February-24

Գլխավոր | Հրաշքներ | Ճշմարտություն, հավատք, համոզմունք

Ճշմարտություն, հավատք, համոզմունք

Աստվածաշունչը մեզ հստակ ուղենիշ է փոխանցում հավատքի կարևորության, դրա կազմավորման և զարգացման ու ամրացման առումներով։ Փրկարար հավատքը ծնվում է Քրիստոսի փոխանցած ճշմարտություններից։ Մենք հավատում ենք Աստծուն, եթե հավատում ենք Նրա խոսքերին։ Սակայն հավատքը պետք է նաև ամրանա, որպեսզի հետագայում այն չթուլանա, ու մենք չդառնանք հավատքի կյանքից հետ քաշվողներ, ինչը կարող է մեր կործանման պատճառը դառնալ։

Սիրելի՛ բարեկամ, այնքա՜ն մեծ ապահովություն կա, երբ մարդն իր պատկերացումներն ու հոգևոր կյանքի վերաբերյալ ընկալումները կառուցում է հե՛նց Աստծու գրավոր Խոսքի վրա։ Աստվածաշունչն է, որ ամուր հիմք է տալիս մեր հավատքին և պահում մեզ մոլորություններից ու հավատքի կյանքում նավաբեկութան ենթարկվելու կործանարար հետևանքներից։

«Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթեոս 3.14-17

Երբ մարդու ներսում ձևավորվում է Քրիստոսի խոսքերի հանդեպ փրկարար հավատքը, հաջորդ քայլն այդ հավատքը համոզմունքի վերածելն է։ Սա մի չափազանց կարևոր ընթացք է, որը բացակայում է շատ հավատացյալների կյանքում։ Երբ հավատքը չի դառնում համոզմունք, այն թուլանում է, տկարանում ու հանգեցնում հետընթացի մարդու հոգևոր կյանքում։

«Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։ Քանի որ «Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս, և Նա, Ով գալու է, կգա ու չի ուշանա։ Բայց Իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկրկի, Իմ Հոգին նրան չի հավանի»։ Իսկ մենք ընկրկողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ» (Եբրայեցիս 10.35-39

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, համոզմունքը քո ունեցած հավատքի հանդեպ վստահությունն է, որը ձևավորվում է, երբ մարդն ամեն ջանք անում է Աստծու կամքն իր կյանքի տարբեր իրավիճակներում կատարելու համար։ Քո հավատքը կամրանա, երբ դու քո կյանքի որոշումների, պահվածքի ու Աստծու և մարդկանց հանդեպ վերաբերմունքի մեջ հնազանդվես Աստծու կամքին, որը բխում է այն Խոսքից, որին հավատում ես քո ամբողջ սրտով։ 

Երբ քո կյանքում սովորություն ու սկզբունք դառնա Աստծու կամքին հնազանդվելը․․․, այն կամքին, որը ճանաչել ես Աստծու Խոսքից, որին հավատում ես քո ողջ էությամբ, ապա կտեսնես նաև հնազանդության օրհնյալ պտուղները։ Քո հավատքը կամրանա վստահությամբ, և քո սրտում ձևավորված համոզմունքն Աստծու Խոսքի հանդեպ քեզ կպահի հավատքի կյանքում բոլոր նավաբեկություններից ու մոլորություններից։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: