December-7

Գլխավոր | Հրաշքներ | Ճանաչե՛նք Քրիստոսի երկրպագությունը

Ճանաչե՛նք Քրիստոսի երկրպագությունը

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին» անվանումը։ Այսօր խոսելու ենք Տեր Հիսուսի երկրպագության մասին։ Սա շատ կարևոր թեմա է, քանի որ իրական երկրպագությունը հասկանալը կօգնի մեզ սուտ օծյալներին տարբերելու հարցում։ Հակաքրիստոսն ու իր ծառաները նույնպես կարևորելու են երկրպագությունը։ Սակայն նրանց երկրպագությունը բացարձակապես այլ է լինելու, քան Տեր Հիսուսի ունեցած երկրպագությունն էր։

Սիրելի՛ բարեկամ, մեր երկրպագությունը մեր ունեցած հիացմունքի գագաթնակետն է։ Երկրպագությունը զգացմունքների դրսևորման գագաթնակետն է։ Երկրպագությունն իր մեջ կրում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի առջև խոնարհվելը, հնազանդության և հիացմունքի դրսևորումը, մեծարանքն ու գովաբանությունը։ 

Տեր Հիսուսի երկրպագության հիմքում Աստծու սերն էր։ Հակաքրիստոսի երկրպագության հիմքում լինելու է այս աշխարհի բարքերի հանդեպ սերը։ Տերը սովորեցնում էր անձը ուրանալ, խաչը վերցնել և հետևել Իր օրինակին։ Հակաքրիստոսի մերօրյա ծառաները սովորեցնում են վայելել այս աշխարհի բարիքները, թեթև նայել մեղքի կյանքին ու վայելել աշխարհի հաճույքները․․․ Եվ այս ամենը ներկայացնում են հոգևոր-քրիստոնեական շղարշի ներքո։ 

Տեր Հիսուսը սովորեցնում էր գանձերը Երկնքում դիզելու մասին։ Հակաքրիստոսի ծառաները շեշտադրում են այս կյանքում հարուստ լինելու կարևորությունը։ Ընդ որում, հարուստ լինելը նրանք ներկայացնում են որպես օրհնություն, իսկ աղքատ լինելը՝ անեծք։ Այս միտքը բացարձակապես չի հիմնավորվում Քրիստոսի Ավետարանով։ Այն անգամ հակասում է Տեր Հիսուսի ուսուցումներին։ 

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային» (Մատթեոս 6․24):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի երկրպագության հիմքում հավատքն էր Աստծու Խոսքի հանդեպ։ Նա Իր քայլերը, մոտեցումները և արժեհամակարգը հիմնավորում էր Աստծու Խոսքի ճշմարտություններով։ Տեր Հիսուսի հոգևոր հաղթանակների հիմքում ընկած էր «ԳՐՎԱԾ Է» արտահայտությունը։ Եթե մի բան ասվում էր Աստծու գրավոր Խոսքում, ապա դա անհերքելի ճշմարտություն էր Նրա համար։

Հակաքրիստոսի երկրպագության հիմքում աշխարհասիրությունն է լինելու։ Նա մարդկանց մոլորեցնելու և շեղելու է Աստծու Խոսքից։ Նրա համար այնքա՜ն հեշտ է լինելու Աստվածաշնչին անծանոթ ու Աստվածաշունչ չընթերցող քրիստոնյաներին ու մյուս մարդկանց մոլորեցնելը։ Ընդամենը պետք է խոստանալ բարեկեցիկ կյանք՝ լի այս աշխարհի ժամանակավոր հաճույքներով ու մեղքի զվարճությամբ, փորձել հիմնավորել այդ ամենը շեղված ու ծուռ վարդապետություններով, և մարդիկ կգնան երկրպագության՝ երկրպագելով Մամոնային, երկրպագելով դիրքը, անունը, հեղինակությունը, հարստութունը, հաճույքները և այլ նմանատիպ բաներ, որոնք կազմում են աշխարհասիրության հիմքը։

Ո՞ւմ երկրպագությանն ենք մենք հետևում․․․ Արդյոք մեր հիացմունքի և երկրպագության կենտրոնն Աստվա՞ծ է ու Նրա սերը, թե՞ այս աշխարհի ժամանակավոր փառքը, հաճույքներն ու հարստությունը․․․

«Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն Իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված Հոգի է, ու Նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհաննես 4.23-24):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: