June--12

Գլխավոր | Հրաշքներ | Շարունակի՛ր ընթացքդ․․․ քեզ զորացնողը Տերն է

Շարունակի՛ր ընթացքդ․․․ քեզ զորացնողը Տերն է

Սաղմոս 46․10 խոսքում կարդում ենք․ «Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ Ես եմ Աստված»։

Սիրելի՛ բարեկամ, եբրայերեն բնագրում «հանդարտ» բառը «ռաֆահ» բառն է։ Մենք կարող էինք թարգմանել որպես «հանգիստ» կամ «խաղաղ»։ Իսկ այս նախադասության իմաստային թարգմանությունը այսպիսին կարող է լինել․ «Մի՛ փորձիր վերահսկել ամեն բան, Ինձ հանձնիր քո հոգսերը և վստահաբար կտեսնես, որ Ես Աստված եմ»։

Մեր խնդիրների լուծումն Աստծուն վստահելու և հոգսերը մեր ուսերից ցած դնելու մասին Աստվածաշունչը հետևյալն է սովորեցնում Եբրայեցիներ 4․16 խոսքում․ «Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին»։

Աստվածաշնչյան վերոհիշյալ մեջբերումն ինձ հիշեցնում է Եսթեր թագուհու պատմությունը, որը կարող եք ընթերցել Աստվածաշնչի Եսթերի գրքում։ Մի օր, երբ հրեաները բախվեցին չար ու նենգ Համանի ձեռքով կոտորվելու վտանգին, Եսթեր թագուհին որոշեց աղոթել ու ծոմ պահել, որպեսզի փնտրի և գտնի Տիրոջ օգնությունը։ Երեք օր անց նա գնաց թագավորի մոտ, որն իր գավազանն ուղղեց դեպի Եսթեր թագուհին։

Ընթերցենք Եսթեր 5․3 խոսքը․ «Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։

Սա մի հրաշալի նկարագրություն է այն հնարավորության մասին, որը տրված է մեզնից յուրաքանչյուրին, որպեսզի համարձակորեն մոտենանք շնորհքի գահին։ Դու ազատ մուտք ունես դեպի Աստծո ներկայության մեջ Տեր Հիսուսի մաքրագործող և սրբագործող արյան շնորհիվ։ Եվ սա՝ ոչ թե մեր արժանիքների արդյունքում, այլ Տեր Հիսուսին հավատացող մարդկանց արտոնվող շնորհքի արդյունքում։

Այսօր մոտեցի՛ր այդ շնորհքի գահին։ Բե՛ր Աստծո առաջ այն ամենը, ինչը ծանրացել է քո սրտին, ինչն անհանգստացնում է քեզ։ Բա՛ց թող հոգսերդ և դրանք հանձնի՛ր Աստծուն։ Թո՛ւյլ տուր, որպեսզի Նա՛ միջամտի և լուծի այդ դժվարին իրավիճակը, բժշկի քեզ քո հիվանդությունից, շտկի լարվածության հասած բարդ հարաբերությունները և այլն։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն այսօր էլ քե՛զ է ուղղում Իր խոսքը․ «Խաղաղվի՛ր, հանդարտվի՛ր, բա՛ց թող խնդիրներդ, իջեցրո՛ւ դրանք քո ուսերից, հանդարտ եղի՛ր և իմացի՛ր, որ Ես եմ Աստված։ Ինձ համար չկա անհնարին ոչինչ։ Ես կարող եմ փոխել ամեն բան, վերափոխել ու փոխակերպել ցանկացած իրավիճակ ու ընթացք, որովհետև Ես եմ Տերը՝ Ամենակարողը»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: