Սիրելի՛ բարեկամ, երբևէ ունեցե՞լ ես այնպիսի մի երազանք, որն ամբողջովին տարօրինակ և անգամ խելահեղ է թվացել մյուսներին․․․ Իսկ այսօր ունե՞ս այնպիսի մի երազանք, որն անգամ քեզ է անհասանելի ու անիրագործելի թվում: Եթե այո, ապա խորհուրդ եմ տալիս վստահել Աստծուն, շարունակել երազել և ամենակարևորը՝ չմատնվել խուճապի:
Հին Կտակարանի Ծննդոց գրքում ծանոթանում ենք Նոյի պատմությանը։ Աստված Նոյին հանձնարարում է տապան կառուցել այն վայրում, որտեղ չկար ջուր՝ ծով կամ օվկիանոս։ Հսկայական այդ նավի մեջ Աստված ջրհեղեղից փրկելու էր կենդանական աշխարհն ու Նոյի ընտանիքը։ Անտրամաբանական թվացող այդ հանձնարարությունը ուներ հստակ տրամաբանություն, որը հիմնված էր տարիներ անց սպասվող ջրհեղեղի իրողության վրա:
Նոյը վստահում էր Աստծուն։ Նա չսկսեց քննարկել Աստծո հանձնարարության տրամաբանական լինելը կամ հնարավոր հետևանքները իր շրջապատի ու ողջ հասարակության արձագանքի առումով։ Այս արտասովոր առաջադրանքի հետ կապված Նոյի արձագանքի մասին կարդում ենք հետևյալը. «Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց» (Ծննդոց 6․22)։
Նոյը հավատարմորեն ու ճշգրտորեն կատարեց Տեր Աստծո հանձնարարությունը:
Երբ շատ տարիներ առաջ Տերն ինձ միտք տվեց շեշտադրել և մեծ ուշադրություն դարձնել ինտերնետային ծառայությանը, դա խելահեղ մի բան էր թվում։ Մարդիկ հեգնական ժպիտով էին նայում մեր օնլայն ծառայություններին, ուղիղ եթերներին և սկայպի միջոցով անցկացվող աշակերտական խմբերին։ Սակայն երբ ուժի մեջ մտան Քովիդի ժամանակաշրջանի սահմանափակումները, մենք այնպիսի զգացողություն ունեինք, ինչպիսին, հավանաբար, ունեին Նոյան տապանի մեջ լինողները, երբ սկսվեց ջրհեղեղը։ Մենք պատրաստ էինք դիմակայելու բոլոր սահմանափակումներին։ «Քո հրաշքն ամեն օր»-ի ուղերձները մեր ինտերնետային ծառայության ճյուղերից մեկն է միայն, որը, հավատում եմ, օրհնություն է շատ շատերի համար:
Այո՛, ես խելահեղ երազանքներ ունեցող մարդ եմ։ Եվ այժմ էլ դրանց պակասը չի զգացվում իմ կյանքում և ծառայության մեջ։ Գուցե մի օր էլ խոսեմ այն լայնածավալ ծրագրի մասին, որն իրականացնում ենք հիմա՝ տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքներով ու պատերազմական վտանգներով լեցուն մեր օրերում։ Սակայն երազանքների հարցում կարևորը խելահեղ կամ մեծ երազանք ունենալը չէ, այլ այն, որ քո երազանքը լինի Աստծո կամքին համահունչ՝ Նրա հանձնարարությամբ ներշնչված և Նրա կողմից ուղղորդված։ Այդ ժամանակ ոչ մի մարդկային կարծիք ու անհավատություն, ոչ մի ճնշում ու ռեսուրսների պակաս չի կարող քեզ հետ պահել քո կյանքի համար Աստծո ունեցած ծրագրերին նվիրվելուց և դրանք քո կյանքում իրականացած տեսնելուց։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեծ երազանքներ ունեցի՛ր և թույլ մի՛ տուր, որ վախն ու աշխարհի տրամաբանությունը հաղթեն քեզ։ Աղոթի՛ր, հնազանդվի՛ր Տեր Աստծո կամքին և քո ամբողջ ուժով առաջ ընթացի՛ր: Երազանքը, որն Աստված է դրել քո սրտում, գուցե շատ նման է Նոյին տրված հանձնարարությանը։ Գուցե նաև քո շրջապատի մարդկանց արձագանքն է նման Նոյի շրջապատի մարդկանց արձագանքին։ Սակայն եթե քո երազանքը ներշնչված է Աստծուց, ապա արդյունքը նույնպես նման է լինելու տապանի կառուցմանը՝ այն կարող է փրկել շատերին: Գուցե Աստված քո երազանքի իրականացման շնորհիվ ուզում է բազմաթիվ հոգիներ փրկել հավիտենական տանջանքի ցավալի հեռանկարից:
Այլևս մի՛ կասկածիր։ Մի՛ նայիր մարդկանց արձագանքներին։ Մի՛ փորձիր առաջ ընթանալ մարդկային տրամաբանությամբ։ Այլ ամուր բռնի՛ր Տիրոջ ձեռքը և գործի՛ր ու ջա՛նք արա, որ երազանքդ դառնա իրականություն:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը