January-29 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Հավատարմությունը սկսվում է ապաշխարությունից

Հավատարմությունը սկսվում է ապաշխարությունից

Հավատարմությունն ամենապահանջված որակներից մեկն է ոչ միայն հոգևոր կյանքում, այլև մեզ շրջապատող իրականության մեջ գոյություն ունեցող ցանկացած ոլորտում։ Մարդիկ ձգտում են շրջապատված լինել հավատարիմ մարդկանցով։ Այն մեծագույն և կարևորագույն որակ է ընտանիքներում, ամուսնական հարաբերության մեջ և ցանկացած այլ ոլորտում։ Գործարարները, ղեկավարները իրենց հաջողվածությունը տեսնում են հավատարիմ մարդկանց մեջ։ Այս հարցում բացառություն չեն անգամ հանցագործներն ու չարագործները։ Այս աշխարհը փնտրում է հավատարիմ մարդկանց։

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Տեր Հիսուսը նույնպես հավատարիմ մարդիկ էր փնտրում։ Ոչ ոք չի կարող հաջողվել առանց հավատարիմ մարդկանց օգնության և աջակցության։ Տեր Հիսուսի առաքելությունը կորածներին որոնելն ու ապրեցնելն էր։ Եվ Նա այդ առաքելության իրականացման հարցում հավատարիմներ էր փնտրում և հիմա էլ շարունակում է փնտրել։

«Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի» (Ա Կորնթացիս 4.2):

Իսկ դու հավատարի՞մ մարդ ես։ Գիտե՞ս, որ հավատարմությունը պարգև չէ, այլ որակ, որը կարող ես զարգացնել քո մեջ կամ կարող ես նաև անել այնպես, որ այն իսպառ հեռանա քեզնից։ Հավատարմությունը մի բան է, որը յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ, եթե նպատակ դնի ու ջանք ներդնի դրան հասնելու համար։ Իսկ դու հավատարի՞մ մարդ ես։

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ հավատարմությունն ու հնազանդությունը սերտորեն կապված են իրար։ Եթե դու հնազանդ ես Աստծու կամքին ու փափագ ունես բծախնդրորեն կատարելու Նրա հանձնարարությունները և պահելու Նրա պատվիրանները, ապա դու հավատարիմ մարդ ես։ Իսկ եթե ավելի շատ ձգտում ես ապրել այնպես, ինչպես քեզ է հարմար և անել այն, ինչը քեզ է հաճելի, ապա կարելի է վստահաբար ասել, որ դու անհավատարիմ ես և կարիք ունես խորը ապաշխարության։

«Սա այն ազգն է, որ չի հնազանդվում Տիրոջ՝ իր Աստծու ձայնին և խրատ չի ընդունում. հավատարմությունը կորել և կտրվել է նրանց բերանից» (Երեմիա 7.28):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված Իր օրհնության խոստումները պահել է միայն հավատարիմների համար։ Իմ ամբողջ սրտով հորդորում եմ քեզ զարգացնել քո մեջ այդ կարևորագույն որակը։ Ես ուզում եմ, որ քո կյանքն օրհնվի Տեր Աստծու առատ օրհնություններով։ Եվ եթե դու էլ երկար ժամանակ աղոթել ես Աստծուն, որ Նրա օրհնությունների մեջ ապրես, որ փոխվի քո կյանքի իրավիճակը կամ հարցեր ես տվել, թե ինչո՞ւ Տերը չի լսում քո աղոթքներն ու չի պատասխանում քո խնդրանքներին, ապա կարող ես այս ուղերձը ընդունել որպես քո աղոթքների պատասխան։

Աստված ուզում է օրհնել քեզ։ Աստված քեզնից շա՛տ է ուզում, որ Իր սիրելի զավակի կյանքը լեցուն լինի Իր սիրո և առատության դրսևորումներով՝ Իր շնորհքով և ողորմությամբ։ Սակայն այդ ամենն ընդունելու համար դու պետք է զարգացնես քո մեջ հավատարմության կարևորագույն որակը, որը դրսևորվում է Աստծու կամքին հնազանդվելու մեջ։

Հավատարմությունը սկսվում է ապաշխարությունից։ Ե՛կ այս հրաշալի օրը դարձնենք ապաշխարության օր։ Թո՛ղ փոխենք մեր մոտեցումներն ու մտածելակերպը, սկզբունքներն ու արժեհամակարգը և դրանք դարձնենք իրական քրիստոնեական ընթացքին և Աստծու Խոսքին ու Նրա կամքին համահունչ։ Ե՛կ ապաշխարենք և մեր աղոթքների մեջ Տիրոջը խնդրենք, որ Նա սովորեցնի մեզ հավատարմության ճանապարհները և տա իմաստություն մինչև մեր վերջին շունչը Իրեն հավատարիմ մնալու համար։

Ահա թե ինչ է ասում Տերն Իր սուրբ Խոսքի մեջ․ «Իմ աչքը երկրի հավատարիմների վրա է, որ բնակվեն Ինձ հետ. անմեղ ճանապարհ գնացողը պիտի ծառայի Ինձ» (Սաղմոս 101.6):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: