December-4

Գլխավոր | Հրաշքներ | Կեղծը տարբերում ենք ճշմարիտը ճանաչելով

Կեղծը տարբերում ենք ճշմարիտը ճանաչելով

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ արդեն իսկ անդրադարձանք Քրիստոսի և հակաքրիստոսի բնույթի ու գործունեության տարբերություններին։ Դրանք այնքա՜ն ակնհայտ են, երբ մարդը ծանոթ է Աստվածաշնչի նկարագրություններին։ Սակայն, այնուամենայնիվ, հե՛նց նույն Աստվածաշունչն է պնդում, որ բազմաթիվ մարդիկ մոլորվելու են և չեն կարողանալու տարբերել սուտ ու կեղծ անձնավորությանը, որն իրեն Աստված է ներկայացնելու և մարդկանցից երկրպագություն է պահանջելու։ 

Սիրելի՛ բարեկամ, անշուշտ, շատերն այսօր մտածում են, թե իրենք հաստատ չեն երկրպագի հակաքրիստոսին։ Անգամ հավատքի կյանքը մերժող բազմաթիվ մարդկանց հետ իմ զրույցներում, երբ անդրադարձ է լինում այս թեմային, նրանք հաստատակամորեն ասում են, որ պատրաստ կլինեն հալածանքների, բայց չեն երկրպագի հակաքրիստոսին։ Այսպիսով, ինչպե՞ս են մարդիկ խաբվելու, եթե բոլորն այսօր հստակ մերժում են հակաքրիստոսի երկրպագությունը։ 

Պատասխանը պարզ է։ Մարդիկ ուղղակի չեն զանազանելու կեղծ քրիստոսին, քանի որ չեն ճանաչել ճշմարիտ Քրիստոսին։ Կեղծը տարբերվում է ճշմարիտը ճանաչելով։ Սովորաբար, կեղծվում են թանկ արժեք ունեցող իրերը։ Լինեն դրանք արվեստի թանկարժեք գործեր կամ բարձր արժեք ունեցող թղթադրամներ, մոտեցումը նույնն է՝ իրականը կեղծից տարբերող մասնագետները նախ լավագույնս ուսումնասիրում են բնօրինակը, որպեսզի կարողանան տարբերել կեղծիքները։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, նույնը ճշմարիտ է նաև սուտ քրիստոսներին, սուտ ուսուցիչներին, սուտ մարգարեներին և հակաքրիստոսին տարբերելու պարագայում։ Մենք նախ պետք է ճանաչենք իրականն ու ճշմարիտը։ Սակայն ինչպե՞ս․․․ Որտե՞ղից մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը իրական Քրիստոսի և նրա աշակերտների մասին։ Պատասխանը հստակ է և միանշանակ։ 

Ո՛չ մեր երևակայությունը, ո՛չ մեր սեփական պատկերացումները, ո՛չ առասպելներն ու ավանդությունները, ո՛չ էլ հեղինակավոր գրքերն ու հնագույն մատյանները չեն կարող փոխանցել այն ճշմարտությունները, որոնք մենք գտնում ենք գրքերի Գիրք և ճշմարտության միակ բացարձակ Աղբյուր Աստվածաշնչի մեջ։ Միայն Աստվածաշունչն է, որ համարվում է Արարիչ Աստծու անսխալական Խոսքը՝ ուղղված մարդկությանը։ Միայն Աստվածաշնչի էջերում ենք մենք գտնում Տեր Հիսուսի բնույթի ու որակների մասին ճշմարիտ նկարագրությունները։ Միայն Աստվածաշունչն է այն հիմքը, որի շնորհիվ տաբերում ենք հարակից գրականության և բանավոր ավանդության իսկությունը կամ ճշմարտությունից շեղված լինելը։ 

«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31-32):

Վերջին ժամանակներում մարդիկ մոլորվելու են, որովհետև Տեր Հիսուսի մասին ունեցած նրանց պատկերացումները ձևավորված են լինելու ո՛չ թե Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների, այլ սեփական պատկերացումների հիման վրա։ Վերջին ժամանակներում մարդիկ երկրպագելու են հակաքրիստոսին ո՛չ թե այն պատճառով, որ ընդունելու են նրան՝ որպես սատանայի ծառա այս երկրի վրա, այլ որ հավատալու են այն ստին, թե նա է իրական Քրիստոսը։ Աստվածաշնչին անծանոթ և Աստվածաշնչով չապրող մարդիկ են երկրպագելու հակաքրիստոսին։ 

Միայն Աստվածաշնչի մեջ ենք մենք հանդիպում Տեր Հիսուսի խոսքերին։ Իսկ Տերը խոստացել է, որ եթե մենք հավատարիմ մնանք Իր Խոսքին, ապա Նրա ճշմարիտ աշակերտները կլինենք։ Աշակերտները աշակերտ են նրանով, որ սովորում են իրենց Ուսուցչից։ Եթե մենք մեր կյանքը նվիրենք մեր Ուսուցչին ճանաչելու և Նրա ուսուցումները սովորելու ու դրանցով ապրելու գործին, ապա կճանաչենք ճշմարտությունը, և այդ ճշմարտությունը կազատի մեզ բոլոր սխալ պատկերացումներից ու ստության բերած կապանքներից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: