June-18

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞ւմ ես ընտրելու

Ո՞ւմ ես ընտրելու


Սիրելի՛ բարեկամ, ընտրությունների ժամանակ մեր երկրում ամենաշատ տրվող հարցը, ամենայն հավանականությամբ, այսօրվա ուղերձի վերնագիրն է։ Վստահ եմ, որ քեզ նույնպես տվել են այս հարցը, եթե երբևէ մասնակցել ես որևէ ընտրության։

Ո՞ւմ ընտրել։ Մարդիկ բանավիճում են, քննարկում, քննադատում, փորձում ապացուցել սեփական թեկնածուի վստահելի լինելը և մյուս թեկնածուների՝ ոչ այնքան վստահելի, իսկ երբեմն էլ՝ ակնհայտ կործանարար լինելը։ Յուրաքանչյուրը, ով կողմնորոշվել է, փորձում է իր թեկնածուի կողմը քաշել նաև իր զրուցակիցներին։ «Ո՞ւմ ընտրել» հարցում կողմնորոշվածներն իսկական որս են սկսում՝ ընտրության հարցում չկողմնորոշվածներին իրենց կողմը քաշելու և իրենց ընտրազանգվածի մեջ ներգրավելու համար։ Այսպիսին են դեմոկրատական համակարգի ընտրական տեխնոլոգիաները։

Ե՛կ տեսնենք, թե ինչ է ասում Տեր Հիսուսը այս աշխարհի որդիների մասին․ «․․․այս աշխարհի որդիները, իրենց նմանների հետ կապի մեջ լինելով, լույսի որդիներից ավելի հնարամիտ են» (Ղուկաս 16.8):

Այս աշխարհի որդիները լավագույնս տիրապետում են սեփական համոզմունքները քարոզելու արվեստին և սեփական թեկնածուի համար քվեարկողների բանակ հավաքագրելու տեխնոլոգիաներին։ Ինձ համար հետաքրքրական է ընտրական քարոզարշավն այն առումով, որ անկատար, շատ անգամ ձախողված և վատ անցյալի ու ներկայի համբավ ունեցող թեկնածուներին համակիրները ներկայացնում են գրեթե աստվածային մի լույսի ներքո։ Եվ ժողովուրդը ոչ թե նայում է ծառին ու այդ ծառի տված պտուղներին, այլ խոսքերին ու խոստումներին։ Ժողովուրդը հմայված է այս աշխարհի որդիների խոսելու, խոստում տալու և համոզելու ունակություններով։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ուզում եմ միասին այսօր խորհենք այս մասին՝ իսկ մենք՝ լույսի որդիներս, ինչո՞վ ենք զբաղված։ Եթե աշխարհի որդիները գովում ու գովաբանում են անկատար ու սխալական արարածներին և մարդկանց ներգրավում իրենց բանակի մեջ, ապա որքա՜ն առավել մենք կարող ենք մարդկանց առաջ գովել ու գովաբանել կատարյալ ու անսխալական Տիրոջը։ Կարող ենք խոսել Նրա արած գործերի մասին, Նրա սիրո, հոգատարության, Նրա բերած ապահովության ու սեփական կյանքի գնով մեզ համար պատրաստած հավիտենական կյանքի մասին։

Մենք՝ Քրիստոսի հետևորդներս, արդեն իսկ կատարել ենք մեր ընտրությունը, սակայն կան բազմաթիվ չկողմնորոշվածներ։ Մենք տարվա տասներկու ամիսներին պետք է քարոզարշավի մեջ լինենք։ Եվ քարոզարշավի հարցում կարո՛ղ ենք սովորել այս աշխարհի որդիներից՝ Աստծո մասին պատմելով փողոցներում տեղակայված ցուցանակների, համացանցում տեղադրվող գովազդների, բրոշյուրների ու թերթիկների, փողոցներում դրոշներով ու բարձրախոսներով քայլող ակտիվիստների միջոցով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ մենք չպետք է մոտենանք մարդկանց՝ ծանոթ ու անծանոթ, և հարցնենք, թե իրենք կողմնորոշվե՞լ են արդյոք, թե ում են ընտրելու՝ որպես իրենց կյանքի Տեր ու Փրկիչ։ Արդյոք նրանք գիտակցո՞ւմ են Տեր Հիսուս Քրիստոսին ընտրելու հավիտենական օրհնությունը։

Ես կատարել եմ իմ ընտրությունը։ Հավատում եմ, որ դու՝ նույնպես։ Բայց արդյոք ես և դու լսու՞մ ենք մեր Տիրոջ Մեծ Հանձնարարականը․ «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.19-20):

Ե՛կ իմաստություն սովորենք այս աշխարհի որդիներից․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: