
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ մենք անդրադարձանք կյանքի դժվարին ընթացքով անցնող մարդկանց հանդեպ Տեր Աստծու հոգատարությանն ու տված խոստումներին, որոնք, անշուշտ, գործում են այդ խոստումների պայմաններին բավարարող մարդկանց կյանքերում։
Սիրելի՛ բարեկամ, այս ուղերձի մեջ մենք անդրադառնալու ենք դժվարություններով անցնող մարդկանց կյանքում այն գերբնական օգնությանը, որը գալիս է Տիրոջից, սակայն գործում է քեզ հարազատ ու քեզ համար հոգ տանող մարդկանց կողմից քեզ համար առ Աստված բարձրացրած աղոթքների շնորհիվ։
Իրապես, մեծագույն օրհնություն է, երբ քո շրջապատում կան մարդիկ, որոնք անտարբեր չեն քո հոգսի հանդեպ և աղոթում են քեզ համար։ Ես առանձնահատուկ օրհնված մարդ եմ այս առումով, քանի որ հաստատ գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ անկեղծ աղոթք են բարձրացնում առ Աստված իմ առողջության, իմ ծառայությունների, իմ ընտանիքի, մեր եկեղեցու և իմ կյանքի մյուս ոլորտների համար։
Գուցե հե՛նց այս ուղերձի ունկնդիրների մեջ էլ կան ինձ համար պարբերաբար աղոթող մարդիկ և, օգտվելով առիթից, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց։ Այն վարձքը, որ ես ունենալու եմ Երկնքում այս ծառայությունների բերած պտուղների շնորհիվ, նաև բոլոր այն մարդկանց է տրվելու, որոնք աղոթքով աջակցել են մեր ծառայություններին և նպաստել Աստծու Արքայության ընդլայմանն ու մարդկանց հոգիների փրկությանը։
«Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար․․․ » (Ա Տիմոթեոս 2․1):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը մեզ հորդորում է աղոթել մարդկանց համար։ Եթե դու մյուսների համար աղոթող ես, ապա մի՛ ամաչիր խնդրել, որպեսզի մյուսներն էլ քեզ համար աղոթեն։ Աղոթքը զորավոր մի զենք է հոգևոր աշխարհում։ Թեև մենք չենք կարող մինչև վերջ հասկանալ աղոթքի գործողության կերպն ու էությունը, սակայն այն գործում է և ուղի է բացում Տեր Աստծու գերբնական միջամտության համար։
«Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։ Մեզ համա՛ր էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը՝ Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ» (Կողոսացիս 4․2-3):
Պողոս առաքյալի նման օծյալ ծառայողը կարիք ուներ, որպեսզի հավատացյալներն իր համար աղոթեն։ Մենք բոլորս ունենք աղոթքի կարիք։ Երբե՛ք չամաչես քեզ մտերիմ մարդկանց խնդրել, որպեսզի աղոթեն քեզ համար, երբ անցնում ես կյանքի ծանր փորձություններով ու դժվարին իրավիճակներով։ Եթե մյուսների համար աղոթող մարդ ես, ապա թույլ տուր, որ նրանք էլ քեզ զորավիգ լինեն իրենց աղոթքներով։
«Եթե Ինձ հետ միավորված մնաք, Իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի» (Հովհաննես 15․7):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը