November-4

Գլխավոր | Հրաշքներ | Ինչո՞ւ էր Տերը դռան հետևում

Ինչո՞ւ էր Տերը դռան հետևում

Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դասեր Լավոդիկեի եկեղեցուց» անվանումը։ Լավոդիկեի եկեղեցին այն յոթ եկեղեցիներից մեկն է, որոնց Տեր Հիսուսը ուղերձներ է հղում Հայտնության գրքի երկրորդ և երրորդ գլուխներում։ Որոշ աստվածաբաններ հարում են այն տեսակետին, որ այդ յոթ եկեղեցիները խորհրդանշում են Եկեղեցու պատմության յոթ փուլերը, և Լավոդիկեի եկեղեցին համապատասխանում է մեր ժամանակների եկեղեցուն։ Չպնդելով և, միևնույն ժամանակ, չհերքելով այդ տեսակետը՝ հավատում եմ, որ մենք բավականին կարևոր հոգևոր դասեր կարող ենք քաղել Լավոդիկեի եկեղեցուն ուղղված Տեր Հիսուսի խոսքերից։

Սիրելի՛ բարեկամ, այսօր անդրադառնալու ենք Տեր Հիսուսի այն խոսքերին, որոնց մեջ ակնհայտ երևում է, որ Նրա համար տեղ չկար Լավոդիկեի եկեղեցում։ Չգիտես ինչու՝ Տերը հայտնվել էր այդ եկեղեցու դռնից դուրս։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Չէ՞ որ Տերն է եկեղեցու գլուխը։ Չէ՞ որ եկեղեցին պետք է այնքա՜ն սերտ կպած լինի Տեր Հիսուսին, որքան մարմինն է սերտորեն կապված գլխի հետ։ Տերը Լավոդիկեի եկեղեցուն հորդորում էր բացել դուռը Իր առջև և հայտնում էր Իր պատրաստակամությունը՝ ներս գալու և մտերիմ հաղորդակցություն ունենալու նրանց հետ։ 

«Ահա Ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ Ինձ հետ» (Հայտնություն 3․20

Ի՞նչ դաս կարող ենք քաղել Տեր Հիսուսի այս խոսքերից։ Նախ՝ հասկանում ենք, որ Տիրոջ առաջ դուռը բացելը նշանակում է լսել Նրա ձայնը և հավատալ Նրա խոսքերին։ Տերերի Տեր և թագավորների Թագավոր Հիսուս Քրիստոսին Իր իսկ հիմնած եկեղեցու դռնից դուրս թողնելու հարցում մեղավոր են այն ծառայողներն ու առաջնորդները, որոնք առաջնորդվում են սեփական պատկերացումներով, այլ ոչ թե Տեր Հիսուսի ուսուցումներով։

Յուրաքանչյուր հավատացյալ կարող է ներս կանչել Տեր Հիսուսին, սակայն կարող է նաև Նրան մատնացույց անել դրսի դուռը։ Երբ մենք մեր հոգևոր ու եկեղեցական կյանքի կամ, ընդհանրապես, մեր կյանքի ցանկացած որոշում կայացնելիս փորձում ենք լսել Տեր Հիսուսի կարծիքը, մենք Նրան, պատկերավոր կերպով ասած, կանչում ենք ներս և Նրա հետ նստում մի սեղանի շուրջ խորհրդակցության։ 

Երբ մի կարևոր որոշում պետք է կայացնենք կամ որևէ վարքագիծ ու վերաբերմունք ենք դրսևորել և աղոթքի ու Աստծու Խոսքի սկզբունքների մեջ փնտրում ենք Տեր Հիսուսի կարծիքը մեր որոշման, պահվածքի կամ վերաբերմունքի վերաբերյալ, մենք Նրա առջև բացում ենք դուռը և Նրան ներս ենք հրավիրում։ Իսկ երբ անտեսում ենք Նրա կարծիքը և հետևում մեր պատկերացումներին՝ վստահ լինելով, որ մենք չենք կարող սխալվել և Տեր Հիսուսի գնահատականների կարիքը չունենք, ապա Նրան դուրս ենք հրավիրում մեր որոշումների սենյակից, և Նա հայտնվում է մեր դուռը դրսից թակողի կարգավիճակում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հե՛նց սա էր տեղի ունեցել Լավոդիկեի եկեղեցում։ Այդ եկեղեցին ուներ իր սեփական պատկերացումները ծառայության, հաջողվածության և սրբության կյանքի վերաբերյալ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներին և ունեցած պատկերացումներին։Տիրոջ ներկայությունը և Նրա Խոսքը տեղ չունեին այդ եկեղեցու ընթացքի, ծառայության և առաջնորդության մեջ։ Տեր Հիսուսը հայտնվել էր այդ եկեղեցու դռնից դուրս․․․

Ցավալի իրականություն, որի մասին պետք է խորհենք յուրաքանչյուրս։ Արդյոք մենք նույնպե՞ս փակում ենք մեր դուռը Տեր Հիսուսի առջև՝ մերժելով Նրա Խոսքի սկզբունքները մեր ապրելակերպի ու որոշումների կայացման հարցում։ Աղոթում եմ, որ քո ամբողջ սրտով ընդունես ու յուրացնես Լավոդիկեի եկեղեցուն ուղղված Տեր Հիսուսի՝ վերը բերված խոսքերի մեջ պարփակված դասը։

Սակայն այդ հատվածի մեջ ևս մեկ դաս կա, որը մեծագույն քաջալերանք ունի իր մեջ։ Տերը երբե՛ք չի նեղանում ու չի հեռանում Իր եկեղեցուց, անգամ եթե այդ եկեղեցին Լավոդիկեի եկեղեցու պես ինքնահավան ու հպարտ եկեղեցի է՝ Տիրոջը մերժող ու սեփական պատկերացումներին ու ավանդույթներին հետևող։ Տեր Հիսուսը շարունակում է թակել դուռը։ Նա չի հաշտվում և երբե՛ք չի հաշտվելու Իր զավակների մոլորյալ ընթացքի հետ։ Տերը թակում է դուռը և պատրաստ է վերականգնել մտերիմ հաղորդակցությունը, եթե մենք թույլ տանք, որ Նա Իր վճռորոշ խոսքն ունենա մեր որոշումների կայացման հարցում:

«Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ Նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը» (Կողոսացիս 3․16-17):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: