Սիրելի՛ բարեկամ, հավատում եմ, որ Տեր Հիսուսն այսօրվա ուղերձով ուզում է առանձնահատուկ կերպով քաջալերել քեզ։
Այսօր հրաշալի օր է։ Ինչպիսին էլ լինի եղանակը կամ քո շրջապատի մարդկանց և հե՛նց քո տրամադրությունը, միևնույնն է, այսօր հրաշալի օր է, քանի որ դու կարող ես քո բոլոր հոգսերը վստահել Տեր Հիսուսին։ Մտածի՛ր այս մասին։
Մեր Տերը իշխում է ողջ տիեզերքի վրա։ Նա տերերի Տերն է և արքաների Արքան։ Նա բազմած է գահին և տիրում է ու վերահսկում ողջ տիեզերքը։ Եվ Նա այնքա՜ն է սիրում ինձ և քեզ, որ Իր կյանքը դրեց մեր փրկության համար։ Նա ունի ողջ իշխանությունը, և պատմության ընթացքը Նրա ձեռքերում է․
«Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ Նրանով է իր տեղում» (Կողոսացիս 1․17)։
Եթե դու քո ամբողջ սրտով սիրում ես Աստծուն, որը նշանակում է մեծ փափագ ունենալ Նրա կամքը ճանաչելու և պատվիրանները պահելու հանդեպ, ապա Նա քո կյանքում կատարվող ամեն բան քեզ համար բարիին գործակից է դարձնելու (Տե՛ս Հռոմեացիս 8․28 խոսքը)։
Վստահի՛ր Նրան այն ամենն, ինչը քեզ մտահոգում է ու վախեցնում։ Թու՛յլ մի տուր, որ քո խնդիրները հաղթեն քեզ, այլ դրանք դարձրու քեզ համար աղոթքի թեմաներ։ Մի՛ կքվիր այդ բեռների ծանրության ներքո ու մի՛ անհանգստացիր դրանց համար, այլ սովորի՛ր հոգսդ Տեր Հիսուսին հանձնելու կերպը (տե՛ս Ա Պետրոս 5․7 խոսքը)։
Փնտրի՛ր Տիրոջը քո ամբողջ էությամբ և կգտնես Նրան (տե՛ս Երեմիա 20․13-14 հատվածը)
Նրան գտնելուց հետո գնա Նրա մոտ։ Պարբերաբար ժամանակ հատկացրո՛ւ Նրա հետ առանձնանալու և զրուցելու համար։ Նա քո կողքին է և լսում է քեզ։ Դու Նրա կարիքն ունես։ Տիրոջ մեջ է այն խաղաղությունը, որ միշտ փնտրել ես քո կյանքում։ Նա քո կյանքը կդարձնի լիարժեք ու ցնծությունով առատ կյանք (տե՛ս Հովհաննես 10․10 խոսքը)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես ուզում եմ արձագանքել Քո կանչին։ Դու եկել ես կորածին որոնելու և ապրեցնելու համար։ Ես հե՛նց այդ կորած գառնուկն եմ, որ այլևս չեմ ուզում ապրել առանց իմ Բարի Հովվի։ Ես այլևս չեմ ուզում ապրել իմ կյանքի հոգսերի ու անհանգստությունների անվերջանալի ու ծանր բեռների տակ կքված։ Ես իմ վախերը, անհաջողությունները, խնդիրները, անհանգստությունները և ամեն ամենը, ինչը մտահոգում ու բարկացնում է ինձ․․․, իմ բոլոր հոգսերը Քեզ եմ հանձնում և դրանց լուծումը Քեզ եմ վստահում։ Դու իմ կյանքի Տերն ես և տեսնում ես իմ սիրտը, որը Քեզ է փնտրում, որը փափագում է Քո կամքին հնազանդ կյանք ապրելուն։ Պահի՛ր ինձ, Տե՛ր Հիսուս, խնդրում եմ։ Օգնի՛ր և ազատի՛ր ինձ ամեն ծանրությունից։ Իմ էությունը լցրո՛ւ Քո կյանքով՝ Քո առատ և ցնծությամբ հարուստ կյանքով։ Շնորհակալ եմ Քո սիրո ու օգնության համար։ Շնորհակալ եմ, որ տիրում ես իմ կյանքում և վերահսկում ես ամեն իրավիճակ։ Աղոթում եմ Քո սուրբ և պատվական անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը