April-19

Գլխավոր | Հրաշքներ | Չկորցնե՛ս աստվածային կայծը

Չկորցնե՛ս աստվածային կայծը

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչն ասում է, որ մենք բոլորս արարված ենք Տեր Աստծու պատկերով և նմանությամբ․ «Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1․27)։

Այս հրաշալի ճշմարտությունն ասում է, որ մենք բոլորս մեր ներսում ունենք աստվածային մի մասնիկ՝ մի կայծ, որն ասես խոսում է Իր ստեղծագործության ներսում Տեր Աստծու թողած ստորագրության մասին։

1995 թվականին Յունեսկոյի մի գիտաժողովի ժամանակ ինչ-որ մեկն ասել է. «Առանց մարդկանց միջև գոյություն ունեցող տարբերությունների՝ մարդու ինքնությունը պարզապես կանհետանար։ Յուրաքանչյուր մարդու մեջ աստվածային այդ կայծն է, որ պետք է լավագույնս պահպանվի»։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք չկորցնես քո մեջ դրված աստվածային այդ մասնիկը։ Որքան մենք հնազանդվում ենք Աստծու կամքին, այնքան ավելի ու ավելի հստակ է այս մասնիկը դրսևորվում։ Կայծը կրակ է դառնում ու լուսավորում մարդկանց։ Որքան հեռանում ենք Տեր Աստծու կամքից և ապրում մեր սեփական պատկերացումներով, այլ ոչ թե՝ մեզ արարած Աստծու տված պատվիրաններով, այնքան ճնշում ենք այդ լույսը և խամրեցնում մեր մեջ դրսևորվող Տեր Աստծո պատկերն ու նմանությունը։ 

Աստվածային հենց այդ կայծն է պատճառը, որ մարդիկ քեզ հետ իրենց լավ են զգում, քո ներկայության մեջ հարմարավետություն ու երջանկություն են ապրում։ Դա քեզնից չէ, այլ քո Արարչի նմանության դրսևորումն է, որ քեզ հետ շփվելիս մարդկանց մոտ ապահովության զգացում է առաջացնում։ Դա հենց այն է, ինչը դրական իմաստով փոխում է աշխարհը։ Դա այն է, ինչը քո շրջապատի մարդկանց մեջ վերակենդանացնում է Աստծո ստեղծած պատկերն ու նմանությունը։ 

Քո ներսի աստվածային կայծը քեզ դարձնում է առանձնահատուկ։ Ոչ ոք քո փոխարեն չի կարող անել այն, ինչ դու ես անում կամ պետք է անես։ Տեր Աստծու ձեռքերի մեջ դու զորավոր գործեր կարող ես անել և կարող ես մեծ օրհնություն դառնալ քո շրջապատի մարդկանց համար՝ քո ընտանիքի, եկեղեցու և անգամ՝ քո երկրի համար։ 

Այո՛, այս պատճառով է, որ աշխարհի մարդիկ ունեն քո կարիքը հենց այն վայրում, որտեղ հիմա գտնվում ես։ Դու պատահաբար չես դրված այն երկրում և այն միջավայրում, որտեղ կաս այսօր։ Քո շրջապատը կարիք ունի տեսնելու քո մեջ առկայծող աստվածային այդ կայծը։

Դու գեղեցիկ ես, երբ թույլ ես տալիս, որ մարդիկ տեսնեն քո մեջ Տեր Աստծու դրած պատկերը։ Դու լուսավոր ես, երբ քո մեջ առկայծում է այդ կայծից բխած լուսավոր ճրագը։ Դու աշխարհի լույսն ես, եթե որոշել ես ապրել Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: