Մենք շարունակում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքը, որը միտված է մեր հարաբերություններն Աստծո հետ վերականգնելուն կամ ավելի մտերմացնելուն։
Սիրելի՛ բարեկամ, ինչո՞վ է սկսվում քո օրը։ Առաջին ձայնը, որ լսում ես, Տեր Աստծու Սուրբ Հոգու քաղցր ձա՞յնն է արդյոք, թե՞ արթնանալուն պես ձեռքդ մեկնում ես դեպի հեռախոսը, որպեսզի տեսնես, թե ինչ հաղորդագրություն ես ստացել կամ ինչ նոր բան կա սոցիալական ցանցերում։
Մեր ժամանակներում հաճախ կարելի է լսել այս խոսքերը․ «Ես կոտրված ու հիասթափված եմ զգում, քանի որ չեմ կարողանում կարգավորել Տեր Աստծու հետ ժամանակ անցկացնելուս հարցը։ Այս գոլ վիճակի պատճառով այնպիսի զգացողություն ունեմ, ասես ինձ կողոպտել են՝ գողանալով Տեր Հիսուսի նկատմամբ ունեցած առաջին սերս»։
Սա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ․․․ եթե թույլ տանք, որ ամենօրյա հոգսերի հեղեղը ծածկի մեզ՝ նախքան Տեր Աստծո հետ առանձնանալը։ Եվ եթե սա շարունակական դառնա, ապա «առաջին սերը կորցնելու» զգացողությունը դառնում է անխուսափելի։
Ինչպես ամուսնական, այնպես էլ այլ հարաբերությունների մեջ մտերմություն հաստատելու և հաջողվելու համար հարկավոր է խնամք տանել, փխրեցնել և ջրել այդ հարաբերությունների «հողը»։ Հարկավոր է ամեն օր հոգ տանել և դարձնել այդ հարաբերությունը առաջնահերթություն․․․ Այսպիսով, անչափ կարևոր է, որ առաջին ձայնը, որը կփնտրես առավոտյան և որին լսելուն ժամանակ կհատկացնես, լինի Տեր Աստծու ձայնը։
Եսայիա մարգարեն գրում է․ «Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները» (Եսայիա 50․4)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն օր առավոտյան Նա ուզում է ժամանակ անցկացնել քեզ հետ։ Այդ հատուկ պահը Իր զավակի հետ՝ քեզ հետ․․․
Վերցրո՛ւ Աստվածաշունչը կամ բացի՛ր համապատասխան հավելվածը քո հեռախոսի մեջ և կենտրոնացիր Տեր Հիսուսի և Նրա Խոսքի վրա։ Այդպիսով, քո ամեն օրվա առաջին 10 րոպեն նվիրված կլինեն քո Երկնային Հորը։
Եվ այսպես, սովորություն #2-ը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ․ «Քո օրվա առաջին 10 րոպեն հատկացրո՛ւ Տեր Աստծուն»։
Եթե զարգացնես այս սովորությունը, ապա օր օրի ավելի կմտերմանաս Աստծուն, և այդ 10 րոպեն կարող է դառնալ 15, 30 և այլն։ Ավելի լավ է գոնե քիչ, բայց կարդալ Աստվածաշունչ, քան ընդհանրապես չկարդալ։ Ես հավատում եմ, որ Աստծու Սուրբ Հոգին քեզ կօգնի հավատարիմ մնալ այս սովորությանը և կուսուցանի քեզ Իր Խոսքի հետ մտերմանալ այդ ընթացքում։ Հետևյալ աստվածաշնչյան Խոսքն է սա ասում, որի շուրջ էլ կոչ եմ անում խորհել այսօր․ «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է Իմ անունով, Նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14․26)։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը