January-2

Գլխավոր | Հրաշքներ | Թող այսօր քո կյանքի մեջ իրական փոխակերպում տեղի ունենա

Թող այսօր քո կյանքի մեջ իրական փոխակերպում տեղի ունենա

Սիրելի՛ բարեկամ, ինչո՞վ ես սնում քո միտքը, երբ արթնանում ես առավոտյան։ Բազմաթիվ մարդկանց համար արթնանալուց հետո առաջին գործողությունը, անգամ նախքան անկողնուց վեր կենալը, հեռախոսով սոցիալական ցանցեր մտնելն է կամ նորություններ ընթերցելը։ 

Իսկ ի՞նչ կլինի, եթե օրդ սկսես, օրինակ, մեկ սաղմոս ընթերցելով և Տեր Աստծու բժշկարար Խոսքի շուրջ մտորելով։ Աստված Իր Խոսքի մեջ մեզ բազմաթիվ խոստումներ է փոխանցում, որոնք մեր կյանքում իրականություն են դառնում միայն դրանց հանդեպ հավատքի առկայության և հնազանդության պայմանի բավարարման պարագայում։ 

Սաղմոս 1․1–2 խոսքում կարդում ենք. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է Նրա օրենքի մասին»:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո հավատքը աճում և հասունանում է, երբ պարբերաբար ընդունում ես Աստծու Խոսքի չափաբաժինները։ Հատկապես առավոտյան, երբ միտքդ մաքուր է ու սթափ, փորձի՛ր ընթերցել ու մտորել Տիրոջ կենարար և բժշկարար Խոսքի շուրջ։ 

Աստվածաշնչի պարբերաբար ընթերցանությունը փոխակերպելու է քո կյանքը։ Այսօր որոշում կայացրո՛ւ, որ ցանկացած այլ տեղեկատվությունից առաջ դու քո միտքը կենտրոնացնելու ես Աստծու Խոսքից ընթերցածդ հատվածի շուրջ մտորելու վրա։ Այդ անելով՝ դու աստիճանաբար ընդունելու ես նաև Տեր Հիսուսի սերը, իմաստությունը, ուրախությունը և այլ հրաշալի որակները:

Ուզում եմ իմանաս նաև, որ այսօր Աստվածաշնչի ընթերցանության մեր այս տարվա նախաձեռնության առաջին հանձնարարության օրն է։ Հետևի՛ր մեր YouTube-յան ալիքին, ընթերցի՛ր Ծննդոց գրքի առաջին գլուխը և լսի՛ր Արարչագործության վերաբերյալ բացատրական դասը։ Այս բոլոր հանձնարարությունները կարող ես գտնել նաև հետևյալ հղման մեջ՝ 

https://echmiadzin.am/das-2-arartchagorcutyun-cnndoc-naxaban-ev-1-in-glux-2/

Ես կոչ եմ անում քեզ Աստծո Խոսքի շուրջ խորհելը դարձնել քո առավոտյան սովորություններից մեկը և քո կյանքի մեջ ընդունել Սաղմոս 1․3 խոսքի հետևյալ խոստումները․ «Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան»:

Կուզե՞ս, որ այս խոստումներն իրականություն դառնան քո կյանքի մեջ։ Կանոնավոր կերպով ընթերցի՛ր Աստծո Խոսքը, հնազանդվի՛ր Աստծու կամքին և վայելի՛ր Նրա բարեհաճությանն արժանանալու երանությունը։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության սովորությունը զարգացնելու քո որոշումը կարող է իրական փոխակերպում բերել քո կյանքի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: