Լավագույն թիկնապահը…
Երբ հայտնի մարդիկ կամ քաղաքական գործիչները դուրս են գալիս հանրության առաջ, նրանք սովորաբար շրջապատված են լինում թիկնապահներով։ Քանի որ այդ մարդիկ համարվում են կարևոր, նրանց պաշտպանությունն էլ համարվում է էական, և նրանց հետ շրջում են այդ հատուկ «պաշտպանները», այդ թիկնապահները:
Սիրելի՛ Ընկեր, այսօր ուզում եմ քեզ հավաստիացնել, որ եթե դու հավատացել ես Տեր Հիսուսին, ապա Նրա համար դու նույնպես կարևոր մարդ ես։ Բազմաթիվ հրեշտակներ թիկնապահների նման աչալուրջ նայում են այս ու այն կողմ և զննում չորսբոլորը, որպեսզի ապահովեն քո պաշտպանությունը։ Եվ դա անելու համար ոչ մի միջոց չի խնայվում: Քո պաշտպանվածությունն ապահովելու համար Աստված Ինքն անձամբ է հոգ տանում դրա մասին։
Այո՛, Աստվածաշունչն ասում է, որ Աստված է քեզ Պաշտպանողը՝ քո ապահովության ու անվտանգության Աղբյուրը։ Այս գաղափարը կարող է քեզ տարօրինակ թվալ, բայց Իր Խոսքում Աստված վստահեցնում է Իր զավակներին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված միշտ քեզ հետ է։ Նա միշտ քո կողքին է։ Նրա աչքերը մշտապես քեզ վրա են: Նա հսկում է քո ամեն տեղաշարժը և պաշտպանում է քեզ բոլոր վտանգներից։ Նա վերահսկում է քո կյանքի իրավիճակները։ Եվ դու կարող ես հանգիստ լինել։ Աստված Ի՛նքն է ստանձնել քո պաշտպանության ապահովումը:
Այսօր առաջարկում եմ պարզապես գոհանալ Տիրոջից և գովաբանել Աստծուն, քանի որ Նա պաշտպանում է Իրեն հավատացողներին և հատուկ հրեշտակների բանակ է կարգում աստվածավախ մարդկանց շուրջ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
