«Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. Դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է» (Սաղմոս 23.5)։
Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Տերը մի օր սատանային հարց տվեց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր» (Հոբ 1․8)։
Աստված մի յուրահատուկ զգացում ուներ Իր զավակ Հոբի հանդեպ։ Հոբի ապրած կյանքը ուրախացնում էր Տեր Աստծու սիրտը։ Հոբն արդար և ազնիվ մարդ էր, աստվածավախ և չարից հեռացող: Իսկ մարդկանց ատող ու նախանձող սատանան բառացիորեն պատեց նրան ծանր փորձություններով՝ խլելով նրանից ամեն բան, այդ թվում՝ նաև առողջությունը։
Սակայն Հոբն արժանապատվորեն անցավ Աստծու կողմից թույլատրված այդ ծանր փորձությունը։ Հոբի կյանքը վերականգնելուց հետո Աստված բազմապատկեց նրա ունեցվածքը, հարստությունը և առողջությունը (Հոբ 42.10):
Միայն կարող ենք երևակայել, թե որքա՜ն պարտված էր իրեն զգում սատանան այս ամենից հետո։ Շատ հավանական է, որ Աստված նրան ասեր. «Սատանա՛, Իմ զավակներին մեղադրո՛ղ, դու հերթական անգամ պարտվեցիր: Իմ զավակ Հոբը հավատարիմ մնաց մինչև վերջ և հաղթեց: Եվ Ես սեղան պատրաստեցի նրա առաջ՝ իր թշնամիների առջև» (տե՛ս Սաղմոս 3.7 խոսքը)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես չգիտեմ, թե ինչ փորձություններով ու դժվարություններով ես դու անցնում, սակայն ամբողջ սրտով հավատում եմ, որ Աստված ցանկանում է վերականգնել և օրհնել քեզ։ Եթե միայն սովորես համբերել և հավատարիմ մնալ մինչև վերջ, Աստված սեղան է պատրաստելու քո առջև՝ քո թշնամիների ներկայությամբ: Եվ երբ Աստվա՛ծ է սեղանը պատրաստողը, դու ոչ միայն պաշտպանված ես բոլոր վտանգներից, այլև Տերն Ինքն է քեզ պատվում քո հավատարմության համար։
Ամենածանր պահերին Աստծու հանդեպ Հոբի պես հավատարմություն ունենալը քեզ դարձնում է Աստծու սիրտը ուրախացնող մեկը, և դու առանձնահատուկ վերաբերմունքի ես արժանանում Տեր Աստծու կողմից։
Տեր Հիսուսը ծանրագույն իրավիճակներում հավատարմության ու համբերության կատարյալ օրինակն է։ Նա անցել է շատ ավելի ծանր իրավիճակներով և կարող է մխիթարել քեզ, բժշկել, ներել և նորից Իր ցնծալի կյանքով լցնել քո էությունը:
Խորհի՛ր Հոբի մասին, որը կորցրել էր ամեն բան, սակայն Աստված մեծապես բարձրացրեց նրան: Խորհի՛ր Տեր Հիսուսի մասին, Ով Աստծու կամքին հնազանդվելը բարձր դասեց Իր սեփական կյանքից։ Եվ համարձակորեն մոտեցի՛ր այն սեղանին, որը Տերն է պատրաստել Իր հավատարիմ զավակների համար․․․
Այո՛, նստիր այդ սեղանի շուրջ, որն Աստված պատրաստել է քեզ համար: Քո թշնամիների ու դժվարությունների առջև Աստված երբե՛ք չի դադարում սնուցել, օրհնել և լցնել քեզ Իր արդարությամբ, ուրախությամբ ու խաղաղությամբ: Մտի՛ր Նրա ներկայության մեջ և վայելի՛ր հավատարիմների համար Նրա պատրաստած ուտեստները․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը