Սիրելի՛ բարեկամ, ո՞վ չի ցանկանա լիովին մտնել իր կանչվածության մեջ, մաս կազմել այն առաքելության, որի համար Աստված կյանք է պարգևել իրեն, և կյանքի կոչել խաղաղության այն ծրագրերը, որոնք Աստված է պատրաստել նրա համար։ Սակայն այս հարցում յուրաքանչյուրիս կյանքում էլ կան խանգարող հանգամանքներ։ Մեզնից ոմանք ասես կապկպված լինեն «շղթաներով», որոնք կարող են դրսևորվել բացասական մտքերի, մեղքի գայթակության կամ վնասակար սովորությունների տեսքով։ Հե՛նց այս «շղթաներն» են, որ հետ են պահում մեզ Աստծո կամքի մեջ ապրելուց և Նրա սահմանած ազատության և ուրախության կյանքը վայելելուց։
Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը․ «Իր խելքին ապավինողն անմիտ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի» (Առակաց 28.26)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ուզո՞ւմ ես ազատվել այն ամենից, ինչը խանգարում է քեզ Քրիստոսի նվիրյալ աշակերտը դառնալու հարցում, հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու լիովին դառնալ այնպիսին, ինչպիսին Աստված է ուզում քեզ տեսնել: Ուզո՞ւմ ես արդյոք, որ քո ինքնությունը լինի Տեր Աստծո մեջ արմատավորված ու հիմնված Նրա կողմից ընդունելի ու սիրված զավակ լինելու փաստի վրա:
Այսօր ուզում եմ, որ հստակ գիտակցես, որ Աստված քեզ տալիս է Իր զորությունն ու Իր անվան իշխանությունը, որպեսզի կարողանաս դուրս հանել քո կյանքից այն ամենն, ինչը դեմ է Նրա կամքին, և հաղթահարել բոլոր այն խոչընդոտները, որոնք պատնեշ են Նրա հայրական սիրո ճանապարհին:
Գուցե քեզ համար դժվար է հավատալ ասվածին։ Գուցե չարը մտքեր է տալիս, որ անհնարին է ապրել Տեր Աստծո ակնկալած կյանքով․․․, որ դու բավականաչափ ուժեղ չես, կամ արժանի չես․․․, որ Աստված քեզ չի սիրում այնքան, որ օգնի քեզ կամ համբերի քո տկարություններին․․․ Մերժի՛ր այս և նմանատիպ բոլոր մտքերը։ Դրանք չարից են։ Հավատա՛ Աստծո Խոսքին։ Հավատա՛ Աստվածաշնչի ուսուցանած ճշմարտություններին։
Աստված ստեղծել է քեզ Իր պատկերով և նմանությամբ։ Դու Նրա պատկերն ես։ Իհարկե այս չար աշխարհն ու մեղքի ապականությունը խամրել են այդ պատկերը, սակայն Աստված ուզու՛մ է և կարո՛ղ է ներել քեզ, սրբել Իր Որդու արյունով և քեզ բացարձակապես նոր մարդ դարձնել՝ մաքուր, ներված և Իր Եկեղեցու մեջ սիրված ու ընդունելի․․․ Եվ այս ամենի համար դու պետք է ընդամենը ապաշխարես՝ հետ դառնաս քո սխալ ընթացքից և սկսես ապրել Քրիստոսի փոխանցած սկզբունքներին համապատասխան։
Այդ ժամանակ դու կնկատես Նրա արտացոլանքը քո հայացքի մեջ։ Եվ քո շրջապատի մարդիկ կտեսնեն Տեր Հիսուսին քո անձի, քո խոսքերի, քո վարքագծի և քո գործերի մեջ:
Որպեսզի դառնաս այն անձնավորությունը, որ Աստված է ուզում, որ լինես․․․․
- Շարունակ փնտրի՛ր Աստծո երեսը (Հակոբոս 4.8)։
- Թո՛ւյլ տուր,որ Սուրբ Հոգին նորոգի քո միտքը (Եփեսացիս 4.23)։
- Հաղթի՛ր մտքի պատերազմը և ամեն միտք, որ հակասում է Աստծո Խոսքին, գերի բռնի՛ր Քրիստոսին հնազանդեցնելու համար (Բ Կորնթացիս 10.5)։
- Հակառակ կանգնի՛ր սատանային և նրա ուղարկած կասկածներին ու գայթակղություններին (Հակոբոս 4.7)։
Անշուշտ, այս ընթացքը հեշտ չէ։ Այն նեղ ճանապարհի ընթացքն է, որը լի է դժվարություններով և սայթաքումներով։ Սակայն Աստված ուզում է, որ դու ձեռքդ մեկնես դեպի Իրեն և ընդունես Նրա շնորհի այն փառավոր ու զորավոր օգնությունը, որը Տերը պատրաստել է Իր հավատարիմ աշակերտների համար։ Այսօր Աստված ուզում է բռնել օգնության ակնկալիքով դեպի Իրեն մեկնած քո ձեռքը և վերականգնել քո էության յուրաքանչյուր կոտրված ու փշրված մասնիկը:
Մերժի՛ր մեղքի կապանքների մեջ ապրելու հեռանկարը։ Մի հաշտվի՛ր բացասական մտքերի, մեղքի գայթակղությունների կամ վնասակար սովորությունների շղթաներով գոյատևելու քո ընթացքի հետ։ Ընտրի՛ր սրբության կյանքի ազատությունը։ Ընդունի՛ր Տեր Աստծո ներումը և որոշի՛ր, որ այսուհետ ապրելու ես միայն քո կյանքի Տեր և Փրկիչ Հիսուսի Քրիստոսի ուսուցանած սկզբունքներով։
Աստված նոր կյանք է քեզ առաջարկում։ Նա ուզում է բժշկել ու ազատագրել քեզ, որպեսզի կարողանաս վայելել Տեր Աստծո պատկերով ու նմանությամբ ապրելու ազատությունը և Նրա արտացոլանքը մյուսների կյանքում լինելու երանությունը:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը