January-25

Գլխավոր | Հրաշքներ | Հոգևոր աճի և ամրության գաղտնիքը

Հոգևոր աճի և ամրության գաղտնիքը

Մենք հասել ենք «Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ» անվանումը կրող ուղերձների շարքի նախավերջին ուղերձին։ Հուսով եմ, որ մեր նախորդ ուղերձները մեծ քաջալերանք են եղել քեզ համար, և կարողացել եմ քեզ փոխանցել Տեր Աստծու սիրո, հոգատարության, գթասրտության ու ողորմածության մասին աստվածաշնչյան ճշմարտությունները։

Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը փոքր-ինչ այլ ուղղվածություն ունի։ Այն ավելի շատ Տեր Աստծու բարությանը, հոգատարությանն ու սիրուն իմ և քո ունեցած արձագանքի մասին է։ Ինչպիսի՞ արձագանք է Աստված ակնկալում Իր ողորմությունն ու սերն ընդունած մարդկանցից։ Ո՞րն է Տեր Հիսուսի խոսքերի ու խաչի զոհաբերության հանդեպ հավատքով Աստծու ընտանիքի անդամ դարձած հավատացյալի երախտագիտության արձագանքը։ 

«Եվ Նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի Նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը» (Եփեսացիս 4.11-15):

Մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք Տեր Աստծու այն հրաշքի մասին, որը եկեղեցին է հավատացյալ մարդու կյանքում։ Եվ եկեղեցում միմյանց մեր ընդունած շնորհներով ծառայելը ո՛չ միայն իրար հանդեպ հոգատարության մեջ պետք է դրսևորվի, այլև միմյանց հոգևոր աճին, ամրությանն ու հասունությանը նպաստելով։ Հե՛նց Տեր Հիսուսն է, որ Իր եկեղեցում այնպիսի ծառայողներ է կարգել, որոնք կարող են նպաստել հավատացյալի հոգևոր աճին, հավատքի կյանքում նրա արմատների խորացմանը և կյանքի ու հոգևոր ընթացքի տարբեր փորձություններին դիմակայելուն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված քեզնից հոգևոր աճ, հասունություն և ամրություն է ակնկալում։ Եվ մեր կյանքի համար մեր երկնային Հոր այս նպատակին հասնելու համար մենք պետք է դառնանք աշակերտներ։ Տեր Հիսուսը Իր հետևորդներին աշակերտներ էր անվանում։ Տեր Հիսուսը Իր աշակերտներին նոր աշակերտներ բարձրացնելու Մեծ Հանձնարարականը փոխանցեց։ 

Աստվածաշնչի էջերում մենք չենք գտնի քրիստոնեական եկեղեցի կամ հոգևոր կյանք, որտեղ չկա աշակերտություն կամ չկան աշակերտներ։ Աշակերտությունը քրիստոնեության սիրտն է և փրկության գործի շարժիչ ուժը։ Սակայն Քրիստոսի աշակերտ դառնալը նվիրման ու կարգապահության մեծ գին է պահանջում, որը շատերը չեն կամենում վճարել։ Իսկ դու քեզ տեսնո՞ւմ ես որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Դու պատրա՞ստ ես նվիրվելու հոգևոր աճ ու հասունություն պարգևող աշակերտական կարգապահության և հավատարիմ ծառայության աստվածահաճո ընթացքին։ 

Հոգևոր աճը շատ գիտելիք կուտակելու կամ եկեղեցի հաճախելու տարիների թիվն ավելացնելու մեջ չէ։ Հոգևոր աճը Տեր Հիսուսին ավելի ու ավելի նմանվելու մեջ է՝ լինի դա մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի, Տեր Աստծու կամքին հնազանդության կամ Նրա հանձնարարություններն այս երկրի վրա իրագործելու ոլորտներում։ Քեզ անհրաժեշտ է գտնել Աստծու ճշմարիտ Խոսքը քարոզող եկեղեցի և աշակերտությանն ուղղված խնամք տանող հոգևոր խորհրդատու։

«Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի. որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է» (Մատթեոս 7․7-8):

Աղոթում եմ, որ Տեր Աստծու հոգատարության ու սիրո հանդեպ քո արձագանքը լինի Նրա հավատարիմ ու կարգապահ աշակերտ դառնալը, հոգևոր աճի ու հասունության հասնելը և Արքայության աճին նպաստող պտղաբեր ծառայություն ունենալը։ Աղոթում եմ նաև, որ եթե չունես, ապա գտնես այդ նպատակներին քեզ մոտեցնող առողջ եկեղեցի և համապատասխան խնամք տանող հոգևոր առաջնորդ։ Եվ աղոթում եմ, որ այս ամենի մեջ քեզ ուղղորդի և առաջնորդի Աստծու Սուրբ Հոգին։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: