
Այսօր ավարտում ենք «Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ» անվանումը կրող ուղերձների շարքը։ Մեծ ակնկալիք ունեմ, որ ինձ համար շատ կարևոր ու օրհնաբեր թեմաների շուրջ այս զրույցներն օգտակար էին քեզ համար և որ այսօրվա ուղերձը նույնպես օգտակար կլինի քո հոգևոր աճի և ամրության համար։
Սիրելի՛ բարեկամ, նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք հոգևոր աճի և ամրության մասին, որն Աստծու ակնկալիքն է Իր շնորհն ու ողորմությունն ընդունած յուրաքանչյուր հավատացյալից։ Սակայն ո՞րն է հոգևոր աճի և ամրության նպատակը։ Հոգևոր աճն ու ամրությունը ինքնանպատակ չեն։ Դրանք միջոց են Տեր Աստծու նպատակներին հասնելու համար։
«Եթե մեկը ծառայում է Ինձ, թող գա Իմ հետևից, և որտեղ Ես եմ, Իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն Ինձ ծառայի, նրան կպատվի Հայրը» (Հովհաննես 12.26):
Տեր Աստծու նպատակն Իր յուրաքանչյուր զավակի համար այն է, որ Իր զավակը ծառայի Իրեն։ Հոգևոր աճն ու ամրությունն անհրաժեշտ են հավատքի կյանքում հաղթական ընթացք ունենալու համար և Նրա գործի հավատարիմ շարունակողն ու ծառան լինելու համար։ Ինչպիսի՜ զորավոր խոստումներ կան Տեր Հիսուսի այս խոսքերի մեջ։
Եթե մենք ծառայենք Տեր Հիսուսին, Հայրը կպատվի մեզ։ Արդյոք մինչև վերջ հասկանո՞ւմ ենք Տեր Հիսուսի այս խոսքերի իմաստը։ Ինչպիսի՜ մեծ պատիվ է Տեր Հիսուսին ծառայելը։ Որտեղ Տերն է, այնտեղ կլինի Տեր Հիսուսին ծառայողը։ Մենք պետք է գնանք Տեր Հիսուսի ոտնահետքերով և այս երկրի վրա լինե՛նք Նրան ներկայացնող, Նրա խոնարհությունն ու նախանձավորությունն ունեցող քրիստոնյաներ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս շարքի վերջին ուղերձի մեջ ուզում եմ քեզ մի կարևորագույն հարց տալ․ իսկ ի՞նչն է քեզ խանգարում ծառայության անցնելու հարցում։ Ի՞նչն է քեզ խանգարում, որ ծառայես Աստծուն։ Տեր Աստված զորավոր խոստումներ ունի Իրեն ծառայող մարդկանց համար։
«Եվ նրանք Իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ Ես կպատրաստեմ Իմ իսկ սեփականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Դուք ետ կդառնաք և կզատորոշեք արդարին և ամբարիշտին, Աստծուն ծառայողին և չծառայողին» (Մաղաքիա 3․17-18):
Դու հրաշալի պարգևներ ունես Տեր Աստծուց։ Դու կարո՛ղ ես ծառայել Աստծուն քո պարգևներով։ Կարևոր է, որ քո հոգևոր առաջնորդի օրհնությունը լինի քեզ հետ։ Կարևոր է, որ քեզ հանձնարարվի ծառայելը։ Կարևոր է, որ դու հաշվետու լինես եկեղեցուն քո ծառայությունների հարցում։ Այս ամենը Աստվածաշնչի փոխանցած սկզբունքներն են և Տեր Աստծու դրած կարգը։ Այսօր աղոթում եմ, որ մտորես ու խորհես այն մասին, թե ի՛նչն է քեզ խանգարում, որ հանուն Տեր Հիսուսի արդյունավետ ու պտղաբեր ծառայություն ունենաս։ Եվ աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ցույց տա քեզ և օգնի այդ խնդիրները վերացնելու և ծառայության խոչընդոտները հաղթահարելու հարցում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը