November-1

Գլխավոր | Հրաշքներ | Խոսքեր, որոնք սեր են փոխանցում…

Խոսքեր, որոնք սեր են փոխանցում…

Սիրելի՛ բարեկամ, Առակաց գիրքը լի է առօրյա կյանքին վերաբերող իմաստուն խորհուրդներով, որոնք վերաբերում են մեր հարաբերություններին, կյանքի սկզբունքներին, կենսակերպին կամ այն որոշումներին, որոնք կայացնում ենք մեր ամենօրյա ընթացքի մեջ։

Օրինակ, մենք խորհուրդներ ենք ստանում, թե ինչպես լուծել բարկության խնդիրը, որը շատերիս մոտ հիմնական խնդիրներից մեկն է. «Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը» (Առակաց ‭15.1
Աստծո օգնությամբ ` քեզ ցավեցնող խոսքերին դու կարող ես փափուկ ու մեղմ արձագանք ունենալ։ Նման դեպքերում դու կանգնում ես ընտրության առջև։ Կա՛մ կարող ես թույլ տալ, որ քո մեջ գլուխ բարձրացնի բարկությունը և դիմացինն արժանի հակահարված ստանա, կա՛մ կարող ես առանձնանալ Տեր Աստծո հետ և խնդրել, որ զորացնի քեզ և սովորեցնի մեղմորեն արձագանքել քեզ ցավեցնող դրսևորումներին։ Սա նաև կօգնի քեզ տեսնելու քեզ ցավեցնողների հոգևոր կապանքները, կլցնի քո սիրտը նրանց հանդեպ կարեկցանքով և ուժ կտա քեզ ատողներին սիրելու՝ Տեր Հիսուսի փոխանցած պատվիրանին հնազանդվելու համար։ 

Բարկության խնդրի լուծման մեկ այլ բանալի մեզ փոխանցում է Հակոբոս առաքյալը. «Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ. որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում» (‭‭Հակոբոս‬ ‭1.19-20‬)‬‬։

Այս խոսքերը խոնարհությամբ սրտումդ ընդունելով՝ դու ոչ միայն կաճես ինքդ քեզ վերահսկելու և զգացմուքներդ կառավարելու մեջ (շատ դեպքերում ճիշտ հակառակն է լինում և մեր զգացմունքներն են մեզ կառավարում)․․․ Դու ոչ միայն կկարողանաս վերահսկել քեզ ու կառավարել զգացմունքներդ , այլև կաճես սիրո և համբերության մեջ։ Քեզ ցավեցնող անձնավորության դեպքում դու կտեղափոխվես հարաբերության մի նոր ոլորտ, որտեղ խաղաղությունն ու սերն են տիրում։ 

Այո՛, Աստված կարո՛ղ է քո միջոցով Իր խաղաղությունը բերել այնպիսի իրավիճակներում, որտեղ բարկության պայթունավտանգ մթնոլորտն էր գերիշխում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր և քո կյանքի հետագա օրերում սովորի՛ր դանդաղ լինել խոսելու մեջ։ Իսկ երբ խոսես, քո պատասխանները թող լինեն բարի, մեղմ և դիմացինի հանդեպ սիրուց բխած։

Թող քո շուրթերից դուրս գան այնպիսի խոսքեր, որոնք խաղաղություն և սեր կփոխանցեն դրանք լսողներին։ 

Դարձի՛ր Աստծո սիրո դեսպանը։ Այդ պատասխանատու առաքելության կարևորագույն դրսևորումներից մեկն այն է, որ քո արտաբերած խոսքերը քաջալերանք, բժշկություն և խաղաղություն տարածեն քո շրջապատի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: