May-21 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Կյանքը կարող է լինել հեռախոսի էկրանի նման…

Կյանքը կարող է լինել հեռախոսի էկրանի նման…

Սիրելի՛ բարեկամ, քրիստոնյայի կյանքը երբեմն նման է հեռախոսի էկրանի: Լավ է, երբ այն նոր է, բայց ժամանակի ընթացքում մաշվում է, քերծվում ու կարող է պատահաբար կոտրվել:

Երբեմն մենք պատահաբար գցում ենք մեր հեռախոսը, իսկ հետո մտածում. «Հուսով եմ` չկոտրվեց»։ Հետո հայտնաբերում ենք, որ, դժբախտաբար, մի անկյունն է կոտրվել կամ էկրանի վրա ինչ-որ ճաք կա: Սկզբում մտածում ենք, որ վատ չէ, քանի որ այդքան էլ մեծ չէ վնասը: Ապա, երբ օգտագործում ենք, կոտրված ապակու կտորները սկսում են խանգարել մեզ և, ի վերջո, մենք որոշում ենք փոխել էկրանը:

Նույնը կարող է մեր կյանքի հետ պատահել։ Երբեմն այնքան ուժեղ է լինում հարվածը, այնպիսի իրավիճակների ենք բախվում, որ դրանք որոշակիորեն կոտրում ու թուլացնում են մեզ: Ի՞նչ է պետք անել, երբ բախվում ենք նման անհաջողությունների: Ամեն բան ավելի քան պարզ ու տրամաբանական է՝ պետք է գնալ այն Մեկի մոտ, Ով կարող է նորոգել մեր կյանքը: Տեր Հիսուսն է այն Միակը, Ով կարող է վերականգնել մեր կյանքի փշրված հատվածներն ու բոցավառել մարած հարաբերությունները: Այն, ինչն անհնարին է մեզ համար, հնարավոր է Նրա համար: Սակայն արդյունքի հասնելու համար մենք պետք է նախ կարողանանք վստահել Նրան մեր կոտրված սրտերը:

Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը Տեր Հիսուսի մասին Մատթեոս 12․20 խոսքում. «Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի»։

Տեր Հիսուսը երբե՛ք չի կոտրի ջախջախված եղեգը: Նա երբե՛ք չի հանգցնի այն լույսը, որը մարելու նախաշեմին է։ Տիրոջ նպատակը ոչ թե կոտրելն ու վնասելն է, այլ նորոգելը, որպեսզի լույսը կրկին փայլատակի․․․ և այս ամենը ոչ միայն քեզ համար է, այլ՝ քո միջոցով նաև մյուսների համար: 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես քեզ կոչ եմ անում վստահել Տեր Հիսուսին քո կյանքն ու կոտրված, փշրված և վիրավորված սիրտդ։ Այսօր գնա՛ Նրա մոտ ու պատմի՛ր Նրան քո կյանքի հարվածների ու ջախջախված վիճակների մասին։ Խոսի՛ր Նրա հետ ամենայն անկեղծությամբ և հանձնի՛ր Նրան քո փշրված սիրտը։ Կոտրված սրտերի Բժիշկը կարող է նորոգել այն: 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: