Մենք ավարտում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքը։ Իհարկե, հոգևոր կյանքի համար օգտակար սովորությունները շատ ավելին են, քան այս շարքի մեջ տեղ գտած յոթ սովորությունները։ Սակայն հույս ունեմ, որ իմ նշած սովորությունները կարմատանան քո կյանքում և իրապես կփոխակերպեն քո կյանքը՝ այն լցնելով Աստծու ներկայության քաղցրությամբ, Նրա պարգևած խաղաղությամբ և հոգևոր հաղթանակներով։ Այսպիսով, որպես վերջին սովորություն, այսօր առաջարկում եմ միասին խորհել սկսած գործի կամ կայացրած որոշման մեջ հարատևելու շուրջ․․․
Սիրելի՛ բարեկամ, ես բազմաթիվ վկայություններ եմ ստանում «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողներից, որոնք խոսում են կոտրված սրտերի բժշկության, մեղքից հեռանալու և սրբության կյանք ապրելու որոշումների, ինչպես նաև թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր բժշկությունների մասին։
Ինձ իրապես քաջալերում են ձեր վկայությունները, և ես դրանք ընդունում եմ որպես Տիրոջից ինձ ուղարկված նվերներ։ Օգտվելով սուրբծննդյան տոների առիթից՝ թույլ տուր քեզ նույնպես խնդրել, որպեսզի ինձ գրես քո փոխված կյանքի վկայությունը։ Ձեր վկայությունները լավագույն նվերներն են, որ ես կարող եմ պատկերացնել, և ես սիրով կընդունեմ դրանք, եթե ժամանակ տրամադրես ու ինձ գրես դրանց մասին։
Իրապես, հրաշալի է նման վկայություններ ստանալը։ Դրանք քաջալերում են ինձ և մեր ողջ թիմին է՛լ ավելի պարտաճանաչ ու կարգապահ կերպով պատրաստել «Քո հրաշքն՝ ամեն օր» ամենօրյա քաջալերական ուղերձները։ Սակայն, որպեսզի այս ուղերձները քո կյանքում իրապես փոփոխություն բերեն ու փոխակերպեն այն, շատ կարևոր է, որ զարգացնես քո մեջ այն սովորությունը, որի մասին խոսելու ենք այսօր։
Անցնող շաբաթվա ընթացքում ես հորդորում էի քեզ մի քանի օգտակար սովորույթներ զարգացնել քո կյանքում, որոնք կօգնեն քեզ հաստատուն մնալ որոշումներիդ մեջ, մասնավորապես՝ քո հոգևոր ընթացքին և Աստծու հետ մտերիմ հարաբերություններ ունենալուն նպաստող որոշումներիդ մեջ։
Ամենադժվարը ինչ-որ բան սկսելը չէ, այլ՝ դրա մեջ հարատևելը և այն ճիշտ ավարտին հասցնելը, ինչպես փաստում է իմ սիրելի աստվածաշնչյան այս խոսքը․ «Ավելի լավ է մի բանի վերջը, քան դրա սկիզբը.․․» (Ժողովող 7․8)։
Վերջում է, որ մենք տեսնում ենք պտուղները․․․ կամ անպտուղ հողը։ Եվ վերջում է, որ մենք հաղթանակի բերկրանքն ենք վայելում կամ ճաշակում պարտության դառնությունը։ Սակայն Տիրոջն ապավինողների և Նրան հուսացած մարդկանց կյանքում մինչև վերջ համբերելը և հավատարմության մեջ հարատևելը միշտ բերում է հաղթանակի բերկրանքն ու հաղթության պտուղների վայելքը, քանի որ Տեր Հիսուսն է նման մարդկանց զորացնողը և իմաստություն ու հաղթություն պարգևողը։
«Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք» (Եբրայեցիս 10․35-36):
Այսպիսով, օգտակար սովորույթներին նվիրված այս շարքը կավարտենք սովորություն #7-ով․ «Հարատևի՛ր ընթացքիդ ու որոշումներիդ մեջ այնքան ժամանակ, մինչև տեսնես դրանց պտուղները»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հարատևի՛ր ճիշտ հոգևոր սովորությունների մեջ այնքան ժամանակ, մինչև տեսնես ջանքերիդ պտուղները։ Եվ այդ ժամանակ էլ մի՛ թող այն, ինչ սկսել ես․․․ Գնա՛ նպատակիդ հետևից, մինչև տեսնես այն իրականացած։ Չթուլանաս, չձանձրանաս ու չհոգնես։ Տեր Հիսուսն Ինքն է քեզ զորացնողը և քեզ իմաստություն ու հաղթություն պարգևողը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը