January-21

Գլխավոր | Հրաշքներ | Մի քիչ մեղրը շատ օգտակար կլինի․․․

Մի քիչ մեղրը շատ օգտակար կլինի․․․

Սիրելի՛ բարեկամ, երեկ մենք տեսանք, որ Տերը ցանկանում է քեզ դարձնել օրհնության գործիք մյուսների համար։ Այո՛, օգնելը և մարդկանց բեռները թեթևացնելուն միտված գործողությունները կարևոր են։ Սակայն պակաս կարևոր չեն նաև մեր խոսքերը…

Գիտե՞ս արդյոք, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ քո խոսքերը մյուսների վրա։ Ինչպիսի՞ն են քո շուրթերից դուրս եկած խոսքերը։ Արդյոք դրանք բժշկում ու քաջալերո՞ւմ են մարդկանց, թե՞ ծակում ու ցավեցնում։ Դրանք դրական ու հուսադրո՞ղ են, թե՞ բացասական ու վիրավորական։ Աստվածաշունչը Առակաց 16.24 խոսքում մեզ հիշեցնում է, որ մենք կարող ենք մարդկանց համար մեր խոսքերը մեծ օրհնություն դարձնել. «Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին» (Առակներ 16.24):

Ի՞նչ իմաստություն է այստեղ մեզ փոխանցում Աստծու Խոսքը։ Բարի ու սիրառատ խոսքերը բժշկարար ու ամոքիչ ազդեցություն են ունենում մարդու թե՛ հոգու և թե՛ մարմնի վրա։ 

Նույն Առակաց գրքում ևս մեկ ճշմարտության ենք հանդիպում մեր շուրթերից դուրս եկող խոսքերի մասին։ Իրականում, ստորև բերված հատվածն ասում է, որ բարի խոսքերը կենարար ուժ են փոխանցում այն մարդկանց, ովքեր ընդունում են դրանք․ «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը» (Առակներ 18․21):

Աստված յուրաքանչյուր մարդու օժտել է խոսքի զորավոր գործիքով, որը մարդը կարող է օգտագործել կա՛մ որպես բժշկության միջոց՝ մարդկանց բարիքի համար, կա՛մ որպես զենք՝ մարդկանց չարիք անելու նպատակով։ Նախքան խոսելը, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իրեն տա այս պարզ հարցը՝ այն խոսքերը, որ պատրաստվում եմ արտաբերել, օրհնություն և բժշկությո՞ւն են բերելու լսողներին, թե՞ նրանց ցավ ու վերքեր են պատճառելու։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր որոշում կայացրո՛ւ, որ քո կյանքում իրականություն ես դարձնելու Եփեսացիս 4․29 խոսքում մեզ տրված պատվիրանը․ «Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին»։

Սա խորհուրդ չէ՛։ Ո՛չ էլ առաջարկ․․․ Եվ ո՛չ էլ Աստված պայման է դնում ու ասում, թե բարկացած ժամանակ բացառություններ կարող են լինել այս պատվիրանից։ Շատերը կարծում են, թե մեղավորն իրենք չեն իրենց շութերից դուրս եկող վատ խոսքերի համար, այլ այն մարդիկ, որոնք իրենց ստիպում են նման խոսքեր արտաբերել։ Ավելի մեծ մոլորություն հնարավոր չէ պատկերացնել։ Դա նույնն է, որ չգողանալու պատվիրանը խախտողը մեղադրի իր դուռը չփակած հարևանին, կամ չսպանելու պատվիրանը խախտողը՝ այն երեխային, որին ոչ ոք չէր սպասում։ 

Մենք պետք է Աստծու Խոսքի այս պահանջն ընդունենք որպես պատվիրան, և այդ պատվիրանին հնազանդ լինելու մեր ջանքով ու վերաբերմունքով ցույց տանք մեր սերը Տեր Աստծու հանդեպ։ 

Իսկ ինչո՞ւ չկարևորենք այս պատվիրանը, երբ մեր բառերը կարող են՝ 

  • Լուսավորել ինչ-որ մեկի օրը,
  • Խրախուսել ինչ-որ մեկին, ով ընկճված է և ուժասպառ,
  • Քաջալերել ինչ-որ մեկին, ով չունի վստահություն և հիասթափված է,
  • Բժշկել ինչ-որ մեկին, ում կյանքը խոցոտվել է մարդկանց սխալ վերաբերմունքի պատճառով և լի է հոգևոր վերքերով։

Բաց մի՛ թող քո խոսքերով շրջապատիդ մարդկանց համար օրհնություն դառնալու այս հնարավորությունը։ Տարածի՛ր քո շուրջ մեղրի պես քաղցր ու անուշահամ խոսքեր: Ո՛չ թե կեղծված մեղրի նման շաքարակալած խոսքեր, այլ ազնիվ մեղրի բժշկարար ներգործություն ունեցող անկեղծ խոսքեր: Եվ եթե հնազանդվես Տեր Աստծու այս պատվիրանին, ապա ո՛չ միայն օրհնություն կդառնաս քեզ շրջապատող մարդկանց համար, այլև ինքդ քեզ շատ ավելի թեթև ու երջանիկ կզգաս:

Այսօր հորդորում եմ քեզ սեր, բարություն և առատաձեռնություն դրսևորել քո շրջապատի մարդկանց հանդեպ քո շուրթերից դուրս եկած պարզ, քաղցր և բարի խոսքերի շնորհիվ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: