July-9

Գլխավոր | Հրաշքներ | Շարունակի՛ր երազել

Շարունակի՛ր երազել

«Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք» (‭‭Եփեսացիս‬ ‭2.10‬): 

Սիրելի՛ բարեկամ, քեզ ծանո՞թ է այս հարցը․ «Ի՞նչ ես դառնալու երբ մեծանաս»։ Արդյոք կա՞ մի երեխա, ով չի լսել իրեն ուղղված հարցը։ 

Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես են այս հարցին պատասխանել քեզ ծանոթ երեխաները կամ հենց ինքդ, երբ երեխա ես եղել։ Կարծում եմ, երեխաների մեծամասնությանը հատուկ է մեծ երազանքներ ունենալը։ Նրանք կարողանում են ողջ սրտով երազել ու անկեղծորեն հավատալ, որ իրենց երազանքները կիրականանան։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու դադարե՞լ ես երազելուց։ Գուցե ժամանակի հետ հիասթափություններն ու շրջապատիդ մարդկանց քո հասցեին հնչեցրած խոսքերն այնպես են ազդել քեզ վրա, որ դադարել ես երազե՞լ․․․ 

Եթե դու հավատում ես Տեր Հիսուսի Քրիստոսին․․․, եթե որոշում ես կայացրել ապրելու այս կյանքը ըստ Նրա ուսուցանած սկզբունքների և Նրա փոխանցած արժեհամակարգին համահունչ, ուրեմն դու վերստին ծնված նոր մարդ ես։ Տեր Աստծո Սուրբ Հոգին քո ներսում է բնակվում։ Դու Սուրբ Հոգու տաճար ես։ Եվ քո մեջ բնակվող Աստծո Հոգին փափագում է նաև լցնել քեզ ստեղծագործելու Իր ունակությամբ, Իր զորությամբ և Իր ուրախությամբ։ Նա զորացնում է Քրիստոսի հավատարիմ աշակերտներին իրականություն դարձնելու և ավարտին հասցնելու այն առաքելությունը, որի իրագործման համար Նա մեզ կյանք է պարգևել։ 

Քո բոլոր հմտություններն ու տաղանդները Աստծո պարգևներն են։ Եվ Տերն ակնկալում է, որ դու դրանք կկիրառես քո ընտանիքում, աշխատավայրում, եկեղեցում, մարդկանց հետ հարաբերությունների և նրանց հետ ցանկացած առնչության մեջ՝ արվեստի ու արհեստների, գիտության ու տեխնոլոգիաների, մարդկանց օգնելու և երկրին օգտակար լինելու, ինչպես նաև շատ ու շատ այլ ոլորտներում։ 

Աստված «չի սխալվել» քո պարագայում։ Աստված ուզում է քեզ վստահելի մեկը դարձնել, քանի որ Նա քո աջակցության կարիքն ունի մարդկանց փրկության Իր առաքելության իրագործման հարցում։ Նա պահում ու պաշտպանում է քեզ քո յուրաքանչյուր քայլափոխին։ Իրականում, Նա շա՜տ ավելի մոտ է քեզ, քան կարող ես պատկերացնել։ Այնպես որ ականջ մի՛ դիր թշնամու ձայնին, որ քեզ ասում է, թե դու կարևոր ու օգտակար ոչ մի բան չես կարող անել։ Դա սուտ է, և քո մեջ քո երազանքները սպանելու ստության հոր հերթական փորձը։ Փոխարենը, լսի՛ր Աստծուն և Աստվածաշնչի ձայնին․․․

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր Տերը անսահման մեծ է և ամենակարող։ Մի՛ նայիր քո կարողություններին, այլ տե՛ս քո մեջ բնակվող Սուրբ Հոգու կարողությունը։ Պատկերացրո՛ւ, թե ինչե՜ր կարող ես անել, եթե հնազանդվես Աստծո կամքին և սկսես գործել Նրա առաքելության շրջանակներում։ Վերականգնի՛ր երազանքներդ՝ քո մեծ ու ազդեցիկ երազանքները։ Եվս մեկ անգամ հավատքի քա՛յլ արա ու լցվի՛ր հույսով։ Վստահի՛ր Սուրբ Հոգուն, փնտրի՛ր Աստծո երեսը  և փառաբանի՛ր Նրան, երբ սկսես իրագործել այն բոլոր բարի գործերը, որոնք Աստված նախապես պատրաստել է քեզ համար ու կանչել քեզ, որպեսզի դրանք քո միջոցով կյանքի կոչվեն։ 

Աղոթի՛ր ինձ հետ միասին այս աղոթքով․ «Սիրելի՛ Հայր, գիտեմ, որ Դու հրաշալի ծրագրեր ունես ինձ համար, և որ դրանք դեռ ուժի մեջ են։ Բայց տեսնելով, որ ժամանակն անցնում է, իսկ դրանք դեռ չեն իրականանում, ինչպես նաև լսելով մարդկանց խոսքերն ու թերահավատությունը իմ հանդեպ՝ ես թույլ  եմ տվել, որ երազանքներս մարեն իմ մեջ։ Այսօր, որոշում եմ կայացնում, որ կրկին սկսելու եմ երազել, քանի որ Իմ վստահությունը Քե՛զ վրա է։ Եվ հավատում եմ, որ Քո օգնությամբ և առաջնորդությամբ ես ծառայելու եմ Քեզ և օգտակար եմ լինելու Քո գործին։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: