November-22

Գլխավոր | Հրաշքներ | Մխիթարություն ընդունելու պայմանը

Մխիթարություն ընդունելու պայմանը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց» անվանումը։ Մխիթարությունը Տեր Աստծու շնորհքի դրսևորումներից մեկն է։ Եվ ինչպես Աստծուց շնորհք ընդունելու պարագայում, այնպես էլ մխիթարության պարագայում այն Աստծուց ընդունելու պայմանը Տիրոջ հետ հաշտությունն է ու Նրա հետ մտերմությունը։ 

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու գիտե՞ս, թե ում հետ է Աստծու մտերմությունը և ովքեր են, որ Տիրոջ հետ հաշտության ու խաղաղության հարաբերություն ունեն։ Տեր Աստծու մտերմությունը խոնարհների հետ է։ Աստված հատուկ ուշադրություն է դարձնում կոտրված սրտով մարդկանց։ Տերը առանձնահատուկ վերաբերմունք ունի Իր կարիքն ունեցողների հանդեպ։

«Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57․15):

Սուգ և կորուստ վերապրած մարդիկ, սովորաբար, երկու տեսակի արձագանք են ունենում Տեր Աստծու հանդեպ։ Խոնարհության արձագանքը Հոբի արձագանքն էր, որ մեկ օրում տասը երեխա էր կորցրել, սակայն ոչ թե մեղադրում էր Աստծուն, այլ փափագում էր Տիրոջից ստանալ իր անպատասխան հարցերի պատասխանը։ Հոբը ընտրել էր խոնարհության արձագանքը իր կորստին, թեև սգում էր ու տառապում իր կորստի համար։ Նա հենց այն խոնարհ հոգի ու կոտրված սիրտ ունեցող մարդկանցից էր, որոնց մասին խոսում էր Տերը Եսայիայի մարգարեության վերը բերված հատվածի մեջ։ 

Երկրորդ արձագանքը Տեր Աստծուն ուղղված մեղադրանքների ու թշնամության արձագանքն է, երբ մարդը, չճանաչելով Տեր Աստծու բարությունն ու սերը մարդկանց հանդեպ, տեղյակ չլինելով մեղքով ու անարդարություններով լցված այս աշխարհի ապականության պատճառներից, իր կյանքի բոլոր չարիքների ու կորուստների մեջ մեղադրում է Աստծուն։ Այսպիսի մարդիկ ասես Աստծու դեմ պայքարի ու պատերազմի մեջ լինեն և Աստծուց մխիթարություն ընդունելու համար նախ պիտի հաշտվեն Նրա հետ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված սիրում է բոլոր մարդկանց։ Աստված կամենում է մխիթարել բոլոր սգավորներին՝ անկախ այն փաստից՝ տվյալ սգավորը իր կորստի ցավի ուժգնության ներքո թշնամացե՞լ է Իր հետ, թե՞ Հոբի նման խոնարհաբար կրում է սեփական սուգն ու կորստի ցավը։ Տերը բոլոր սգավորների հետ ցավում է նրանց կորստի համար և փափագում է օր առաջ նրանց մխիթարված տեսնել։ 

Պատահական չէ, որ Աստծու Սուրբ Հոգին հե՛նց Մխիթարիչ է անվանվում։ Սուրբ Հոգու հետ մտերմությունն է, որ իրական մխիթարություն է բերում մարդու կյանք՝ մխիթարություն, որը դժվար է պատկերացնել։ Դա մի մխիթարություն է, որով մխիթարվում են անգամ այնպիսի սուգ վերապրած մարդիկ, որի պարագայում որևէ մարդկային մխիթարությունն անհնարին կլիներ, եթե չգործեր աստվածային միջամտությունը։ 

Տեր Աստծուց մխիթարություն ընդունելու պայմանը Նրա հետ հաշտությունն է, որը տեղի է ունենում ապաշխարության շնորհիվ, և Նրա հետ մտերմությունը, որը իրականություն է դառնում, երբ մարդն ընտրում է Աստծու առջև խոնարհության ուղին՝ Տիրոջ կամքին հնազանդության և Նրա Խոսքը հարգելու ճանապարհը։ Այս պարագայում մենք կարող ենք հետևել Եբրայեցիս թղթի հեղինակի՝ Սուրբ Հոգով ներշնչված խորհրդին․

«Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․16):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: