես այսօր որոշում եմ կայացնում գործնական կիրառություն տալ Քո Խոսքի հանդեպ իմ ունեցած հավատքին։ Ես գիտեմ, որ իմ աճն ու հասունությունը հոգևոր կյանքում գալիս են իմ կյանք այցելած փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու արդյունքում։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որ երբե՛ք չվախենամ դրանց դեմ առ դեմ առերեսվելուց։ Սովորեցրո՛ւ ինձ պատերազմել իմ բարի պատերազմը և հաղթել սովորել, ինչպես Դու ես հաղթող և հաղթանակած։ Շնորհակալ եմ ինձ զորացնելու և իմ ողջ կյանքի ընթացքում ինձ հետ և իմ կողքին լինելու համար: Աղոթում ու խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: