Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը։ Առաջիկա 7 ուղերձների մեջ ուզում եմ քեզ հետ կիսվել 7 հիմնարար ճշմարտություններով, որոնք կօգնեն քեզ Երկնքի Արքայության դեսպանը դառնալու հարցում, ինչն, անկասկած, Տեր Աստծու հանձնարարականն է Իր յուրաքանչյուր հավատարիմ զավակի համար։
Սիրելի՛ բարեկամ, հաճախ կարող ենք լսել, թե ինչպես են մարդիկ դժվարանում խոսել հավատքի մասին․ «Ես չեմ կարողանում իմ շրջապատի մարդկանց հետ խոսել Տեր Հիսուսի մասին․․․ Չգիտեմ, թե ինչպես այդ թեման բարձրացնել, որպեսզի մարդն անհարմար չզգա իրեն կամ չճնշվի հոգևոր թեմաներով զրույցներից։ Բայց ես ուզում եմ պատմել Ավետարանի մասին․․․ Ես աղոթում եմ դրա համար։ Ի՞նչ կարող եմ անել նման իրավիճակներում»։
Ինձ ծանոթ է այս զգացողությունը։ Շատ անգամ ինքս եմ նույնը զգացել։ Բայց նաև հասկացել եմ, որ մարդկանց անհրաժեշտ է այն, ինչը ես ունեմ և ինչը գիտեմ, որ իրական է․․․ և շատ ավելին՝ ես պե՛տք է մարդկանց պատմեմ այն Փրկչի մասին, Ով փնտրել ու գտել է ինձ։ Ինձ համար հստակ ու պարզ է, որ Աստծուն ճանաչելու իմ պատմությունը կարող է օգնել շատ մարդկանց։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հորդորում եմ քեզ, որպեսզի ընդունես այն օրհնությունները, որ գալիս են Աստծու զավակը դառնալու հետ միասին։ Ո՞ւմ էին ուղղված Տեր Հիսուսի խոսքերը, երբ Նա ասաց․ «Դուք եք աշխարհի լույսը․․․» (Մաթևոս 5․14)։
Այս խոսքերն ուղղված էին Նրա աշակերտներին։ Եվ եթե դու էլ Նրա աշակերտն ես և եթե որոշել ես հետևել Նրան, ապա քո գտած գանձը չպետք է միայն քեզ համար պահես։ Քեզ հանձնարարված է այդ գանձը բաժնեկցել նաև քո շրջապատի մարդկանց հետ։
Անիմաստ կլինի, եթե ինչ-որ մեկը խավար մի վայրում լուսամփոփը միացնի և անմիջապես թաքցնի այն։ Աստծու զավակը, որը չի լուսավորում իր շրջապատի մարդկանց (վախի, ամաչկոտության, ամոթի կամ պարզապես այն պատճառով, որ տեղյակ չէ իր ներսում առկա լույսի մասին) նման է այդ լուսամփոփին․ այն լավ լույս է տալիս, նորմալ վիճակում է, բայց ծածկված է՝ մյուսներին լուսավորելու ներուժը մնում է նրա ներսում և ոչ մեկին օգուտ չի տալիս։
Տեր Աստված Իրեն հնազանդ Իր զավակներին օժտում է Իր լույսով մյուսներին լուսավորելու օրհնյալ ունակությամբ։ Այդ լույսը բխում է քո կյանքում Տեր Հիսուսի ներկայությունից և Նրա հետ ունեցած քո մտերմությունից։ Նա հատուկ նպատակով է քեզ տվել Իր «Ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» (Հովհաննես 1․9), ինչպես մի փարոս մթության մեջ, որպեսզի քո շրջապատի մոլորված նավերն ապահով հասնեն իրենց նավահանգիստը։
Ի՞նչ որոշում ես կայացնելու այսօր։ Արդյոք գութդ փակելո՞ւ ես փրկություն փնտրող մարդկանցից․․․ Արդյոք հայացքդ փախցնելո՞ւ ես օգնություն աղերսող աչքերից, թե՞ թույլ ես տալու, որ քո ներսում փայլատակող լույսը ազատորեն ճառագի քո կյանքից։
Հիշի՛ր, որ Աստված հավատո՛ւմ է, որ դու կարող ես Իր ուրախությունը մարդկանց հետ բաժնեկցել, որպեսզի նրանք էլ հավատան Իրեն քո վկայության շնորհիվ։ Աստված ուզում է, որ դու Իր Արքայության դեսպանը դառնաս այս երկրի վրա։ Նա հավատում է քո կարողությանը։ Տարածի՛ր Նրա լույսը։ Գնա՛ և պայծառ փայլատակի՛ր հանուն Նրա․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը