Novmeber-14

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է հոգու նորոգությունը

Ի՞նչ է հոգու նորոգությունը

Շարունակում ենք «Հանի՛ր հին մարդուն և հագի՛ր նոր մարդուն» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Եփեսացիս 4․22-24 հատվածի ուսումնասիրության վրա։

«…հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (Եփեսացիս 4․22-24

Սիրելի՛ բարեկամ, երեկ անդրադարձանք Աստվածաշնչի՝ մտքով նորոգվելու հորդորին ու պահանջին և հասկացանք, որ մտքով նորոգվելը կապ ունի Աստծու կամքը ճանաչելու հետ։ Մենք միայն մեկ Աղբյուր ունենք՝ Աստվածաշունչը, որտեղ Աստված հայտնում է Իր բնույթն ու կամքը, սկզբունքներն ու վերաբերմունքը մարդու ու Իր արարչագործության մյուս դրսևորումների հանդեպ։ Աստված սեր է։ Նա հոգացել է, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով փնտրում է Իրեն, կարողանա գտնել։

Իրականում, մտքի նորոգությանը պետք է հետևի մեր հոգու նորոգությունը։ «… հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք»։ Իսկ ի՞նչ է հոգու նորոգությունը։ Ինչպե՞ս է հնարավոր գործնականում նորոգել մեր հոգին։ 

Մեր հոգին կարող է նորոգվել միայն Սուրբ Հոգու շնորհիվ։ Աստվածաշունչը Սուրբ Հոգուն Մխիթարիչ է կոչում։ Մխիթարիչ բառը թարգմանված է հունարեն բնագրի Պարակլետոս բառից, որը շատ ավելի լայն իմաստ ունի, քան միայն մխիթարելը։ Այն նշանակում է Պաշտպան, Խորհրդատու, Օգնական, ինչպես նաև Դատապաշտպան և Մխիթարիչ։ 

Երբ մենք Աստվածաշնչի շնորհիվ ճանաչում ենք Աստծու կամքը, կանգնում ենք մի կարևոր ընտրության առջև։ Մենք կա՛մ հնազանդվում ենք այդ կամքին ու ամեն ջանք անում Աստծուն հաճեցնելու համար, կա՛մ ապստամբում ենք Տեր Աստծու բարի, հաճելի ու կատարյալ կամքի դեմ և որոշում հնազանդվել մե՛ր կամքին, այլ ոչ թե Աստծուն։ Ի՞նչ կապ ունի այս ամենը Սուրբ Հոգու շնորհիվ մեր հոգու նորոգության հետ։ 

Աստվածաշունչը նույն Եփեսացիս թղթի չորրորդ գլխում մեզ հետևյալն է սովորեցնում․ «Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիներին 4.30):

Երբ մենք հավատում ենք Աստծու Խոսքին և որոշում հնազանդվել Նրա կամքին, Սուրբ Հոգին գալիս է մեր կյանք, բնակվում մեր մեջ և թարմացնում ու նորոգում մեր հոգին։ 

«Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու» (Հովհաննես 14․15-17):

Իսկ եթե մենք մեր անհնազանդությամբ տրտմեցնենք Սուրբ Հոգուն, ապա կկորցնենք Նրա ներկայության քաղցրությունը և կկտրվենք Նրա հետ մեր հոգին նորոգող հաղորդակցությունից, քանի դեռ չենք ապաշխարել ու մեղքից հեռանալու հաստատակամ որոշում չենք կայացրել։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր հոգին նորոգվում է միայն իր Արարիչ Աստծու ներկայության մեջ։ Աղոթում եմ, որ այսօր թանկ գնահատես Տեր Աստծու ներկայությունը քո կյանքում և հստակ հավատաս Աստծու Խոսքին ու գիտակցես, որ Նրա ներկայությունը քո կյանքում կախված է Իր կամքի հանդեպ քո ունեցած վերաբերմունքից։ 

Աստված ուզում է նորոգել քո հոգին․․․ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: