«Երբ կանգնած էի կարևորագույն ընտրության առջև, դիմում էի Աստծուն, աղոթում էի, որպեսզի միայնությունս Նա Իր ներկայությամբ լցնի և աղոթքիս պատասխանը չուշացավ․․․»:
Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ իր հրաշալի որդուն միայնակ մեծացնող Սեդայի վկայությամբ:
Սեդան գրում է. «Մանկուց կարդում էի Աստվածաշունչ։ Զարմանալին այն է, որ այդ օրերին Սուրբ Գրքում գրված խոսքերն ուղղակի բառերի շարան էին թվում ինձ:
Դեռ այն ժամանակ ինձ զարմացնում էին մարդիկ, որոնք մեծ զորություն էին տեսնում Աստծո Խոսքի մեջ։ Այդ ամենն ինձ թվում էր դպրոցական առասպելների նման մի բան, բայց, միևնույնն է, տարիներ շարունակ, նույնիսկ մինչև ուսանողության տարիներ և ավելի հասուն տարիք, Սուրբ Գիրքը մշտապես ինձ հետ էր՝ առավոտյան կարդում էի մի քանի տող, հետո միայն գնում համալսարան․․. Սակայն նորից՝ ասես ոչինչ չասող մի քանի տող:
Եվ ահա Աստված ցույց տվեց ինձ Իր Խոսքի զորությունը, երբ նորաստեղծ ընտանիքս աչքիս առջև օր օրի կործանվում էր, երբ ինձ ստիպում էին հրաժարվել դեռ չծնված իմ փոքրիկից․ միայն այդ ժամանակ աղոթքներս կենդանացան, և Աստվածաշունչն ինձ համար դարձավ կյանք տվող Գիրք, իսկ Աստվածաշնչի խոսքերը՝ հոգուս խաղաղություն պարգևող խոսքեր:
Չնայած այն հրաշքներին, որ Աստված արել էր իմ կյանքում, մի քանի տարի պահանջվեց կենցաղս փոխելու, մենության վախերից ու բարկությունից ազատվելու համար: Աստված ինձ տվեց իմ փափագած խաղաղությունը, ուժը, կամքը և տղայիս Աստծո սիրո մեջ մեծացնելու կարողությունը: Իմ երախտագիտությունը Տիրոջ հանդեպ սահմաններ չունի…»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Սեդայի վկայությունը մեկն է այն հարյուրավոր վկայություններից, որոնք կան մեր շրջապատում։ Այո՛, բազմաթիվ մշակութային քրիստոնյաներ այսօր դառնում են Տեր Հիսուս Քրիստոսի իրական հետևորդները։ Նրանց ապրելակերպն ու գործերը, նրանց սկզբունքներն ու արժեհամակարգը արտացոլում են Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումները։ Սեդայի նման մարդկանց համար քրիստոնեությունը ոչ թե մշակութային պատկանելություն է, այլ՝ կյանք։
Եվ այս հրաշալի փոխակերպումների համար ողջ փառքը թող լինի մեր սքանչելի Աստծուն: Եվ եթե դու նույնպես ուզում ես գոհանալ Տիրոջից և մեծարել Աստծուն՝ Սեդայի և նրա նման շատ այլոց կյանքերում փրկության ու փոխակերպման զորավոր գործի համար, ապա կարող ես մեկնաբանություն թողնել այս ուղերձի ներքևում կամ քո վկայությունն ուղարկել ինձ անձնական նամակով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը