Fabruary-26

Գլխավոր | Հրաշքներ | Կյանքումդ երբևէ ունեցե՞լ ես լրջագույն սխալներ

Կյանքումդ երբևէ ունեցե՞լ ես լրջագույն սխալներ

Սիրելի՛ բարեկամ, պետք է խոստովանեմ, որ անկախ իմ կյանքի և ծառայության տարիների փորձառությունից, ես այսօր էլ սխալներ եմ թույլ տալիս։ Իսկ երբեմն էլ այդ սխալների համար ստիպված եմ լինում բավականին թանկ գին վճարել։ Սակայն ես չեմ ընկճվում դրանց պատճառով։ Անսխալական միայն Աստված է, իսկ սխալվելը մարդկային բնույթի անբաժան մասն է կազմում։ 

Եվ քանի որ թե՛ իմ սխալների ու ձախողումների և թե՛ հաջողությունների ու ձեռքբերումների ժամանակ ես ավելի քան համոզված եմ, որ շարունակում եմ սիրել իմ Տեր Աստծուն, ապա իմ կյանքում ամեն բաները, ըստ Աստծու խոստման, բարիին գործակից են լինում․ «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8.28):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո կյանքի սայթաքումների, անկումների ու ձախողումների ժամանակ հիշի՛ր, որ Տեր Հիսուսը շարունակում է սիրել քեզ և միայն Նա կարող է քեզ ոտքի կանգնեցնել, մաքրել ու սրբել, ինչպես նաև ամրացնել այնպես, որ այլևս չընկնես ու չձախողվես քո ընթացքի մեջ։ 

  • Այո՛, անգամ երբ օրերով չես բացում Աստվածաշունչը և մոռանում ես աղոթել, Տեր Հիսուսը շարունակում է սիրել քեզ։
  • Անգամ երբ քո կյանքում չկա մի բան, որը կգոհացնի քեզ, և ինքդ քեզնից ես հոգնել, Տեր Հիսուսը շարունակում է սիրել քեզ։
  • Անգամ երբ դու մեղքի կապանքի մեջ ես և, որքան էլ պայքարում ես, դեռ չես կարողանում դրանից ազատվել, Տեր Հիսուսը շարունակում է սիրել քեզ։
  • Անգամ երբ այնպիսի սխալ ես գործել քո կյանքում, որ դրա պտուղները այսօր էլ քաղում ես և դեռ վտանգների մեջ ես այդ սխալի պատճառով, Տեր Հիսուսը շարունակում է սիրել քեզ։
  • Նույնիսկ երբ ամեն բան սխալ ես անում քո կյանքում ու կյանքդ վերածել ես խառնաշփոթի, Տեր Հիսուսը շարունակում է սիրել քեզ և ամեն հնարավորն անում է քեզ սխալ որոշումների այդ ճահճից փրկելու համար։

Եվ եթե ժամանակ տրամադրես ու ճանաչես Նրան՝ Աստվածաշունչ ընթերցելով և Նրան քո հնազանդությամբ մոտենալով, ապա կհամոզվես, որ Նա երբե՛ք չի դադարի սիրել քեզ և երբե՛ք չի հեռանա քեզնից, եթե ինքդ անմտորեն Նրանից հեռանալու որոշում չկայացնես։

Ինչո՞ւ։ Որովհետև Նրա բնույթն է այդպիսին։ Նա այլ կերպ չի կարող։ Եթե դու հավատում ես Նրան և ընդունել ես Տեր Հիսուսին որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, ապա դու Տեր Աստծո զավակն ես՝ Նրա ընտանիքի մի անդամը։ Դու Նրա բարեկամն ես՝ ամենաթանկագին և գեղեցիկ ստեղծագործությունը։ 

«Դուք Իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ Ես պատվիրում եմ ձեզ» (Հովհաննես 15․14):

«Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի» (‭‭Երեմիա ‭31․3‬)։

Այո՛, Աստված քեզ հավիտենական սիրով է սիրում։ Անգամ քո կյանքի լրջագույն սխալների ժամանակ չհեռանա՛ս Տեր Աստծուց, այլ մոտեցի՛ր Նրան ավելի մեծ ջերմեռանդությամբ, խոստովանի՛ր սխալներդ և ապաշխարություն փնտրի՛ր Նրա սիրող ու ջերմ հայրական գրկում։ Տերը սիրում է քեզ և կօգնի քեզ քո կյանքը մեղքի քաոսից ազատագրելու հարցում։ Նա ուզում է, որ դու Իր բարեկամը դառնաս․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: