April-27

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է պետք անել, երբ վիրավորանքը թակում է դուռդ

Ի՞նչ է պետք անել, երբ վիրավորանքը թակում է դուռդ

Սիրելի՛ բարեկամ, վստահ եմ՝ դու էլ ինձ նման գիտես, որ քանի դեռ մենք այս երկրի վրա ենք, ցավոք, բաց ենք և խոցելի մյուսների կողմից վիրավորանքներ կրելու իրողության առջև և կարող ենք նաև ինքներս գիտակցաբար կամ անգիտակցաբար վիրավորել մյուսներին։ Այս տհաճ իրողությունը մի պարզ բացատրություն ունի՝ մենք մարդ ենք և, հետևաբար, կարող ենք սխալներ թույլ տալ։ 

Սակայն, անկախ ամեն ինչից, թույլ մի՛ տուր, որպեսզի դիմացինի վիրավորական, ցավեցնող խոսքերը կամ չարամիտ արարքները քո կյանքում դառնության պատճառ դառնան։ Անգամ այդ ամենի առկայության պարագայում դու կարո՛ղ ես ընտրել խաղաղության կյանքով ապրելը։ 

Աստվածաշունչը քաջալերում է ո՛չ թե արհամարհել կամ անտեսել վիրավորանքը, այլ ընտրել ներման ուղին՝ վիրավորվելու և վրեժխնդիր լինելու փոխարեն։ Ահա թե ինչ ենք կարդում Առակաց 10․12 խոսքում. «Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները»։

Այլ կերպ ասած՝ երբ ինչ-որ մեկը վիրավորում է քեզ, քո լավագույն արձագանքը նրա սխալը ծածկելն է։ Սա որոշակի իմաստով նման է ինչ-որ բան ծածկելուն այնպես, որ այն երևացող չլինի։ Շարունակելով այս համեմատությունը՝ այդ գործողությունը կարող ենք համեմատել դիմացինի սխալները սիրո «ծածկոցով» ծածկելու հետ։ Սա չի նշանակում չբարձրաձայնել ընտանիքում, եկեղեցում կամ երկրում առկա անարդարություններն ու խնդիրները։ Այս խորհուրդը շատ անձնական է։ Այն վերաբերում է քո հանդեպ մարդկանց սխալ վերաբերմունքը ներելու և կատարվածը չտարածելու մոտեցմանը, որը բխում է տվյալ մարդու հանդեպ քո ունեցած սիրուց։

Եվ եթե չես սիրում տվյալ մարդուն կամ անգամ ատելության զգացում ունես նրա հանդեպ, ապա կարող ես խնդրել Տիրոջը, որպեսզի Նա բժշկի, նորոգի և փոխի քո վերաբերմունքը տվյալ անձի նկատմամբ։ 

Սերը ծածկում է բացարձակապես բոլոր մեղքերը։ Հավատում եմ, որ հենց այսօր Աստված օգնելու է քեզ սիրո միջոցով դիմացինի հասցրած վիրավորանքը ծածկելու գործում։ 

«Սերը ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է ‭‭(Ա Կորնթացիս‬ ‭13․7‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ուզում եմ տեղեկացնել քեզ, որ գիտեմ այս թեմայի ողջ բարդության մասին։ Սակայն նաև ուզում եմ քաջալերել քեզ ու ասել, որ Աստված մեր կյանքերում անհնարին թվացող բաները հնարավոր դարձնելու զորություն ունի։ Եվ ես աղոթում եմ քեզ համար, որպեսզի այսօր քեզ անհնարին թվացող ներումը Տեր Աստծու օգնությամբ մի օր դառնա քո կյանքի զորավոր վկայություններից մեկը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: