Fabruary-6

Գլխավոր | Հրաշքներ | Ոչնչի համար մի՛ մտահոգվիր

Ոչնչի համար մի՛ մտահոգվիր

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ ուշադրությունդ հրավիրել մի բառի վրա, որին հանդիպում ենք աստվածաշնչյան հետևյալ հատվածի մեջ․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4.6-7):

Այդ բառն աստվածաշնչյան այս հատվածի հենց սկզբում է։ Պողոս առաքյալը Սուրբ Հոգու ներշնչանքով մեզ՝ Քրիստոսին հավատացող և Նրա աշակերտները դարձած մարդկանց, հորդորում է ՈՉՆՉԻ համար չմտահոգվել։ Այս պնդումը չունի բացառություններ։ Այն ներառում է մեր կյանքի բոլոր ոլորտներն ու իրավիճակները։ Սա մի զարմանալի պնդում է։ 

Եվ, այնուամենայնիվ, ինչպե՞ս է դա հնարավոր՝ ո՛չ մի մտահոգություն, երբե՛ք և ո՛չ մի իրավիճակում։ Ո՛չ ընտանեկան հարաբերություններում, ո՛չ երկրի ճակատագրի առնչությամբ, ո՛չ ֆինանսների առումով, ո՛չ առողջության, ո՛չ երեխաների ու ո՛չ էլ որևէ այլ մեկի կամ այլ բանի հետ կապված։ 

Չմտահոգվել, անշուշտ, չի նշանակում անգործության մատնվել ու քայլեր չձեռնարկել։ Չմտահոգվել նշանակում է չունենալ վախեր ու անհանգստություններ։ Տերը սովորեցնում էր հոգս չանելու մասին։ Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր:

Միայն և միմիայն անվերապահ ու խորը հավատքի շնորհիվ՝ հավատք առ այն, որ Տեր Հիսուսը քեզ հետ է և Իր անսահման զորությամբ ու ամենակարողությամբ ամենադժվարին իրավիճակներում անգամ քեզ համար կարող է ելք և օգնություն ապահովել: Եվ դա ճշմարիտ է։ Սա մի փաստ է, որը երբեք և ո՛չ մի ժամանակի մեջ, երբե՛ք և ո՛չ մի իրավիճակում չի փոփոխվում:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատքը ինքնաներշնչանք չէ։ Դու չես կարող ստիպել քեզ, որ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հավատաս։ Հավատքը բխում է արժանահավատ փաստերից, որոնք թեև չեն երևում, սակայն իրական են և ճշմարիտ։ Ինձ համար ամենաարժանահավատ ու վստահելի անձնավորությունն Աստված է։ Նա երբե՛ք չի դրժում Իր խոստումները, անաչառ է, անկաշառ, արդար, ճշմարիտ և երբե՛ք թույլ չի տա, որ Իր դրած օրենքները խախտվեն ու սխալ ընթացք ունենան։

Եթե Աստված ասում է, որ հոգ է տանելու Իրեն վստահողների համար, ապա դա ճշմարտություն է։ Եթե Աստված ասում է, որ կատարյալ խաղաղություն է ապահովելու մեր սրտերում ու մտքերում, եթե մեր հոգսերը աղոթքով, աղաչանքով և գոհությամբ հայտնենք Իրեն, ուրեմն դա այդպես է։ Եվ մեր խաղաղության հիմքը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Քո խաղաղության պատճառը Տեր Հիսուս Քրիստոսն է՝ Նրա զոհը Գողգոթայի խաչի վրա։ 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ այն, ինչը փոխանցում ես մեզ Քո Խոսքի մեջ։ Ես ուզում եմ հնազանդվել քո հորդորին և ոչնչի համար չմտահոգվել: Դու իմ Փրկիչն ես։ Դու իմ կողքին ես։ Ես վստահում եմ Քեզ և ոչնչից չեմ վախենում։ Զորացրո՛ւ ինձ, որպեսզի ո՛չ ինձ շրջապատող մարդիկ, որոնք թշնամական են տրամադրված իմ հանդեպ, ո՛չ կյանքի փոթորիկները և ո՛չ էլ հարաբերությունների մեջ առաջացած դժվարություններն ի զորու չլինեն գողանալու այն խաղաղությունը, որը Դու ես փոխանցում քո հավատարիմ աշակերտներին: Ես ուզում եմ լինել Քո նվիրյալ աշակերտներից մեկը, և Քո խաղաղությունը, որ վեր է իմ պատկերացումներից, թո՛ղ առաջնորդի իմ սիրտն ու միտքը Քո Սուրբ Հոգու շնորհիվ: Իմ կյանքն ու իմ բոլոր հոգսերը ես Քեզ եմ վստահում։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: