January-07

Գլխավոր | Հրաշքներ | Լցրո՛ւ քո օրը փառաբանությամբ

Լցրո՛ւ քո օրը փառաբանությամբ

Այսօր ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Սուրբծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց» անվանումը։ Առաջիկա վեց օրերին մենք խոսելու ենք վեց տարբեր նվերների մասին, որոնք Էջմիածնի Էմմանուել եկեղեցին պատրաստել է Քրիստոսի բոլոր այն հավատարիմ աշակերտների համար, որոնք մեծ փափագ ունեն ծառայելու Տեր Հիսուս Քրիստոսին և այս երկրային կյանքի ընթացքում իրագործելու Տիրոջ տված Մեծ Հանձնարարականը։

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):

Սիրելի՛ բարեկամ, ինչպե՞ս կարող ես քո օրը լցնել փառաբանությամբ։ Ինչո՞ւ է կարևոր Տիրոջը գովաբանող երգերով ու սաղմոսներով քեզ շրջապատելը։ Ինչպե՞ս կարող ես մյուսներին օգնել, որ իրենց առօրյան հագեցած լինի դեպի Տերն ուղղված փառաբանության ու գովաբանության երգերով։  

«Իմ սիրտը պատրաստ է, ո՜վ Աստված, ես պիտի երգեմ և սաղմոս ասեմ նաև իմ փառքով։ Զարթնի՛ր, սաղմոսարա՛ն և քնա՛ր, և ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան, պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ և ազգերի մեջ սաղմոս պիտի ասեմ» (Սաղմոս 108․1-3):

Հրաշալի է վաղ առավոտյան Աստծուն փառաբանելը։ Ամեն անգամ, երբ ես նստում եմ մեքենաս, առաջին գործը հեռախոսս մեքենայի աուդիո համակարգին միացնելն ու ինտերնետային հոգևոր ռադիոյի երգերն ու ընթերցանությունը լսելն է լինում։ Կինս գրեթե ողջ օրը տանը միացնում է նույն հոգևոր ռադիոկայանը, որը հասանելի է աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա ինտերնետային կապ։ Մեր օրը, մեր առօրյան մեծապես լցված է հոգևոր երգերով և Աստվածաշնչի ընթերցանությունն ունկնդրելով։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, դու ճիշտ հասկացար։ Սուրբծննդյան առաջին նվերը BibleRadio.am ռադիոկայքն է, որն օրը քսանչորս ժամ հասանելի է աշխարհի ցանկացած վայրում։ Այն կօգնի քեզ կտրվել աշխարհի մատուցած գայթակղիչ ու անսուրբ երաժշտություններից և կսովորեցնի քեզ փառաբանել Աստծուն քո ողջ օրվա ընթացքում։ BibleRadio.am կայքը գործում է թե՛ համակարգչի, թե՛ հեռախոսների և թե՛ ինտերնետային կապ ունեցող այլ կրիչների վրա։ Այն կարող ես լսել տանը կամ մեքենայի մեջ, բարձրաձայն կամ ականջակալներով։

Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը դարձրո՛ւ քո օրվա անբաժանելի մասնիկը։ Միացրո՛ւ BibleRadio.am կայքը և երգի՛ր քո Տիրոջը գովաբանության երգեր, լսի՛ր աստվածաշնչյան ընթերցումներ և «Քո հրաշքն՝ ամեն օր» քաջալերական ուղերձները։ Որպես Քրիստոսի աշակերտ՝ դու կարող ես նաև BibleRadio.am ինտերնետային ռադիոկայանն օգտագործել մյուսներին Տիրոջը մոտեցնելու և փրկության ուղին ցույց տալու համար։ Դու կարող ես օգնել մարդկանց, որպեսզի իրենց հեռախոսների մեջ բացեն այդ կայքը և սովորեն այն միացնելը։ Դրանով դու անուղղակի ավետարանչություն ես անում, քանի որ BibleRadio.am ռադիոկայանը ո՛չ միայն հոգևոր երգերով ու աստվածաշնչյան ընթերցումներով է լցնում մարդու միջավայրը, այլև հոգևոր ուսուցումների և հարցուպատասխանի ուղիղ եթերներ է հեռարձակում։ 

Հոգևոր երգերը մեծագույն կարևորություն ունեն հոգևոր հաղթանակներ և հոգևոր աճ ունենալու հարցում։ Ընդունի՛ր մեր առաջին սուրբծննդյան նվերը Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց։ BibleRadio.am ռադիոկայանը դարձրո՛ւ քո անբաժան ուղեկիցը։ Կիսվի՛ր քսանչորսժամյա փառաբանության այդ աղբյուրով մյուսների հետ և դարձի՛ր BibleRadio.am ռադիոկայանի դեսպանը քո շրջապատի մարդկանց համար։ Ընդունի՛ր մեր ծառայությունը քեզ և ծառայի՛ր մյուսներին, քանի որ հոգևոր երգերը և անկեղծ սրտի երկրպագությունը լավագույն միջավայրն են ստեղծում Տեր Աստծու ներկայության համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: