![January-01 January-01](https://hisus.am/wp-content/uploads/2025/01/January-01-1024x538.jpg)
Իմ կողմից, իմ ընտանիքի, «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայության ողջ անձնակազմի և Էջմիածնի Էմմանուել ավետարանական-հոգեգալստական եկեղեցու բոլոր հավատացյալների անունից ընդունի՛ր մեր շնորհավորանքներն ու օրհնության բարեմաղթանքները Քրիստոսի ծննդից հետո 2025 թվականի գալուստի կապակցությամբ։
Սիրելի՛ բարեկամ, այսօր հատուկ ուզում եմ քո ուշադրությունը կենտրոնացնել հետևյալ ճշմարտության վրա․ ինձ և քեզ համար՝ որպես Տեր Հիսուսի աշակերտների, Սուրբ Ծնունդը հնարավորություն է նշելու Աստծու ողորմությունն ու շնորհը, որոնք ամեն առավոտ նոր են և թարմ: Հուսով եմ՝ ծանոթ ես այս հայտնի երգի բառերին․
«Լուռ գիշեր, սուրբ գիշեր,
Ծով ու ցամաք քնով են խաղաղ,
Մեղմ կփայլի աստղը Բեթղեհեմի,
Եվ հեռուեն շատ աչքեր կգրավի,
Հոն, ուր Փրկիչը ծնավ»։
Սուրբ Ծննդյան հրաշքը Տեր Հիսուսի մարմնավորման հրաշքն է: Հոգևոր բառապաշարի այս փոքր-ինչ տարօրինակ բառը նշանակում է, որ հենց Աստված Ինքը մարդ դարձավ, որպեսզի մեզ հետ լինի մեր իրականության մեջ, որպեսզի մեզ հասանելի կերպով հայտնի Հայր Աստծու կամքը, ցույց տա փրկության ճանապարհը և Իր կյանքով վճարի մեր փրկագինը:
«Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհաննես 1․14)։
Սուրբ Ծնունդը հասկացություն չէ: Սուրբ Ծնունդը փիլիսոփայության, վարդապետության և նույնիսկ աստվածաբանության տոն չէ:
- Սուրբ Ծնունդը անձնավորության մասին է։
- Աստծո Շնորհը անձնավորություն է։
- Ճշմարտությունը անձնավորություն է։
- Փրկության ճանապարհը անձնավորություն է։
- Կյանքը անձնավորություն է։
Տեր Հիսուսի անհատականության մեջ մենք մուտք ենք ստանում դեպի Տեր Աստծու՝ մեր երկնային Հոր անսահման սերը։ Հրաշալի է Աստվածաշունչ սերտելը, հիասքանչ է աստվածաբանություն ուսումնասիրելը և շատ օգտակար է աստվածաշնչյան խոսքեր ու հատվածներ անգիր իմանալը։ Բայց դա երբե՛ք չի փոխարինի Տեր Հիսուսի անձի հոգևոր առեղծվածին, Ով Աստծու Խոսքն է՝ մարմնացած Խոսքը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված չեկավ մեզ միայն ճիշտ վարդապետություն կամ կարևոր հոգևոր գիտելիք փոխանցելու։ Նա եկավ, որպեսզի անձամբ Իրեն զոհի հանուն մեր փրկության։ Նա հե՛նց մարմնով եկած Սերն է՝ սիրո մարմնացումը, և Նա իմ ու քո կյանքի Փրկիչն է։
Առաջարկում եմ այս տարվա առաջին օրը միասին սկսել՝ Նրան գովերգելով ու փառաբանելով։
Հ․Գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Լուռ գիշեր․․․» անվանումով այս հրաշալի երգի երկրպագությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
![156380229_268237911526745_6094722723839198753_n 156380229_268237911526745_6094722723839198753_n](https://hisus.am/wp-content/uploads/2021/03/156380229_268237911526745_6094722723839198753_n.png)
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը