Fabruary-17

Գլխավոր | Հրաշքներ | «Հավատո՞ւմ ես, որ կարող եմ բժշկել քո աչքերը»

«Հավատո՞ւմ ես, որ կարող եմ բժշկել քո աչքերը»

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուս Քրիստոսի կերպարն Աստվածաշնչում ուսումնասիրելը հրաշալի հայտնություններ է մեզ փոխանցում։ Ինձ համար բավականին հետաքրքրական իրողություններ են բացահայտվում այն հարցերից, որոնք Տերը տալիս էր մարդկանց, և առաջիկա օրերին մենք հե՛նց այդ հարցերից մի քանիսի մասին ենք զրուցելու։ Ահա այդ հարցերից մեկը։

«Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել» (Մատթեոս 9.28):

Տեր Հիսուսի այս հարցն ուղղված էր երկու կույր մուրացկաններին, որոնք Նրանից բժշկություն էին աղերսում։ Նրանք լսել էին Տեր Հիսուսի գործած հրաշքների մասին և, ի տարբերություն շատ այլ մարդկանց, որոնք ոչ միայն լսել, այլև տեսել էին Տեր Հիսուսի հրաշքները, այս մարդիկ խորապես հավատում էին, որ Տեր Հիսուսը կարող էր հրաշք կատարել նաև իրենց կյանքում։

Այսպիսով, նրանք որոշեցին գտնել Տիրոջը։ Դա այնքան էլ դյուրին գործ չէր, քանի որ Տերը մի վայրից մյուսն էր ճամփորդում և տարբեր տեղերում ուսուցանում ու բժշկում մարդկանց։ Սակայն այս երկու կույր մարդիկ առաջնորդվում էին իրենց ունեցած հավատքով։ Նրանք հավատում էին, որ ո՛չ միայն կգտնեն Հիսուսին, այլև կգրավեն Նրա ուշադրությունը։

«Երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, նրա հետևից երկու կույրեր էին գնում։ Նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի» (Մատթեոս 9.27):

Տեր Հիսուսի արձագանքը նրանց հավատքին հարցի տեսքով էր․ «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»։

  • Հավատքը տեսնում է իրադարձությունները նախօրոք։ 
  • Հավատքը տեսնում է չերևացող իրողությունները։ 
  • Հավատքը վստահում է Աստծուն։ 
  • Հավատքը անհնարինը հնարավոր է դարձնում։
  • Հավատքը այնպես է հպվում Աստծու սրտին, որ Նա էլ Իր հերթին հպվում է հավատք դրսևորողի կյանքին։ 

«Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան Նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ» (‭‭Մատթեոս‬ ‭9.28-29‬):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր Տեր Հիսուսը նույն հարցը քեզ է ուղղում․ «Հավատո՞ւմ ես, որ կարող եմ դա անել»։ Հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսը ամենակարող Տերն է։ Հավատո՞ւմ ես, որ Նա սիրում է քեզ և հոգ է տանում քեզ համար։ Նա գործելու է քո կյանքում այնքանով, որքանով քո հավատքը Նրան գործելու ազատություն է տալիս։ 

Նա գիտի, թե որքան մեծ է քո խնդիրը։ Իսկ դու գիտե՞ս, թե որքա՜ն մեծ է քո Տերը։ Վստահի՛ր Նրան։ Նա չի կարողանում անտարբեր մնալ անկեղծ հավատքի ցանկացած դրսևորման հանդեպ։ Քո հավատքը հասնում է մինչև Նրա սիրտը։ Քո հավատքը հպվում է Նրան այնպես, որ Նա էլ Իր հերթին քո կյանքին է հպվելու Իր բժշկարար ու ազատագրող ձեռքով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: