January-09

Գլխավոր | Հրաշքներ | Հարցերը կարող են դառնալ ավետարանչության միջոց

Հարցերը կարող են դառնալ ավետարանչության միջոց

Մենք շարունակում ենք ուղերձների նոր շարքը, որը կրում է «Սուրբծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց» անվանումը։ Հուսով եմ՝ քեզ համար օրհնություն են մեր առաջին երկու նվերները, և դրանք կդառնան զորավոր գործիքներ քո ձեռքում` Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականի իրագործման հարցում։

Սիրելի՛ բարեկամ, Էջմիածնի Էմմանուել եկեղեցու սուրբծննդյան նվերների այս շարքը Քրիստոսի՝ հե՛նց քեզ նման հավատարիմ աշակերտների համար է, քանի որ մեր բոլոր նվերները մեկ նպատակ են հետապնդում՝ զինել Քրիստոսի զինվորներին հոգևոր պատերազմի համար և նպաստել խավարի թագավորության դեմ մղվող պատերազմին և մարդկանց հոգիների փրկությանը։ Հե՛նց սա է Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականի էությունը։

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):

Մեր հերթական նվերը կոչվում է «Պատասխաններ ծառայություն»։ Արդեն յոթերորդ տարին է, որ անխափան գործում է Էջմիածնի Էմմանուել եկեղեցու «Պատասխաններ» ծառայությունը և յուրաքանչյուր ուրբաթ առավոտյան YouTube, Facebook և VK Video սոցիալական հարթակներում հեռարձակվող ուղիղ եթերում ես պատասխանում եմ այն հարցերին, որոնք մարդիկ գրում են «Պատասխաններ» ծառայության ֆեյսբուքյան էջի պատին։ 

Խավարի թագավորության զենքը սուտն է։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ սատանան ստախոս է և ստության հայրը։ Խավարի ուժերի գործելակերպը մարդկանց խաբելը, մոլորեցնելը, կուրացնելն ու ճշմարտությունից շեղելն է՝ լինի դա մեղքի գայթակղության կամ մոլորություններին հավատալու միջոցով։ Քրիստոսի աշակերտների գործելակերպը պետք է լինի ճշմարտությունը մարդկանց հասանելի դարձնելը։ Հե՛նց այս նպատակն է հետապնդում «Պատասխաններ» ծառայությունը՝ մարդկանց ճանաչեցնել այն ճշմարտությունը, որը Տեր Հիսուսն էր ուսուցանում Իր ծառայության ընթացքում։ 

«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8.31-32):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչպե՞ս դո՛ւ կարող ես օգտվել «Պատասխաններ» ծառայության ընձեռած հնարավորություններից՝ որպես Քրիստոսի աշակերտ։ Անշուշտ, առաջին հերթին դու կարող ես ծառայության ֆեյսբուքյան էջին գրել քո ունեցած հարցերը, ինչը կնպաստի քո հոգևոր աճին ու ամրացմանը։

Սակայն որպես Մեծ Հանձնարարականն ընդունած Քրիստոսի աշակերտ՝ դու կարող ես նաև քո շրջապատի մարդկանց հարցերը գրել ծառայությանը և հրավիրել այդ մարդկանց միասին լսելու ուղիղ եթերը կամ եթերի ձայնագրությունը, որի ընթացքում հնչել են նրանց տված հարցերի պատասխանները։ Սա բավականին արդյունավետ ավետարանչություն է, քանի որ հրավիրված մարդիկ լսում են ոչ միայն իրենց, այլև մյուսների հարցերի պատասխանները, ինչը նրանց մոտեցնում է Աստվածաշնչին ու հավատքի կյանքին։ Յուրաքանչյուր մարդ ունի հարցեր, որոնց պատասխանները կարող են նրան օգնել հոգևոր ճիշտ ընթացք ունենալու հարցում։

Եվ վերջում ուզում եմ քեզ հետ կիսվել «Պատասխաններ» ծառայության պատասխանների պահոցով։ Մեր YouTube-յան ալիքի համանուն բաժնում (https://www.youtube.com/playlist?list=PL4IioXdxLiOhKKqMRkVs6MbZINUutJlf-) հինգ հարյուրից ավելի տարբեր հարցերի պատասխաններ կան, որոնք տրվել են ծառայության գործունեության այս տարիների ընթացքում։ Դու կարող ես լսել ու տարածել դրանք։ Ուղարկել այն մարդկանց, որոնք ունեն տվյալ պատասխանը լսելու կարիքը։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգին կհուշի ու կուղղորդի քեզ այս հարցում, եթե աղոթքի մեջ փնտրես Նրա առաջնորդությունը։

Ընդունի՛ր մեր նվերը, միացի՛ր «Պատասխաններ» ծառայության ֆեյսբուքյան էջին, տո՛ւր քո հարցերը, գրի՛ր մյուսների հարցերը, միացի՛ր մեր ուղիղ եթերներին, տարածի՛ր եթերից հետո տեղադրվող ձայնագրությունները, օգտվի՛ր պահոցի պատասխաններից և այս ամենն արա՛ Տեր Աստծու փառքի և Նրա Մեծ Հանձնարարականը իրագործելու շարժառիթով։ Աղոթում եմ, որ Տերը իմաստություն տա բոլորիս, որպեսզի արդյունավետ կերպով կիրառենք «Պատասխաններ» ծառայության ընձեռած ավետարանչության հնարավորությունները։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: