November-24

Գլխավոր | Հրաշքներ | Մխիթարության փոխակերպող ազդեցությունը

Մխիթարության փոխակերպող ազդեցությունը

Մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց» անվանումը։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ անդրադառնալու ենք մխիթարության փոխակերպող ազդեցությանը սուգ վերապրած մարդու կյանքում։

Սիրելի՛ բարեկամ, մխիթարությունը չի թեթևացնում սգացողի ցավը։ Մխիթարությունը չի վերականգնում այն կորուստը, որը սուգի տառապանք է բերել մարդու կյանք։ Մխիթարությունը փոխակերպում է սգացողին՝ զորացնում է նրան հաղթահարելու սուգը և օգնում կրկին կյանքով ու ուրախությամբ լցվելու հարցում։ 

Տեր Աստծուց իրական մխիթարություն ընդունած մարդը, թեև կրում է իր սրտում կորստի ցավը, սակայն ապրում է ապագային ուղղված հայացքով։ Աստվածաշունչը Դավիթ թագավորին ներկայացնում է որպես Աստծու սրտի համեմատ մարդ։ Նա կորցնում է իր նորածին երեխային և սուգ է անում երեխայի հիվանդության ժամանակ։ Իսկ մահվանից հետո գիտակցում է, որ ոչինչ չի կարող փոխել և որոշում է կայացնում՝ ապրել իր մյուս երեխաների, իր ընտանիքի և իր հայրենիքի համար։

«Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Այս ի՞նչ բան արեցիր. քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էիր պահում և լաց լինում, բայց երբ որ երեխան մեռավ, վեր կացար և հաց կերար»։ Եվ նա ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էի պահում և լաց էի լինում, որովհետև մտածում էի. “Ո՜վ գիտի, գուցե Տերը գթա ինձ, և մանուկը ապրի”։ Բայց հիմա, երբ երեխան մեռել է, էլ ես ինչո՞ւ ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նրան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ» (Բ Թագավորաց 12.21-23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպես արդեն նշեցի, Տեր Աստծուց ընդունած մխիթարությունը չի վերականգնում մեր կորուստը։ Այն օգնում է, որ սգավորի հարազատները չկորցնեն սգավորին։ Ավելին՝ Աստծուց մխիթարություն ընդունած մարդն, ասես ծարավի պես, խմում է Աստծուց, ընդունում իր մխիթարությունը և ինքն էլ իր հերթին մխիթարության աղբյուր դառնում մյուսների համար։ Հիշե՛նք, որ Աստծու Սուրբ Հոգին հե՛նց Մխիթարիչ է կոչվում։

«Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. “Ով Ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն”»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին Նրան հավատացողները․․․» (Հովհաննես 7.37-39):

Ծարա՞վ ես մխիթարության։ Հավատո՞ւմ ես Տեր Հիսուսին։ Գնա՛ Նրա մոտ, ընդունի՛ր մխիթարություն և մխիթարության աղբյուր դարձի՛ր մյուս սգավորների համար։ Աստված սիրում է քեզ և փափագում է մխիթարել, զորացնել ու վերականգնել քո սրտի ուրախությունը։ Լցվի՛ր Աստծու Հոգով և կյանքդ ապրի՛ր հանուն Տեր Հիսուսի ու այս երկրի վրա Նրա օրհնյալ առաքելության։ Աստված ուզում է քեզ մխիթարության աղբյուր դարձնել քո շրջապատի սգավորների համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: