December-11

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ արձագանք ունես Աստծո Խոսքի խոստումներին

Ի՞նչ արձագանք ունես Աստծո Խոսքի խոստումներին

Սիրելի՛ բարեկամ, մի հարց եմ ուզում տալ քեզ այսօր․ «Ի՞նչ արձագանք ես ունենում Աստվածաշնչում գրված Տեր Աստծու խոստումների հանդեպ»։ Դրանք քեզ ուրախացնո՞ւմ են, թե՞ զարմացնում։ Հավա՞տք են առաջացնում քո սրտում, թե՞ կասկածներ։

Մենք ամենատարբեր կերպով կարող ենք արձագանքել Տեր Աստծու խոստումներին։ Եվ Աստված տեսնում է այդ ամենն ու, որպես սիրող Հայր, հասկանում է մեզ։ Մեր ամենածանր իրավիճակներում Աստծու որոշ խոստումների հանդեպ մեր արձագանքը կարող է տարակուսանքն ու կասկածը լինել, քանի որ հուսահատությունն ու իրավիճակը շտկելու  նախկինում ձախողված փորձերը գողանում են այդ խոստումների հանդեպ մեր հավատքն ու վստահությունը։ 

Օրինակ, Սառան բոլորովին կորցրել էր երեխա ունենալու հույսը։ Այո՛, Աստված խոստացել էր, որ նա ժառանգ է ունենալու և մեծաթիվ սերնդի նախամայրն է լինելու, սակայն տարիների հետ այցելած ծերությունը այլ բան էր հուշում և բացարձակապես այլ համոզմունք էր ձևավորել նրա սրտում։ Ժամանակի ընթացքին զուգահեռ խամրում էին նաև Սառայի երեխա ունենալու հույսն ու Աստծու խոստման հանդեպ հավատը։ 

Հետո մի օր Տերը երևաց Աբրահամին և կրկին խոսեց նրա հետ ու ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը» (Ծննդոց ‭18․10‬

Պատմության շարունակության մեջ կարդում ենք, որ գուցե հուսահատությունից կամ գուցե նաև անհավատությունից, այս խոսքերի հանդեպ Սառայի արձագանքը ծիծաղն էր․ «Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է» (Ծննդոց ‭18․12‬)։

Սակայն Տեր Աստծու յուրաքանչյուր խոստում անբեկանելի է, և այս անհավանական թվացող խոստումը նույնպես կատարվեց։ Մեկ տարի անց Իսահակը ծնվեց։ Իսկ գիտե՞ս, թե ինչ է նշանակում Իսահակ անունը։ Այո՛, «ծիծաղ» կամ «նա ծիծաղում է»։

Եվ զարմանալին այն է, որ ոչ միայն Սառան ծիծաղեց, երբ լսեց իր երեխա ունենալու մասին խոսքը, այլև Աբրահամն էր ծիծաղել որոշ ժամանակ առաջ։ 

«Աստված ասաց Աբրահամին. «Քո կնոջը՝ Սարային, Սարա չասես, այլ Սառա կլինի նրա անունը։ Ես կօրհնեմ նրան, նաև նրանից մի որդի կտամ քեզ. կօրհնեմ նրան, և նրանից ազգեր կլինեն. ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից»։ Աբրահամը երեսի վրա ընկավ, ծիծաղեց և իր սրտում ասաց. «Արդյոք հարյուր տարեկան մարդուց զավակ կլինի՞, և իննսուն տարեկան Սառան կծնի՞» (Ծննդոց 17.15-17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դու էլ այսօր կարդում ես Տեր Աստծու խոստումների մասին և մտքովդ էլ չի անցնում, որ դրանք հե՛նց քեզ համար են գրված։ Սակայն ես բերեցի վերը բերված օրինակները, որպեսզի քաջալերեմ քեզ։ 

Եթե դու սիրում ես Աստծուն և քո ողջ էությամբ նվիրվել ես Նրա կամքը ճանաչելուն ու այդ կամքին հնազանդվելուն․․․, եթե դու որոշել ես ապրել այնպիսի կյանքով, որ ամեն օր ավելի ու ավելի մտերմանաս Տեր Աստծու հետ, քանի որ քո որոշումներն ու վարքագիծը ուրախացնում է Նրա սիրտը, ապա ամենայն վստահությամբ ասում եմ քեզ, որ Աստված օրհնելու է քեզ քո աչքին անհավանական թվացող օրհնություններով։ Քո ծանրագույն իրավիճակից Աստված ե՛լք է նախատեսել։ Նա այնպիսի խոստումներ է իրականություն դարձնելու քո կյանքում, որոնց մասին, եթե այսօր լսեիր, ապա քո արձագանքը Աբրահամի ու Սառայի պես հուսահատության կամ անգամ թերահավատության ծիծաղն էր լինելու։ 

Տեր Աստծուն ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել Իր խոստումը քո կյանքում իրականացնելու ճանապարհին։ Անգամ քո կասկածն ու հուսահատությունն են անզոր դա անելու, եթե դու հավատարիմ ես Տեր Աստծու հետ քո հարաբերությունը հնազանդության ու խոնարհության ընթացքի մեջ պահելու հարցում։ Գիտեմ, որ այս ամենը քեզ կարող է զարմանալի թվալ, սակայն հե՛նց դա է մեզ սովորեցնում Աստվածաշունչը։ 

«Բայց Նրան, Ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, փառք Նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Եփեսացիս 3․20-21):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: