May-13

Գլխավոր | Հրաշքներ | Նա ամեն բան նախապես հոգացել է

Նա ամեն բան նախապես հոգացել է

Երբևէ պատահե՞լ է, որ կասկածներ և անհանգստություններ ունենաս քո ապագայի վերաբերյալ՝ քո անելիքների, աշխատանքի, ամուսնության կամ երեխաների։ Այս բոլոր հարցերը կարող են անհանգստության պատճառ լինել, բայց մենք պետք է հիշենք, որ Աստված գիտի ամեն բան, և Նա՛ է տիրում Իրեն հավատացող մարդկանց կյանքում:

Սիրելի՛ բարեկամ, Եփեսացիս 2.10 խոսքում կարդում ենք․ «Քանզի Նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք»:

Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած յուրաքանչյուր մարդ կարող է վստահ լինել, որ Աստված նախապես լավագույն ծրագիրն է մշակել իր կյանքի համար։ Եվ Տերն Իր հնազանդ ու հավատարիմ զավակներին քայլ առ քայլ առաջնորդում է դեպի այդ ծրագրի իրականացումը:

Իրականում, նույնիսկ եթե քեզ համար դեռ տեսանելի չէ այդ գործընթացը, միևնույնն է, Աստված հասնելու է քո կյանքի համար Իր նպատակներին: Աստված լավագույնն է ծրագրել քեզ համար։

Եթե դու Տեր Աստծու հետ ես, ապա քո կյանքի դժվարությունները ոչ միայն ժամանակավոր են դառնում, այլև Աստված վերցնում է դրանք և վերածում նոր հնարավորությունների։ Նա քեզ երբեք միայնակ չի թողնի։ Քո երկնային Հոր մեծագույն փափագն է տեսնել, թե ինչպես ես կյանքի կոչում քո կյանքի համար Նրա մշակած խաղաղության ծրագրերը։ Սակայն այս հարցում քո համագործակցությունը կարևոր դերակատարում ունի։ 

Շատերն են ասում՝ եթե Աստված ուզում է և որոշել է, ապա այդպես էլ կլինի։ Մեր կյանքում Աստծու խաղաղության և օրհնության ծրագրերը իրականություն են դառնում միայն այն պարագայում, երբ մենք մեր ազատ կամքով ընտրում ենք Նրա ուղղորդմանն ու առաջնորդությանը հնազանդվելու ուղին։ Իսկ եթե մենք սկսենք գործել մեր Տեր Աստծու կամքին հակառակ, ապա ոչ թե Նրա, այլ մեր թշնամու ծրագրերը կիրականանան մեր կյանքում։ Ցավալի է, սակայն հենց այս իրողությունն է շատ շատերի դժբախտության պատճառը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո երկնային Հայրը երազանք ունի քո կյանքի հետ կապված։ Նա լավագույնն է փափագում քեզ համար: Եվ Նա ուզում է, որ դու ընթանաս հենց այն ճանապարհով, որը քեզ կհասցնի Նրա նախատեսած ծրագրերի իրականացմանը: 

Աշխարհի որ ծայրում էլ լինես, ինչպիսի կարգավիճակ էլ ունենաս, ինչպիսի դժվարությունների մեջ էլ հայտնված լինես, աղոթում եմ, որ դու սկսես փնտրել Աստծու կամքը քո կյանքի համար, որ սկսես խնդրել Նրան, որպեսզի Նա քեզ  հայտնի դարձնի քո կյանքի համար Իր մշակած ծրագրերը, և որպեսզի կարողանաս վազել դեպի նպատակակետը Տեր Հիսուս Քրիստոսի օգնությամբ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Թող Աստված օրհնի քեզ և իմաստություն տա, որպեսզի ապրես այնպիսի կյանքով, որ երբ կանգնես Տեր Աստծո առաջ, արժանանաս հավատարիմների համար նախատեսված վարձքին ու մրցանակին։ 

Վստահի՛ր Աստծուն։ Նրա ծրագրերը քեզ համար խաղաղության ծրագրեր են, իսկ Նրա կամքը՝ բարի, հաճելի և կատարյալ։ 

Աստված այսօր քեզ ցույց է տալիս կյանքդ դեպի բարին փոխակերպելու ուղին։ Չմերժե՛ս Նրան։ Հետևի՛ր Նրա կամքին։ Հետևի՛ր Նրա ցուցումներին և ապրի՛ր Նրա ուսուցանած սկզբունքներով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: