Որո՞նք են քո աղոթքի կյանքի երեք «ռեժիմները»
Սիրելի՛ Ընկեր, հեռախոսի մեջ կան զանգի մի քանի ռեժիմներ։ Մարդը կարող է ընտրել լռության ռեժիմը, վիբրացիայի ռեժիմը կամ զանգի ռեժիմը: Մենք՝ որպես քրիստոնյաներ, մեր աղոթքի մեջ նույնպես ունենք այս երեք ռեժիմների կարիքը:
-
Աղոթքի մեջ մենք կարիք ունենք պարզապես լռելու։ Ինչպե՞ս կարող ենք լսել Տեր Աստծու ձայնը, եթե չենք կարողանում խաղաղվել և լռել: Պետք է խոստովանենք, որ երբեմն մեզ համար չափազանց դժվար է լուռ մնալը: Եվ ահա թե ինչ է Աստվածաշունչը մեզ սովորեցնում. «Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը...» (Սաղմոս 37.7):
-
Աղոթքի մեջ մենք կարիք ունենք մի վիճակի, երբ թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին մեր ներսից նախազգուշացումներ տա մեզ: Նա մեր Մխիթարիչն է՝ լավագույն Խորհրդատուն․ «Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին Ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար» (Հռոմեացիս 8․26)։
-
Աղոթքի մեջ, բնականաբար, կարիք ունենք նաև բարձրաձայն ռեժիմի, այսինքն` աղոթքի, որի ժամանակ մենք բարձրաձայն խոսում ենք մեր երկնային Հոր հետ․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիս 4.6):
Շատ կարևոր է, որ մենք սովորենք համադրել այս երեք ռեժիմները մեր աղոթքի կյանքում:
Իրականում մեր հեռախոսների մեջ կա ևս մեկ ռեժիմ։ Այդ մեկից, սակայն, Աստծո հետ հարաբերություններում մենք ամեն գնով պետք է խուսափենք: Դա օդանավի ռեժիմն է (անջատված): Երբ մենք այս ռեժիմի մեջ ենք, մենք չենք կարող զանգել կամ զանգեր ու նամակներ ընդունել:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մնա՛ կապի մեջ Տիրոջ հետ Սուրբ Հոգու միջոցով, Ով բնակվում է քո մեջ: Կենդանի պահիր քո աղոթքի կյանքը։ Որքան էլ դժվար լինի, փորձիր օրվա մեջ որոշակի ժամանակ հատկացնել Տեր Աստծու հետ հաղորդակցվելուն։ Ջա՛նք արա։ Եթե շատ ես ուզում ունենալ աղոթքի այդ հաղորդակցությունը, սակայն խնդիրների ես բախվում՝ մոռանում ես, ժամանակդ չի բավականացնում կամ մեկ ուրիշ խոչընդոտի առջև ես կանգնում, ապա գրիր մեզ այս գրառման մեկնաբանություններում, և մենք սիրով կաղոթենք քեզ համար։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
