Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը նույնպես կազմել եմ աստվածաշնչյան մի քանի հատվածների փոխանցած ճշմարտության հիման վրա։ Հորդորում եմ այս ուղերձից հետո ընթերցել այդ աստվածաշնչյան հատվածները, որպեսզի իմ կազմած այս ուղերձը, որը ներկայացվում է Տեր Աստծու կողմից քեզ հասցեագրված ուղղակի խոսքերի տեսքով, հիմնավորված լինի Աստվածաշնչով, և վստահ լինես, որ դրանք ոչ թե իմ մտքերն են, այլ Տիրոջ սրտից բխած ու քեզ ուղղված խոսքերը։ Աղոթում եմ, որ թույլ տաս, որպեսզի այս խոսքերի միջոցով Աստված անհատապես խոսի քեզ հետ:
«Ի՛մ զավակ, ո՞վ եմ Ես քեզ համար։
Նա, Ով պատասխանում է քո աղոթքների՞ն, Ով անհնարի՞նն է անում քո կյանքում, Ով լուծումնե՞ր է տալիս քո խնդիրներին․․․
Արդյո՞ք քեզ համար Ես հենց Նա՛ եմ, Ով արձագանքում է քո կարիքներին, Ով հատ առ հատ սրբում է քո աչքերի արցունքները և մխիթարում ու զորացնում քեզ՝ քո կյանքի ծանրագույն իրավիճակներում։
Ես ուզում եմ քեզ համար լինել հենց այսպիսի Օգնական և Ապավեն։ Եվ սա դեռ ամենը չէ․․․
Ես ուզում եմ, որ դու հասկանաս ու ճանաչես Ինձ այնպիսին, ինչպիսին Իմ Խոսքի՝ Աստվածաշնչի մեջ Ինքս եմ Ինձ բացահայտում քեզ։ Ես ուզում եմ, որ դու մուտք գործես Ինձ հետ հարաբերության խորությունների մեջ, Իմ էության կենտրոնը՝ Իմ սրտի մեջ։ Ես հրավիրում եմ քեզ ցանկացած պահի պարուրված լինելու Իմ քաղցր ու բժշկող ներկայությամբ և վայելելու այն՝ թույլ տալով Ինձ շարունակաբար առաջնորդել և զարմացնել քեզ նորանոր բարիքներով, որ ճիշտ ժամանակին ուղարկելու եմ քո կյանք։
Իմ սերը լուսավորում է մարդու կյանքը։ Այն նման է թարմություն բերող մի մեղմ զեփյուռի։ Սակայն Իմ սերը նաև այրող կրակ է։ Իմ սերը հոգացել է քո փրկության բոլոր կարիքները։ Իմ սերն ապահովել է քեզ կյանքի ու աստվածապաշտության համար անհրաժեշտ ամեն բաներով։ Իմ սերը Իմ արձագանքն է քո բոլոր կարիքներին։ Իմ սերը քեզ համար զոհաբերել է Իմ ամենաթանկը։
Ես սիրում եմ քեզ, Իմ թանկ ու սիրելի՛ զավակ, և ցանկանում եմ, որպեսզի քո ներշնչելու և արտաշնչելու յուրաքանչյուր վայրկյանի հետ դու ավելի ու ավելի մոտենաս Ինձ։ Ամեն ակնթարթ Ես փափագում եմ, որ դու կատարելապես Իմը լինես։ Ես ցանկանում եմ քո կողքին լինել թե՛ ուրախության և թե՛ տխրության պահերին, երբ դու վշտի մեջ ես և երբ ցնծում ես ուրախությունից։ Ես պարզապես ցանկանում եմ միշտ քեզ հետ լինել։
Ես երբե՛ք հույսս չեմ կտրելու, որ մի օր որոշում ես կայացնելու թողնելու ամեն խանգարող բան և ապրելու Իմ ակնկալած կյանքով, որը լավագույնն է հենց քե՛զ համար։ Ես չե՛մ թողնելու քեզ ու չե՛մ լքելու քեզ, որովհետև փափագում եմ բնակվել քո մեջ, որովհետև այդ Ե՛ս եմ քեզ արարել, Ե՛ս եմ քեզ կյանք տվել և դու Ի՛մն ես․․․, որովհետև ուզում եմ, որ քո ամեն որոշումից ու ամեն մի քայլից առաջ խորհես Իմ կամքի մասին և առաջնորդվես քո հանդեպ ունեցած Իմ անսահման մեծ սիրով։ Ես քո կողքին եմ։ Եվ Ես այստեղ եմ հե՛նց քեզ համար»։
Աստվածաշնչյան մեջբերումներ, որոնց հիման վրա կառուցվել է այսօրվա ուղերձը՝ Երգ Երգոց 8․6, Բ Օրինաց 4․31, Սաղմոս 37․28
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը