Novmeber-3

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է նշանակում լինել սրտով ուղիղ

Ի՞նչ է նշանակում լինել սրտով ուղիղ

Այսօր մենք ավարտում ենք «Աստված պաշտպանում է Իր զավակներին» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 97․10-11 հատվածի ուսումնասիրության վրա։ Հույս ունեմ, որ այս շարքը օրհնություն և քաջալերանք էր քեզ համար և օգնեց քեզ Աստծու հետ քո հարաբերության մեջ ամրանալու և Նրա հանդեպ քո վստահությունն ավելի ամրապնդելու հարցում։

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար» (Սաղմոս 97:10-11

Սիրելի՛ բարեկամ, աստվածաշնչյան այս հրաշալի խոստման և քաջալերական հատվածի ուսումնասիրության ընթացքում նախորդ օրերին անդրադարձանք դրանում առկա պայմաններից երեքին՝ լինել Աստծուն սիրող մարդ, Նրա առջև ապրել սրբության կյանքով և փափագել ունենալ այն արդարությունը, որը Տերն է ակնկալում մեզնից։ Այսօր խոսելու ենք Աստծու ապահովության մեջ ապրելու խոստման վերջին պայմանի մասին՝ ի՞նչ է նշանակում լինել սրտով ուղիղ։ 

Սիրտը մեր մարմնի կարևորագույն օրգաններից մեկն է։ Սակայն Աստվածաշնչում հաճախ սիրտը ներկայացվում է փոխաբերական իմաստով։ Մարդու սրտի հետ համեմատության մեջ Աստվածաշունչը շեշտադրում է մաքուր կամ ուղիղ սիրտ ունենալու կարևորությունը։ Աստվածաշնչում է, որ կարդում ենք Աստծու Խոսքերը մարդու սրտում պահելու մասին, մարդու սրտի խորհուրդների՝ Աստծուն հաճելի լինելու մասին, սրտի հավատքի և սրտի դարպասները պահպանելու կարևորության մասին և այլն։ 

Նշված համեմատություններից հասկանում ենք, որ ուղիղ սիրտ ունենալը մեր անկեղծ ու ճշմարիտ վերաբերմունքն է Տեր Աստծու հանդեպ։ Աստված՝ Ինքն ուղիղ է մարդկանց հետ և ճշմարիտ ու արդար է Իր վերաբերմունքի ու գործերի մեջ։ Տերը նման վերաբերմունք է ակնկալում նաև մեզնից։ Սրտով ուղիղ են այն մարդիկ, որոնց հավատքը հիմնված է Աստծու ճշմարտությունների վրա, իսկ ապրած կյանքը բխում է այդ հավատքի հաստատած սկզբունքներից։ 

Աստվածաշնչում կարդում ենք Տեր Աստծու հետևյալ խոսքերը․ «Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ» (Երեմիա 17․10):

Մարդը կարող է ձևանալ, կեղծել, լինել մեկ այլ մարդ, սակայն ներկայանալ որպես բացարձակապես այլ մեկը։ Սակայն Աստված քննում ու տեսնում է ամեն բան՝ անգամ մարդու սրտի խորքերը և ծածուկ շարժառիթները։ Մարդը կարող է լավագույնս կոծկել սեփական սխալները, մեղքերն ու հանցանքները, սակայն Աստված գիտի ու տեսնում է ամեն բան։ Երանի՜ այն մարդուն, որի սիրտն ուղիղ է Տեր Աստծու առջև։ Նման մարդը անսխալական կյանք ապրող մարդը չէ, այլ իր սխալների ու մեղքերի հանդեպ Աստծու ակնկալած վերաբերմունքն ունեցող մարդն է։ 

Սրտով ուղիղ մարդիկ չեն ձևացնում, սրտով ուղիղ մարդիկ անաչառ են, սրտով ուղիղ մարդիկ չունեն չար շարժառիթներ։ Սրտով ուղիղ են այն մարդիկ, որոնք հավատում են Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին ու սկզբունքներին և անկեղծորեն ձգտում են դրանց համահունչ կյանք ապրել։ Ահա հե՛նց այսպիսի մարդկանց համար են Տեր Աստծու հրաշալի խոստումները։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը տեսնում է մեր սրտերը, քննում է մեր մտքերը և մեզ մեր ճանապարհի համեմատ է հատուցելու։ Նրա առջև ուղիղ ընթացք ունեցողները օրհնվելու են, Տիրոջ պաշտպանության տակ են լինելու։ Արդարության ու սրբության փափագ ունեցող մարդիկ Նրա ապահով գրկում են հանգրվանելու, չար մարդկանց նյութած դավերը չեն գործելու նրանց կյանքում, և Աստված փրկելու է նրանց ամբարիշտ մարդկանց ձեռքից։ Ուղիղ սիրտ ունեցող մարդկանց կյանքում Աստված Իր լույսն է ուղարկելու և ուրախությունն է հաստատելու։

Ահա այսպիսի օրհնյալ ընթացք է Աստված պատրաստել նաև քե՛զ համար, եթե այսօր ընտրես Տեր Աստծու առաջ ուղիղ սրտով և ուղիղ ճանապարհներով ապրելը։ Աղոթում եմ քո որոշման հաստատուն լինելու համար և օրհնում եմ քեզ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: