February-25

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու պատրաստվո՞ւմ ես երկնային կյանքին

Իսկ դու պատրաստվո՞ւմ ես երկնային կյանքին

Եթե մարդը հավատում է Տեր Հիսուս Քրիստոսին, ապա հավատում է նաև երկնային կյանքի մասին Նրա փոխանցած ճշմարտություններին։ Հավատացյալ մարդուն հավատքի հարցում խնդիրներ ունեցող մարդուց տարբերելու լավագույն կերպը երկրայինի և երկնայինի հանդեպ նրա վերաբերմունքը քննելն է։

Սիրելի՛ բարեկամ, այս կյանքից հետո երկնային իրականության մասին Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին հավատացող մարդն իր կյանքն ապրում է որպես պանդուխտ և օտարական այս աշխարհում։ Իսկ երբ մարդու բոլոր երազանքներն ու փափագները կապված են այս ժամանակավոր կյանքի հետ, ապա նա կա՛մ չի հավատում Տեր Հիսուսին ու Նրա փոխանցած ճշմարտություններին, կա՛մ էլ հավատքի կյանքի մանկահասակ տարիների մեջ է և դեռ չի ազատվել այս ժամանակավոր կյանքի խաբկանքների խաբուսիկ հմայքներից։ 

Տերը հստակ ուսուցանում էր, որ Իրեն հավատացող յուրաքանչյուր մարդ պետք է նախապատրաստվի երկնային կյանքին․ «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6.19-21

Երբ մարդն ապրում է ո՛չ թե այս կյանքում ունեցվածք, անուն ու փառք կուտակելու համար, այլ Երկնքում գանձեր դիզելու փափագով, ինչը Տեր Աստծու գովասանքին արժանանալն է, ապա այդպիսի մարդու սիրտն այս աշխարհի հաճույքներով չի տարվում, քանի որ որտեղ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սիրտն է լինելու։ Հավատքի մարդկանց զրույցներն ու հետաքրքրությունները, երազանքներն ու ձգտումները ո՛չ թե մարմնավոր, այլ հոգևոր արժեքների շուրջ են։

«Որովհետև այդպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։ Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։ Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի, և դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետև նրանց համար քաղաք է պատրաստել» (Եբրայեցիս 11.14-16
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ որտե՞ղ է քո՛ սիրտը։ Որտե՞ղ ես կուտակում քո՛ գանձերը։ Որո՞նք են քո կյանքի գանձերը։ Դրանք այս երկրի վրա հաջողվելո՞ւ մեջ են, մարդկանց գովասանքին ու փառքին արժանանալո՞ւ մեջ, թե՞ Տեր Աստծուն հաճելի կյանք ապրելու և քո երկրային միջոցներն ու տաղանդները Նրա կամքը կատարելուն ուղղելու մեջ։ Դու այս երկրի վրա՞ ես գանձեր դիզում, թե՞ երկնքում։ 

Այսօր աղոթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն անկեղծորեն քննի իր հավատքը։ Հավատքը քննելու լավագույն կերպը մեր գործերին ու մեր ձգտումներին նայելն է։ Ի՞նչ է մեզ ուրախացնում և ի՞նչը՝ տխրեցնում։ Ինչի՞ վրա ենք մենք ավելի հոժարությամբ ու սիրով ծախսում մեր ժամանակն ու ֆինանսները։ Որտե՞ղ ենք փափագում առավել հաջողվել․․․ Այս և նմանատիպ հարցերը եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշակի իմաստով կօգնեն մեր հավատքը քննելու և երկնային կյանքին նախապատրաստվելու հարցում։ 

Երբ սկսես քո կյանքի գանձերը Երկնքում դիզել, կտեսնես, թե որքան է ամրանում քո սրտի հավատքը և զորանում Տեր Աստծու խոսքերի ու խոստումների հանդեպ քո վստահությունը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: