Novmeber-11

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս ազատվել մեր հին բնույթից

Ինչպե՞ս ազատվել մեր հին բնույթից

Այսօր մենք սկսում ենք «Հանի՛ր հին մարդուն և հագի՛ր նոր մարդուն» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Եփեսացիս 4․22-24 հատվածի ուսումնասիրության վրա։

«…հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (Եփեսացիս 4․22-24

Սիրելի՛ բարեկամ, Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձ պետք է ընդունի աստվածաշնչյան այս հորդորն ու հրահանգը։ Տեր Աստված է մեզ Իր հայրական հոգատարությամբ հրահանգում, որ հանենք մեր վրայից մեր հին բնույթն ու ընդունենք և հագնենք նորը։ Ի՞նչ է դա նշանակում, ինչպե՞ս է դա հնարավոր և որքանո՞վ է կարևոր։

Կարծում եմ՝ բոլորս էլ հստակ հասկանում ենք, թե ինչ է նշանակում հին բնույթը և ինչ է նոր բնույթը։ Հինը մեղքի կյանքով ապրող մարդն է, որն ապրում է այս աշխարհի առաջարկած ցանկություններով երջանկանալու խաբկանքներով։ Մեր հին բնույթը լի է նախանձով, բարկությամբ, եսասիրությամբ, ատելությունով և մարմնավոր կյանքին ու այս աշխարհի սկզբունքներին հատուկ որակներով։

«Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու Արքայությունը չեն ժառանգելու» (Գաղատացիներին 5.19-21):

Աստված հորդորում ու հրահանգում է Իր զավակներին հանել հին մարդը իրենց վրայից, քանի որ գիտի, որ հին բնույթի գործերով ապրող մարդիկ չեն կարող Աստծու Արքայությունը ժառանգել։ Աստված այնքա՜ն է սիրում ինձ և քեզ, որ ո՛չ միայն Իր Որդուն է զոհել ամեն Նրան հավատացողի փրկության համար, այլև ամեն բան հոգացել է, որ մենք ազատվենք մեր հին բնույթից, որը մեզ դեպի կործանում է տանում, և հագնենք նոր բնույթը, որը Սուրբ Հոգու շնորհիվ Քրիստոսի աշակերտին հարիր կյանքի պտուղ է ապահովում։ 

«Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ» (Գաղատացիներին 5․22-24):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամենակարևոր դասը, որը շատ եմ ուզում, որ այսօր ընդունես այս ուղերձից, այն է, որ Աստվածաշունչն ասում է, որ հին մարդուն հանելը և նոր մարդուն հագնելը մեր գործն է։ Դա չի անելու Աստված, թեև Նա է հոգացել այս հրաշալի փոխակերպումը։ Դա չի անելու իմ կամ քո հոգևոր առաջնորդը, թեև Աստծուց դրված է մեր կողքին, որ օգնի ու աջակցի մեզ այդ ընթացքի մեջ։ Դա չի անելու նաև մեր ամենամտերիմ կամ ամենահարազատ մարդը, որ գուցե մեզնից շատ ավելի մեծ հավատք կամ հոգևոր հասունություն ունի։ Այս կարևորագույն գործն Աստված հե՛նց մեզնից է ակնկալում։

Անշուշտ, այս ամենը չի կարող տեղի ունենալ մեկ ակնթարթում։ Դրա համար հոգևոր աճ և հասունություն է անհրաժեշտ։ Հին մարդուն մեր վրայից հանելու և նորը հագնելու հարցում ավելի գործնական քայլերին կանդրադառնանք հաջորդ օրերի ուղերձների մեջ։ Իսկ այսօր ուզում եմ հայտնել քեզ, որ հատուկ աղոթում եմ քեզ համար, որպեսզի Տեր Աստված քեզ իմաստություն տա, որ հասկանաս ու գիտակցես քո բնույթի փոխակերպման վերոնշյալ աստվածաշնչյան հորդորի ու հրահանգի կարևորությունը, լրջությունն ու հրատապությունը։ 

Օրհնյալ և Աստծու Սուրբ Հոգու քաղցր ներկայությամբ հագեցած օր եմ մաղթում քեզ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: