September16

Գլխավոր | Հրաշքներ | Կրակների միջո՞վ ես անցնում․․․

Կրակների միջո՞վ ես անցնում․․․

Սիրելի՛ բարեկամ, ես չգիտեմ, թե ինչի միջով ես անցնում հիմա կամ ինչ փորձության մեջ ես հայտնվել։ Սակայն հենց այսօր ուզում եմ քաջալերել քեզ՝ ինչ փորձության միջով էլ անցնես, եղի՛ր ուժեղ, որովհետև քո կյանքի պատմությունը պետք է հաղթանակների պատմություն լինի։

Չնայած փորձությունը կարող է շատ դժվարին ու ցավոտ լինել՝ անգամ այնպիսին, որ քեզ կարող է թվալ, թե կրակների միջով ես անցնում, սակայն կա մի ճշմարտություն, որը երբե՛ք չի փոփոխվում՝ քո ամենածանր փորձությունները կարող են դառնալ քո կյանքի ամենաազդեցիկ վկայությունները:

Այնքա՜ն շատ են ասվածի ապացույց հանդիսացող կյանքերը: Օրինակ՝ Նիք Վույչիչը՝ հաշմանդամ, միայնության ճնշող զգացումով և կործանված ապագայով երեխան, որը ծնվել է առանց ոտքերի ու ձեռքերի, հետագայում դարձել է երջանիկ անհատ՝ սիրող ամուսին և չորս երեխաների հայր, որը նաև Քրիստոսի Բարի Լուրը փոխանցել է միլիոնավոր մարդկանց:


Աստվածաշնչում կարդում ենք նաև Եսթերի պատմությունը, որը օտար երկրում ապրող մի որբ երեխա էր, սակայն դարձավ թագուհի և զորավոր կերպով օգտագործվեց Աստծո ծրագիրը կյանքի կոչելու գործի մեջ։ 

Այսպիսով՝ ուզում եմ այս բոլոր պատմություններով քեզ մի կարևոր քաջալերանք փոխանցել։ Քո կյանք այցելած փորձությունը քեզ կրակի պես այրելու համար չէ, այլ ավելի շուտ քեզ ոսկու պես զտելու և քո կյանքում Աստծո ծրագրերին նախապատրաստելու համար։ Դու չես պատժվում, այլ պատրաստվում ես, եթե հավատաս Տեր Աստծուն ու նվիրվես Նրա կամքն այս երկրի վրա կատարելու գործին։ Աստվածաշնչում կարդում ենք զորավոր մի խոստում Աստծուն հավատարիմ մարդկանց համար․ «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ» (Եսայիա 43․5): 

Այն, ինչ ասելու եմ հիմա, փորձված ճշմարտություն է․ երբ մենք որոշում ենք մեր կյանքը վստահել Աստծուն, Նրան տալ մեր ամենը, առանց որևէ նախապայմանի վստահել Տիրոջը, սկսած հենց այդ պահից այն ամենը, ինչը կարող է մեզ վնասել, դառնում է մեր զորությունը, մեր լավագույն պատմությունն ու ամենագեղեցիկ վկայությունը, որը փառք է բերում մեր Տեր Աստծո սքանչելի անվանը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ միասին խորհենք այս զորավոր աստվածաշնչյան խոսքի շուրջ․ «Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում» (Սաղմոս 9.9):

Աղոթում եմ, որ Աստված լինի քո ամուր աշտարակը, քո պարիսպն ու պաշտպանությունը։ Զորացի՛ր ու քաջացի՛ր։ Քո կյանք այցելած այս փորձությունը հավիտյան չի տևելու։ Այն շուտով կավարտվի։ Իսկ դրանից բխած վկայությունը մարդկանց հայտնելու է Աստծու փառքն ու հրաշագործ զորությունը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: