Fabruary-23

Գլխավոր | Հրաշքներ | Կիսով չափ լի՞, թե՞ կիսով չափ դատարկ

Կիսով չափ լի՞, թե՞ կիսով չափ դատարկ

Սիրելի՛ բարեկամ, մարդը մյուսներին կարող է փոխանցել միայն այն, ինչով լցված է։ 

Երևի գիտես, որ Հայաստանում մեքենաների մեծամասնությունը որպես վառելիք օգտագործում է բենզինն ու բնական գազը։ Իմ մեքենան նույնպես բացառություն չէ։ Տարիներ առաջ մի դեպք պատահեց ինձ հետ, որը մի կարևոր դաս ինձ փոխանցեց։ Մեքենայիս գազը վերջացել էր, իսկ բենզինի ցուցիչի կարմիր լույսը վառվում էր, ինչը նշանակում է, որ վառելիքի պաշարը մոտ է սպառվելուն։

Ես այնքան էլ լուրջ չվերաբերվեցի կարմիր լույսին և ինձ թվում էր, թե բենզինի քանակը բավարարելու էր ընտանիքիս մինչև տուն հասցնելուն։ Դրանից հետո որոշել էի գնալ ու լիցքավորել մեքենաս թե՛ բենզինով և թե՛ գազով։ Բնականաբար, արդեն պատկերացնում եք, որ ճանապարհի կեսին մենք մնացինք ճանապարհին։ Ես ստիպված էի օգնություն խնդրել և բավականին երկար ժամանակ կորցնել։ Ինչ խոսք, մանկահասակ երեխաների հետ ճանապարհին և առանց վառելիքի մնալը այնքան էլ հաճելի չէր։ Եվ այս ամենը միայն մեկ պատճառ ուներ՝ ես անտեսել էի բենզինի քանակության մասին տեղեկացնող կարմիր լույսի զգուշացումը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քեզ հետ պատահե՞լ է, որ անտեսես այն «կարմիր լույսերը», որոնք զգուշացնում են քո հոգևոր, զգացմունքային հարաբերությունների կամ ֆինանսական կարողությունների սպառման մասին։ 

Մարդը կարող է հոգնել ամեն ինչից և հասնել սպառման աստիճանի։ Ամենաուժեղ մարդիկ կարող են սպառվել, եթե ուշադրություն չդարձնեն իրենց կյանքում առկա սպառման ցուցիչների «կարմիր լույսերին»։ Նման դեպքերում մարդը դառնում է ինքնամփոփ կամ չափազանց նյարդային ու զգացմունքային։ Կորցնում է քունը կամ չի կարողանում անկողնուց վեր կենալ։ Չի կարողանում կենտրոնանալ կամ կորցնում է որևէ բան անելու ցանկությունը։ Սպառված մարդը, ի վերջո, կորցնում է ապրելու իմաստն ու փափագը։ 

Մի քանի սկզբունքներ կան, որոնք մենք երբե՛ք չպետք է անտեսենք․

  1. Դու չես կարող մարդկանց տալ այն, ինչը չունես։ 
  2. Վառելիք ապահովելը քո պատասխանատվությունն է։ 
  3. Յոթերորդ օրվա հանգիստը Տեր Աստծու դրած սկզբունքն է։ 
  4. Շաբաթվա մեջ պետք է մի քանի անգամ մարզվել և փոխել ծանրաբեռնվածության ու գործի բնույթը։ 
  5. Որպես Քրիստոսի աշակերտ դու պետք է վայելես կյանքը և օգնես մյուսներին ճաշակելու Քրիստոսի հետ կյանքի քաղցրությունը։ 

Պետրոս առաքյալը բացահայտում է իմ թվարկման առաջին սկզբունքը․ «Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ…» (Գործք Առաքելոց 3.6):

Հովվական ծառայության տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ հեշտությամբ կարող եմ սպառվել ու «մնալ կես ճանապարհին», եթե կանոնավոր կերպով չհանգստանամ ու չլիցքավորեմ կյանքս դժվարությունների հաղթահարման և մյուսներին ծառայելու համար անհրաժեշտ «վառելիքով»։ Ես նախ պետք է ստանամ այն, ինչը ուզում եմ փոխանցել մարդկանց։ Եթե ես չունեմ խաղաղություն, ես չեմ կարող մյուսներին այն փոխանցել։ Եթե ես չունեմ վստահություն, չեմ կարող քաջալերել մյուսներին։ Եթե չունեմ գիտելիք, չեմ կարող փոխանցել մյուսներին։ Եթե չեմ ձգտում սրբության կյանքի, չեմ կարող լինել հոգևոր առաջնորդ․․․

Այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Սակայն սկզբունքը մեկն է՝ դու չես կարող տալ մարդկանց այն, ինչը չունես։ Եվ եթե փորձում ես ծառայել Աստծուն առանց լիցքավորվելու, ապա շատ արագ սպառվելու ես։

Եթե դու չունես պտղաբեր կյանքի և արդյունավետ ծառայության համար անհրաժեշտ «վառելիքով» լիցքավորվելու ծրագիր, ապա շուտով բախվելու ես սպառվելու և ուժասպառության մեծագույն խնդրին։

Մոտեցի՛ր Տեր Հիսուսին, ոգեշնչվի՛ր Նրա Հոգով և սովորի՛ր հանգիստ առնել, վերականգնվել ու լիցքավորվել։ Եվ միայն այդ ժամանակ կկարողանաս հոգևոր ներդրում ունենալ մյուսների կյանքերի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: