July-27

Գլխավոր | Հրաշքներ | Թո՛ղ Աստված քեզ Իր խաղաղության գործիքը դարձնի

Թո՛ղ Աստված քեզ Իր խաղաղության գործիքը դարձնի

Սիրելի՛ բարեկամ, մենք, մեր երկիրը և ողջ աշխարհն այսօր անցնում են անհանգիստ ու փոթորկալի ժամանակաշրջանով։ Եվ այսօր ուզում եմ հորդորել քեզ, որ դեպի Աստված բարձրացրնես քո աղոթքներն ու զորացնես քո հավատը Նրա Խոսքի ճշմարտությունների նկատմամբ։ 

Ահա մի գեղեցիկ աղոթք, որը Ֆրանցիսկոս Ասիզեցու աղոթքն է առ Աստված։ Ամեն ջանք արել եմ, որ իմ կողմից այս հրաշալի աղոթքի թարգմանությունը չկորցնի Ասիզեցու խոսքերի ու սրտի անկեղծության ողջ հմայքն ու հոգևոր դաս փոխանցելու իմաստությունը․

«Օ՜, Տեր իմ,

Ինձ խաղաղության գործիքդ դարձրու:

Ատելության տեղ՝ թող որ սեր ցանեմ,

Վիրավորանքի փոխարեն՝ ներում,

Կասկածի վայրում՝ թող ցանեմ հավատք,

Վհատված հոգում՝ հույսի խնդություն,

Խավար կյանքերում Քո լույսը ցանեմ,

Վշտացած սրտում՝ սուրբ ուրախություն:

Օ՜, հզոր Աստված, շնորհիր ծառայիդ

Որ ես չձգտեմ երբե՛ք ու երբե՛ք

Լինել սփոփված, այլ սփոփեմ մարդկանց,

Հասկանալու տեղ՝ լինել հասկացված

Եվ ոչ թե սպասեմ, որ լինեմ սիրված,

Այլ սիրեմ նրանց…

Քանզի տալու մեջ մենք ստանում ենք միշտ,

Ներելու դեպքում՝ ներում ենք գտնում,

Եվ մեռնելու մեջ ծնվում ենք կրկին

Հավիտենական նոր կյանքի համար:

Ամեն»։

Այո՛, այսօր մենք ոչ միայն պետք է կարողանանք ընդունել մեր Տեր Աստծո խաղաղությունը, այլև Նրա խաղաղության գործիքը պետք է դառնանք մեզ շրջապատող աշխարհում։ Մենք այնքա՜ն հասանելի պետք է լինենք Տեր Աստծո համար և այնքա՜ն հնազանդ Նրա ձեռքերում, որ մեր Տերը վերցնի մեզ ու կարողանա մեզ օգտագործել մեր շրջապատի մարդկանց կյանքում Իր խաղաղությունը բերելու հարցում։

Այս և նմանատիպ աղոթքները մեզ սովորեցնում են աղոթել։ Անշուշտ, մենք մեր սիրտը պետք է բացենք Տեր Աստծո առջև, սակայն մյուսների աղոթքները կարող են օրինակ ծառայել մեզ համար և նվիրում փոխանցել մեր աղոթքներին։ Այս հրաշալի աղոթքը մեզ հիշեցնում է նաև Տեր Հիսուսի խոսքերը. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (‭‭Մատթեոս‬ ‭5.9‬):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, թո՛ղ քո հավատն ու հնազանդությունը Աստծո Խոսքի հանդեպ, քո խոնարհությունն ու հեզությունը մարդկանց հետ հարաբերություններում հիմք դառնան քո հանդեպ Տեր Աստծո առանձնահատուկ բարեհաճության համար, և Նա քեզ Իր խաղաղության գործիքը դարձնի քո շրջապատի մարդկանց կյանքում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: