December-25

Գլխավոր | Հրաշքներ | Հարատևի՛ր աղոթքի մեջ (Սովորություն #3)

Հարատևի՛ր աղոթքի մեջ (Սովորություն #3)

Մենք շարունակում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքը, որը կօգնի մեզ Տեր Աստծո հետ մտերիմ հարաբերություններ զարգացնելու հարցում։ Այսօր աշխարհի շատ երկրներում տոնում են Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Սրտանց շնորհավորում ենք բոլոր քրիստոնյաներին, որոնք այսօր են տոնում այս հրաշալի տոնը և մաղթում, որ յուրաքանչյուրս ճանաչենք Տեր Հիսուսին անձնապես և հիշենք, որ Նա սիրում է մեզ և փափագում ամեն օր հաղորդակցության մեջ լինել Իր հավատարիմ աշակերտների հետ։ 

Սիրելի՛ բարեկամ, երբ արթնանում ես, ո՞ւմ հետ ես խոսում առաջինը։ 

Գուցե քեզ առաջինը լսելու հաճույքը վայելում է հե՛նց Տեր Աստված՝ քո աղոթքի միջոցով․․․ սա պարզապես օրհնյալ ու հրաշալի սովորություն կարող է դառնալ քեզ համար, հատկապես, եթե արթնանում ես բոլորից վաղ, երբ քո բոլոր սիրելիները դեռ քնած են։

Ես հավատում եմ, որ մեր աղոթքը մեծ կարևորություն ունի Տեր Աստծու աչքերում։ Ինչո՞ւ։ Որովհետև աղոթքն այն կամուրջն է, որով մենք մուտք ենք գործում մեր Տեր Աստծու ներկայության մեջ։ Աղոթքի միջոցով մենք խոսում ենք Նրա հետ, և Նա պատասխանում է մեզ։ Աղոթքի միջոցով մենք կարող ենք հաղորդակցվել մեր երկնային Հոր հետ։ 

Աստվածաշունչն ասում է․ «Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ» (Կողոսացիս 4․2

Նաև հետևյալ խոսքերն ենք կարդում Աստվածաշնչում․ «Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ» (Եփեսացիս 6․18-19)։  

Ամե՛ն։ Օգտվելով առիթից՝ ես էլ քեզ եմ խնդրում, որպեսզի աղոթես, որ իմ բերանը բաց անելիս ի՛նձ էլ խոսք տրվի․․․ որ ե՛ս էլ Ավետարանի խորհուրդը՝ Բարի Լուրը, համարձակ ու ազդեցիկ կերպով փոխանցեմ մարդկանց։ Սակայն այժմ անդրադառնանք քեզ․․․

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ․․․ Այո՛, ջանք արա՛, որպեսզի հարատևես աղոթքի մեջ, որովհետև երբեմն դժվար է լինում հավատարիմ մնալ աղոթելու սովորությանը․․․, երբեմն այնպիսի զգացողություն ես ունենում, ասես աղոթքդ անպտուղ ու անպատասխան է․․․ Եվ հարատևելու հորդորս ժամանակի և աղոթքի տևողության մասին չէ, այլ կանոնավոր ու պարբերաբար աղոթքի կյանք ունենալու։ 

Իրականում, աղոթքի պտուղները երբեմն անմիջապես տեսանելի չեն լինում․․․, բայց աղոթքն աննկարագրելիորեն զորավոր է ու ազդեցիկ։ Այն ուղեկցում է Քրիստոսին նոր գտած մարդուն ճիշտ այնպես, ինչպես փորձառու հավատացյալին, որը մինչև վերջին շունչը հավատարիմ է Աստծուն։ Աղոթքն այն շնչառությունն է, որը քեզ դարձնում է Երկնքի Արքայության մի մասնիկը։ Երբեմն այս շնչառությունը կարող է շատ թույլ լինել, բայց ուշադիր եղի՛ր, որ այն միշտ պահպանես ու երբե՛ք չդադարեցնես։ 

Սա է սովորություն #3-ը․ «Աղոթի՛ր ամեն օր և քո օրը սկսիր աղոթքով»։ 

Այո՛, աղոթքն այն կենսատու շունչն է, որը քեզ ուղեկցում է այստեղ՝ Երկրի վրա, և հետո՝ դեպի հավիտենություն։

Ե՛կ աղոթենք միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես շնորհակալ եմ, որ աղոթքի միջոցով ինձ հնարավորություն ես տալիս հաղորդակցվելու Քեզ հետ և Քեզնից անբաժան մնալու։ Ես որոշում եմ կայացնում, որ պետք է աղոթեմ ամեն օր՝ Քեզ վստահելով իմ կյանքի բոլոր իրավիճակներում, ինչպես նաև իմ հաջողություններն ու ուրախությունը Քեզ հետ կիսելով։ Փոխի՛ր ինձ, խնդրում եմ․․․, այնպիսի միտք տո՛ւր, որ ամեն առավոտ սիրով ու պատրաստակամությամբ օրս սկսեմ Քեզ հետ հաղորդակցության մեջ։ Ողջ փառքը Քե՛զ լինի միայն։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։   

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: